Մեզ համար Հայոց Ցեղասպանութիւնը բանակցութիւնների առարկայ չէ

Նիկոլ Փաշինեանի որեւէ թէզ այլեւս ընդունելի չէ, մենք գիտենք, որ գործ ունենք մեծ մանիպուլեատորի հետ, գործ ունենք գործակալի հետ, գործ ունենք ուրիշի կամակատարի ու պատւէրները կատարող մարդու հետ, ով ՀՀ վարչապետի տիտղոսն է կրում։ Այս կոնտեքստում նրա՝ Ցեղասպանութեան շուրջ արած որեւէ յայտարարութիւն գոնէ ինձ այլեւս չի զարմացնում։
Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց, մանկավարժ, սփիւռքահայ հասարակական գործիչ Մհեր Գարագաշեանը։
Նա ընդգծեց, որ Փաշինեանի բոլոր յայտարարութիւնները՝ Արցախից սկսած մինչեւ ՀՀ սահմանների, Խաղաղութեան խաչմերուկի մասին, մոգոնւած պատմութիւններ են, ֆէյք են ու ունեն պատւիրատուներ։
«Թէ ով է պատւիրատուն՝ կարծում եմ, յստակ է։ Ամէն շաբաթ, առանց բացառութեան, նա ու իր վոհմակը յայտարարութիւններ են անում, որոնք մի նպատակ ունեն, շեղելու մեր ժողովրդին՝ այդ թւում Սփիւռքին, իրական տեսլականներից»,- արձանագրել է Մհեր Գարագաշեանը՝ նկատելով, որ ինքը Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգ է, մուսալեռցի։
«Իմ նախահայրերը եթէ դիմադրած չլինէին թուրքին՝ ես այսօր ողջ չէի լինի։ Գալ ու հիմա ինձ ասել, թէ եկէք քննենք, թէ ինչպէս եղաւ, որ 1930-ականներին այսպէս չէր, իսկ 1950-ին այնպէս էր՝ փորձելով մատնացոյց անել ՌԴ-ին, ԽՍՀՄ-ին կամ որեւէ մէկին, ինձ համար պարզապէս անընդունելի է։ Ես առաջին աղբիւրից՝ մեծ մայրիկից ու մեծ պապիկից եմ լսել իրական պատմութիւնները, ոչ ոք ինձ չի կարող այլ բան պատմել։ Իմ Մեծ մայրը ամէն գիշեր մի հեքիաթ էր պատմում ինձ, որը վերջ չունէր, բայց հեքիաթից յետոյ անպայման ինձ պատմում էր լեռան մասին, Մուսա լեռան մասին, թէ ինչպէս ելան լեռը ու դիմադրեցին։ Նա էլ լսել էր իր մօրից, հիմա գալ ու հարցականի տա՞կ դնել ցեղասպանութիւնը…. եթէ ասեմ, որ սա նման է տրագիկոմեդիայի, կը նշանակի ոչինչ չասել, եթէ ասեմ՝ զաւեշտ է՝ կը նշանակի ոչինչ չասել։ Ես կասկած չունեմ որ գալիք շաբաթ նոր բան է մոգոնելու, յօրինելու, որ մեզ շեղի բուն նիւթից, որ ինքը ծախել է Արցախը, յանձնել է Արցախը, որ ինքը Հայաստանի Հանրապետութեան սահմանները պաշտպանել չգիտի, որ ինքը ՀՀ չգիտեմ էլ արդէն քանի կիլոմետրանոց տարածքը պաշտպանել չգիտի, որովհետեւ թշնամին արդէն մխրճւել է ՀՀ տարածք, իսկ ինքը զբաղւած է հեծանիւ քշելով ու Եւրոպայի ու այլ երկրների մայրաքաղաքները շրջելով, փոդքաստեր անելով»,- ասաց մեր զրուցակից սփիւռքահայ գործիչը։
Մհեր Գարագաշեանը մանկավարժ է ու յաճախ շփւում հայ համայնքի հետ, եւ, նրա փոխանցմամբ, այդ շփումները վկայում են, որ Փաշինեանը Սփիւռքում այլեւս չունի աջակցութիւն։ «Սփիւռքում արդէն ջախջախիչ մեծամասնութիւնը չի աջակցում իրեն, հատուկենտ մարդիկ կարող էք գտնել, որ դեռ աջակցում են։ Մարդիկ բոլորը զզւած են ու դառնացած, բայց անզօրութեան զգացումը պիտի անցնի, որովհետեւ Նիկոլ Փաշինեանը չէ, որ պէտք է մեր դագաղի վերջին մեխը խփի»,- նշեց նա։
Գործչի դիտարկմամբ՝ Կանադան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, սակայն սա չի խանգարում, որ հայկական համայնքը յստակ իր դիրքորոշումը յայտնի առ այն, որ չեն կիսում ՀՀ իշխանութիւնները տեսակէտը Հայոց Ցեղասպանութեան հարցում։
«Մեզ համար ցեղասպանութիւնը բանակցութիւնների առարկայ չէ, մենք ցեղասպանութիւնը վերապրողների զաւակներ ենք ու, որքան էլ քաղաքական պայմանաւորւածութիւններ լինեն, մենք յստակ տրամադրւածութիւն ունենք այս հարցում, եւ եթէ անգամ վաղը, միւս օրը մեր դեսպանութիւնը այլոց կառավարութեան մէջ նման հարց կամ սխալ յայտարարութիւն անի՝ մենք շատ կտրուկ կարձագանգենք»։
Դիտարկմանը, թէ Թուրքիան պարբերաբար յայտարարել է, որ Սփիւռքը իր համար մեծագոյն խնդիր է, արդեօք իր գաղափարական նոր թէզերով Փաշինեանը չի փորձում նաեւ Սփիւռքից մեկուսացնել Հայաստանը՝ նա պատասխանեց․ «Վստահաբար, ոչ թէ 100, այլ 1000 տոկոսով եմ վստահ դրանում։ Թուրքիայի ճարպիկ խաղն այն է՝ «Բաժանիր, որ տիրես»։ Ինքը արդէն քանի տարի է խաղում է այդ խաղը, որ Սփիւռքն է մոլեռանդը, իսկ Հայաստանի դէպքում այն թէզն են առաջ քաշում, որ վերջը հարեւան ենք, պէտք է նորմալ ապրենք։ Հասկացանք, որ հարեւան է, բայց թշնամական կեցւածք է ցուցաբերում քո հանդէպ։ Թուրանական ծրագրի իրագործման մի բաժինը մեր աչքի առաջով անցաւ 2023-ի սեպտեմբերին, երբ Արցախը հայրենաթափւեց ու ցեղասպանւեց։ Այս բոլորով հանդեձ՝ Թուրքիան դեռ կրկնում է այն թէզը, թէ տակաւին Սփիւռքն է խանգարում։ Այսօր Հայաստանի հայութեան կէսի իր արմարտները Արեւմտեան Հայաստանում են, Վանում, Մուշում, Սասունում։ 400.000 վերապրողներ են հաստատւել Երեւանի նահանգի մէջ, հիմա Թուրքիան ինչ տեսակ թոզ ուզում է թող փչի մեր երեսին, մենք հարց ունենք, ինչո՞ւ Հայաստանում Նոր Զէյթուն կայ, նոր Արաբկիր կայ։ Դրա մասին այսօրւայ իշխանութիւնները պէտք է բարձրաձայնեն ու դրա վախը չունենան, բայց դժբախտաբար այսօր չենք տեսնում նման համարձակութիւն, ոչ էլ Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ ենք տեսնում։ Դրա փոխարէն տեսանք Արցախի հայաթափումը եւ ցեղասպանութիւնը։ Թուրքը մեզ համար յստակ է թէ ով է, ու չի փոխւի»,- նշեց կանադահայ գործիչը:
Անդրադառնալով Փաշինեանի Գերմանիա կատարած այցին՝ նա ընդգծեց, որ այդ այցը յստակ ցոյց տւեց, թէ ինչ ընկալում ունի Փաշինեանը Սփիւռքում։ «Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը հերքեց, որ ինքը այնտեղ ինչ-որ մադկանց է հանդիպել, սա է։ Եթէ գայ այստեղ կարող է 15 հոգի գտնել, ով իր հետ կը հանդիպի, որոնց կէսը դեսպանատան պաշտօնեաներ կը լինեն, փոխարէնը իր դէմ 1000-աւոր մարդիկ կը կանգնեն, որոնք պատրաստ կը լինեն թքել իր երեսին»,-եզրափակեց Գարագաշեանը։
arfd.am