Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանը չի կատարել Արցախի անվտանգութեան երաշխաւորի իր պարտականութիւնները

«Առաւօտ»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Վահրամ Բալայեանը։

Պարոն Բալայեան, յայտնի դարձաւ, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազօրութիւնները երկարաձգելու մասին։ Այսինքն՝ քանի որ հնարաւոր չէ ընտրութիւններ անցկացնել, այդ պատճառո՞վ է երկարաձգւում գործող խորհրդարանի լիազօրութիւնը։

– Երբ պատերազմական կամ արտակարգ իրավիճակ է լինում, եւ հնարաւոր չի լինում ընտրութիւններ կազմակերպել, նախագահը Սահմանադրութեամբ վերապահւած այդ իրաւասութիւնն ունի՝ երկրաձգել գործող ԱԺ լիազօրութիւնները։ Օրէնքում գրւած է՝ շարունակել այնքան, մինչեւ կը լինեն նոր ընտրութիւններ։ Այդ իրաւունքից օգտւելով՝ նա նմանատիպ հրամանագիր է ստորագրել։

Ստեղծւած իրավիճակում Արցախի ԱԺ հետագայ գործունէութիւնն ինչպէ՞ս էք պատկերացնում։ Իհարկէ, ցանկալի կը լինէր, որ ընտրութիւններ լինէին, դա կազմակերպւէր այնպէս, ինչպէս Սահմանադրութիւնը պահանջում է, բայց այսօր այնպիսի իրավիճակ է, որ դժւար է այդ ամէնն իրականացնել։ Հետեւաբար, խնդիր է, որ ամէն գնով պէտք է պահպանել Արցախի Հանրապետութեան իշխանութեան մարմինները, մանաւանդ՝ ժողովրդի կողմից ընտրւած։ Իհարկէ, այս պահին Արցախը ֆիզիկապէս մեր ձեռքում չէ կամ բռնազաւթւած է հակառակորդի կողմից, բայց կարծում եմ, որ գաղափարը միշտ վառ պէտք է պահել՝ հնարաւորութեան սահմաններում մեր հայրենիքի այդ հատւածին նորից տիրութիւն անելու համար։ Աշխարհն այսպէս անշարժ մի բան չէ, անընդհատ փոփոխութիւններ են լինում, եւ հնարաւոր է ստեղծւեն այնպիսի իրավիճակներ, նոյնիսկ մեզ համար էլ անպատկերացնելի, որ մենք այդ հնարաւորութիւնն օգտագործենք։ Կարծում եմ՝ հէնց այդ տեսանկիւնից իշխանութեան մարմինները պէտք է շարունակեն գործել, որպէսզի նաեւ կարողանան ժողովրդի համահաւաք կամքն իրողութիւն դարձնել։

Այսօր սերտ կապ կա՞յ Արցախի ԱԺ ու բռնի տեղահանւած արցախցիների միջեւ, արցախցիներն արդիւնաւէտ համարո՞ւմ են ձեր գործունէութիւնը։

– Իհարկէ, տարբեր հարցերով մեզ շատ դիմողներ կան։ Այն իրաւասութիւնները, որոնք նախկինում ունէին կառավարութիւնն ու Ազգային ժողովը, ցաւօք սրտի, այսօր այդ հնարաւորութիւնները չկան՝ մարդկանց հարցերը լուծելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետութեան տարածքում ՀՀ իշխանութիւններն են գործում, եւ հարցերի մի մասը լուծւում են ՀՀ իշխանութիւնների իրաւասութիւնների շրջանակներում։ Օրինակ՝ բնակապահովման եւ սոցիալական ծրագրերն իրականացւում են ՀՀ կառավարութեան կողմից։ Մեր հնարաւորութիւնները բաւականին սահմանափակ են, բայց այստեղ ամենաէական հարցն Արցախի պետական մարմինները պահպանելն ու հետագայում այդ հնարաւորութիւններն օգտագործելն է։ Ես նկատի ունեմ Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի հարցն իրականութիւն դարձնելը։ Պատահական չէ, որ այդ նոյն իշխանութեան մարմիններից մէկը՝ Ազգային ժողովը համապատասխան յանձնաժողով է ձեւաւորել, որը զբաղւում է այդ հարցերով։ Տարբեր երկրներում ու ատեաններում քննարկումներ են իրականացւում այդ հնարաւորութիւնները որոնելու, գտնելու առումով։

Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչների յայտարարութիւններն արցախցիների մասին։

– Արցախի ԱԺ պատգամաւորներն այդ մասին յայտարարութեամբ արդէն հանդէս են եկել։ Ես կարծում եմ, որ նման յայտարարութիւնները մեր ժողովրդի երկու հատւածի միջեւ հակասութիւններ ձեւաւորելու, մեր նահատակների յիշատակը չյարգելու, մեր ժողովրդին վարկաբեկելու միտում ունեն։ Սա անընդունելի է, որովհետեւ իրականութիւնն այդպէս չէ։ Արցախի ժողովուրդը մինչեւ վերջ կռւել է, եւ պատահական չէ, որ մէկ օրւայ ընթացքում՝ միայն 2023 թւականի սեպտեմբերի 19-ին հայկական կողմից 238 մարդ զոհւել է, իսկ հակառակորդը հարիւրաւոր կորուստներ է ունեցել։ Ո՞նց է հակառակորդը կորուստներ ունեցել, եթէ Արցախի ժողովուրդը չի կռւել ու չի պայքարել։ Ընդհանուր առմամբ անհնար էր, պայքարելու ու կռւելու հնարաւորութիւն չկար այլեւս։ Շրջափակման մէջ էր Արցախը, պարէնի, զինամթերքի պակաս կար, դրան գումարած ուժերի մեծ տարբերութիւնը։ Ըստ էութեան արցախահայութիւնը՝ այդ մի բուռ ժողովուրդը, միայնակ էր մնացել, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր, իր պարտականութիւնները չէր կատարում։ Եթէ գոնէ ՀՀ հետ որեւէ սահման լինէր, հնարաւոր էր ինչ-որ բան անել, բայց շրջափակման պայմաններում դա անհնարին էր։ Եւ հէնց այդ լիակատար շրջափակումը պատահական չկատարւեց, ժողովրդին ուժասպառ արեցին, որ վերջնական հաշւեյարդար տեսնէին արցախցիների ու Արցախի Հանրապետութեան հետ։ Այնպէս որ, Հայաստանի իշխանութիւնների այս մեղադրանքները յանիրաւի մեղադրանքներ են, որոնք ոչ մի կապ չունեն իրականութեան հետ։

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Related Articles

Back to top button