Պաղեստինի վերաբերեալ վերջնական փաստաթուղթն ընդունւել է 17 երկրների կողմից

«ԱԼԻՔ» – Առնւազն 17 երկիր, Եւրամիութիւնը եւ Արաբական պետութիւնների լիգան ընդունել են Սաուդեան Արաբիայի եւ Ֆրանսիայի կողմից նախաձեռնւած Պաղեստինի հարցի կարգաւորման վերաբերեալ ՄԱԿ-ի համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Սաուդեան Արաբիայի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար, արքայազն Ֆէյսալ բին Ֆարխան ալ Սաուդը։
«Սաուդեան Արաբիայի Թագաւորութեան, Ֆրանսիայի Հանրապետութեան եւ Պաղեստինի հարցի կարգաւորման եւ երկու պետութիւնների լուծման իրականացման վերաբերեալ միջազգային համաժողովի աշխատանքային խմբերին մասնակցող հիմնական պետութիւնների՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետութեան, Կանադայի, Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան, Ինդոնեզիայի Հանրապետութեան, Իռլանդիայի, Իտալիայի Հանրապետութեան, Ճապոնիայի, Յորդանանի Հաշիմեան Թագաւորութեան, Մեքսիկայի Միացեալ Նահանգների, Նորւեգիայի Թագաւորութեան, Կատարի Պետութեան, Սենեգալի Հանրապետութեան, Իսպանիայի Թագաւորութեան, Թուրքիայի Հանրապետութեան, Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան, ինչպէս նաեւ Եւրամիութեան եւ Արաբական պետութիւնների լիգայի անունից ուրախ եմ յայտարարել համաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունման մասին»,- ասել է նախարարը։
Արքայազնի խօսքով, փաստաթուղթը պարունակում է Պաղեստինի հարցի լուծման համապարփակ առաջարկներ՝ մի շարք քաղաքական, տնտեսական, մարդասիրական եւ իրաւական միջոցառումների իրականացման միջոցով։ Սաուդեան Արաբիայի արտաքին գործերի նախարարութեան ղեկավարը կոչ է արել միւս երկրներին աջակցել այս փաստաթղթին մինչեւ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աւարտը։