Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Աբրահամեան. «Արեւմուտքը չի կարողանայ ապահովել Հայաստանի անվտանգութիւնը»

«ԱԼԻՔ» – Արեւմուտքը չի կարողանայ ապահովել Հայաստանի անվտանգութիւնը կամ որեւէ երաշխիք տալ:  Այս մասին ըստ News.am-ի՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միութեան ղեկավար Արա Աբրահամեանը։

«Ես չեմ կարծում, որ ամերիկացիները կամ եւրոպացիները կարող են ապահովել Հայաստանի անվտանգութիւնը․․․ Եթէ այդպիսի բան կայ, թող ասեն։ Թող փաստաթուղթ ստորագրեն։ Ոչ թէ ասեն «յանձնել Հայաստանը», այլ ստորագրեն, որ ամբողջ Եւրամիութիւնը երաշխիքներ է տալիս, ահա ապրանքների մատակարարման ժամանակացոյցը, (ռազմական) բազաները եւ այլն։ Թող ասեն։ Այլ ոչ թէ «բլա-բլա», – ասել է Աբրահամեանը։

Նրա խօսքով՝ մինչ այժմ Արեւմուտքը սահմանափակւել է միայն Երեւանի ռուսական ռազմաբազան փակելու կոչերով։

«Երաշխիքներ լինում են այն ժամանակ, երբ ամէն ինչ լինում է յստակ ձեւակերպւած, յստակ ստորագրւած, յստակ ասւած ու յստակ գծագրւած ճանապարհային քարտէզով։ Իսկ պարզապէս խօսքերով… Ի՞նչ արդիւնք։ Ուղարկեցին մի քանի տասնեակ դիտորդ ԵՄ-ից, յետոյ ի՞նչ։ Մինչդեռ ռուսական բազան ուղարկեց երեք հազար մարդ։ Իսկ նրանք ասում են՝ «նախ բազան հանէք, յետոյ կը մտածենք՝ ինչ երաշխիք տալ»։ Արեւմուտք միթէ՞ դուք չգիտէք դա»։

Ըստ Աբրահամեանի՝ իրականում արեւմտեան էլիտաներին հետաքրքրում է միայն հակառուսական քաղաքականութիւնը եւ տարբեր երկրների ղեկավարների յայտարարութիւնները, սակայն Արեւմուտքը ոչինչ չի կարող տալ փոխարէնը։

Նրա կարծիքով՝ ո՛չ Ուկրաինային, ո՛չ Մոլդովային, ո՛չ Վրաստանին չեն ընդունում Եւրամիութիւն, չնայած այն հանգամանքին, որ նրանց ղեկավարները տարբեր ժամանակներում հակառուսական քաղաքականութիւն են վարել։ Նա յաւելել է, որ Թուրքիային նոյնպէս չեն ընդունում այնտեղ՝ չնայած երկար տարիների սպասմանը։

«Դուք կարծում էք, թէ ինչու են նրան (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին) այնտեղ (Արեւմուտքում) ընդունում, ինչի՞ համար։ Մի՞թէ նա ինչ-որ բան է իրենից ներկայացնում։ Նրան պարզապէս պէտք է ինչ-որ բան անել Ռուսաստանի դէմ։ Ցանկացածին կընդունեն, այդ թւում՝ ինձ, բայց կասեն՝ «արի՛, հանդէս արի՛ (Ռուսաստանի դէմ)»։ Ես յոյս ունեմ, որ սա կը փոխւի, բայց այսօր Եւրամիութեան համար Ռուսաստանի դէմ հանդէս գալը սուրբ գործ է»,- կարծում է Աբրահամեանը։

Related Articles

Back to top button