Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրւել Միխայիլ Կաւելաշւիլին
«ԱԼԻՔ» – Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրւել Միխայիլ Կաւելաշւիլին: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Նրա օգտին քւէարկել է 224 ընտրող։ Յաղթելու համար Կաւելաշւիլուն անհրաժեշտ էր 200 ձայն՝ կոլեգիայի ընդհանուր թւի երկու երրորդը։
Նա ներկայացնում է կառավարող «Վրացական երազանք»-ը, եւ միակ թեկնածուն էր։
Լինելով խորհրդարանի երեք գումարումների պատգամաւոր՝ նախկին ճանաչւած ֆուտբոլիստը հանրութեան կողմից յիշւում է նախ հակաարեւմտական յայտարարութիւններով, կռիւներով նիստերի ժամանակ եւ անցենզուր բառապաշարի օգտագործմամբ։
Կաւելաշւիլին ներկայ չի եղել քւէարկութեանը։ Նիստերի դահլիճում նա յայտնւել է արդիւնքների հրապարակումից առաջ։
Վրաստանի նախագահին առաջին անգամ ընտրել են ոչ ուղիղ համաժողովրդական քւէարկութեամբ, այլ ընտրողների կոլեգիայով։ Կոլեգիան բաղկացած է Վրաստանի խորհրդարանի 150 պատգամաւորներից, Աջարիայի Գերագոյն խորհրդի 21 եւ Աբխազիաի Գերագոյն խորհրդի 20 ներկայացուցիչներից, սաքրեբուլոյի (քաղխորհուրդների) 109 պատգամաւորներից։ Սաքրեբուլոն «Վրացական երազանք»-ի քւէն լիովին լրացրել է իր ներկայացուցիչներով։
Նշենք, որ ընտրութիւնները տեղի են ունեցել Թբիլիսիի Ռուսթաւելու պողոտայում ընթացող բողոքի ցոյցերի եւ անվտանգութեան ուժեղացւած միջոցների ֆոնին։ Ընդդիմութիւնը, որը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցել ընտրութիւններին եւ իր թեկնածուներին չի առաջադրել։
Գործող նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին կայացած նախագահական ընտրութիւններն անւանել է «պարոդիա» եւ «սադրանք»։ Ինչպէս եւ ընդդիմութիւնը, նա խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Սալոմէ Զուրաբիշւիլին նշել է, որ չի պատրաստւում վայր դնել լիազօրութիւնները, մինչեւ որ երկրում տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրութիւններ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձէն յայտնել է, որ Զուրաբիշւիլին, այնուամենայնիւ, ստիպւած կը լինի «գնալ թոշակի» Կաւելաշւիլու երդմնակալութիւնից յետոյ։