Հայաստան - Արցախ

Քրիստինէ Վարդանեան. «Այս իշխանութիւնների բերած միակ «խաղաղութիւնը» գերեզմանային խաղաղութիւն կարող է լինել»

Ընդամէնը 2 օր առաջ ադրբեջանական կրակոցից հայ զինւոր է զոհւել Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին: Զոհւած Գերասիմ Առաքելեանն ամուսնացած էր: 3-ամեայ աղջնակի հայր էր:

Չնայած այս ամենին, ՀՀ իշխանութիւններն Ադրբեջանի հետ ցանկանում են սկսել «խաղաղութեան դարաշրջան»՝ անտեսելով ադրբեջանական կողմի ցանկացած ագրեսիւ գործողութիւն՝ սկսած Արցախեան ցեղասպանական ոճիրներից, աւարտած «մեր թուրանի» ու «Արեւմտեան Ադրբեջան» հասնելու թշնամական երազանքներով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը 168.am-ի հետ զրոյցում համոզմունք յայտնեց, որ ադրբեջանական գործողութիւններն ու սահմանին տեղի ունեցածը պատասխանն են Նիկոլ Փաշինեանի «խաղաղութեան խաչմերուկ»-ին, եւ ուղիղ ցուցիչ են, որ Ադրբեջանը չի պատրաստւում հանդուրժել ՀՀ գոյութիւնը:

«Ադրբեջանական ռազմավարական պլաններում, իրենց պատկերացրած տարածաշրջանում չկայ ինքնուրոյն հայկական պետութիւն տարր: Իրենք իրենց այդ ռազմավարական նպատակի յետեւից են գնում: Հիմա իրենց համար կատարւող իրադարձութիւնները հնարաւորութիւնների պատուհան է, որովհետեւ Հայաստանը գտնւում է ամենաանպաշտպան վիճակում:

Եթէ մենք ունենք պաշտօնեաներ, այդ թւում՝ բարձրաստիճան զինւորականներ, որոնք գերեվարութեան մէջ են, եւ միակ սուբիեկտը, ով պարտականութիւն ունի կոնկրետ քայլեր ձեռնարկելու այդ ուղղութեամբ, ու որեւէ բան չի անում: Անգամ յայտարարութիւն չի հնչում առաջին դէմքերի մակարդակով: Երբ մենք մեր տարածքների համար չենք պայքարում, երբ նահատակների մասունքները չենք կարողանում վերադարձնել, թշնամին կրակում է, կորուստներ է պատճառում ու մնում է անպատասխան, ու դրա հետեւանքով աւելի սանձարձակ է դառնում»,- ասաց Վարդանեանը՝ յաւելելով, որ Ադրբեջանը չի պատրաստւում Հայաստանի հետ «խաղաղութեան խաչմերուկ» ստեղծել, դա ցուցադրում է թէ՛ սահմանին կրակելով, թէ՛ պայմանաւորւած հանդիպումներին չներկայանալով:

Որպէս շարունակութիւն, նոյեմբերի 30-ին կայացած ԵԱՀԿ նախարարների համաժողովում հայկական ու ադրբեջանական կողմերը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել միմեանց հասցէին: Ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրել էր «խաղաղութեան պայմանագրի» ստորագրումը ձգձգելու մէջ, իսկ Արարատ Միրզոյեանը յայտարարել էր, որ արցախահայերին աւելի քան 9 ամիս սովի մէջ պահելուց յետոյ Արցախը բռնի հայաթափելուց յետոյ էլ Բաքուն չի հանգստանում՝ թիրախաւորելով նաեւ ՀՀ ամբողջ տարածքը:

Սակայն ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը յայտարարեց, որ իրենք պատրաստ են անգամ 15 օրում ստորագրել «խաղաղութեան պայմանագիր»-ը: Իսկ նախօրէին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարեանը լրագրողներին յայտնել էր, որ հայկական կողմից Ադրբեջանի իշխանութիւններին ուղարկւած «Խաղաղութեան պայմանագրի» 6-րդ տարբերակի շուրջ առաջարկներին Ադրբեջանը դեռ չի արձագանգել:

Այդուհանդերձ, հաշւի առնելով սահմանային վերջին դէպքը, որքանո՞վ է Ադրբեջանին զսպում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելութեան տեղակայման փաստը: Ի պատասխան՝ Քրիստինէ Վարդանեանն արձագանգեց՝ յայտարարելով, որ անվտանգութեան առումով մեր յոյսը պէտք է նախեւառաջ դնենք մեզ վրայ:

«Երկրորդն էլ պէտք է գտնենք դաշնակիցներ, ովքեր կարող են իրական օգնութիւն ցուցաբերել մեզ: Հիմա հեռադիտակով զինւած ԵՄ դիտորդի հարցն էլ չէ, այլ այն ուռճացւած սպասումները, որ դիտորդները կարող են անվտանգութիւն բերել մեզ: Իրականում, մեր պաշտպանունակութիւնը, ոչ թէ կեղծ խաղաղութեան քարոզը, այլ բանակի հզօրացումն ու մոբիլիզացիան կարող են ապահովել: Բայց դա չեն կարողանում ապահովել Սուրէն Պապիկեանը, Նիկոլ Փաշինեանն ու Արարատ Միրզոյեանը: Նրանք խորհրդանշում են պարտութիւնը, ատելութիւնն ու բաժանարար գծերի անցկացումը»,- ասաց Վարդանեանը:

Պատգամաւորի խօսքով՝ դա կարող է անել մարդ, ով յաջողել է պաշտպանել իր պաշտպանական շրջանը, յաղթանակ է կերտել, եւ ոչ թէ պարտութիւն բերել ժողովրդի գլխին:

«Չի կարող մէկը, ով 3 տարի խաղաղութիւնից խօսելով՝ 3 պատերազմ է բերել մեր գլխին, ապահովել պաշտպանունակութիւն եւ խաղաղութիւն: Աշխարհում նման դէպք չի եղել: Մենք չենք կարող բնութեան շեղում դառնալ: Այնպէս որ, չպէտք է թողնենք, որ մեզ համոզեն, որ մի 200 դիտորդ կարող է ապահովել մեր անվտանգութիւնը: Խնդիրն այստեղ նաեւ անաչառութիւնն է:

Դիտորդների տեղակայման պայմաններում ոչ միայն մարդիկ են սպանւում, այլեւ կրակում են ՀՀ ինքնիշխան տարածքում գործող գործարանի ուղղութեամբ: Գործարանը փաստացի տեղափոխւում է: Հայաստանի տարածքներն օկուպացւում են, բայց դրա մասին առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնը զբաղեցնողը ստիպւած խօսում է, երբ իրեն ընդդիմադիրներն են հարց տալիս, ոչ թէ դիտորդներն են արձանագրում դա»,- ասաց պատգամաւորը՝ յաւելելով, որ հարցը ոչ թէ դիտորդներն են, այլ անվտանգութեան խնդիրը, որն առկայ է:

Ինչ վերաբերում է Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ «խաղաղութեան պայմանագիր»-ը ստորագրել 15 օրւայ ընթացքում, եթէ ադրբեջանական կողմը քաղաքական կամք դրսեւորի՝ Վարդանեանն ասաց, որ մեղք է ներկայ իշխանութիւնների կողմից ստորագրւած որեւէ թուղթ» անւանել խաղաղութեան պայմանագիր կամ խօսել խաղաղութեան մասին:

«Միակ խաղաղութիւնը, որ իրենք կարող են բերել մեզ՝ գերեզմանային խաղաղութիւնն է: Ոնց որ իրենց պատկերացմամբ լուծեցին Արցախի հարցը՝ հայաթափելով, այնպէս էլ հիմա իրենց լկտիութիւնը թոյլ է տալիս ասել, որ Արցախի հարցը լուծել են: Այդ նոյն ձեւով էլ այդ «խաղաղութիւնն» են բերելու Հայաստանի համար: Հետեւաբար՝ ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը: Ո՞նց կարող է խաղաղութիւն լինել մէկի հետ, ով, չնայած այսքան զիջումներին, դեռ յարձակւում է քո սահմանների վրայ, կրակում ու սպանում է քո զաւակներին, գերութեան մէջ է պահում քո երկրի ղեկավարներին: Այդպիսի բարբարոսութիւն ո՞վ է տեսել: Պատերազմում շատ երկրներ են պարտւել, ո՞ր մի երկրի ամբողջ ղեկավարութեանն են վերցրել ու տարել գերի: Այդ բարբարոսի հետ ինչպէ՞ս է լինելու խաղաղութիւն: Մենք տուն մտած կողոպտիչի հետ խաղաղութեան մասի՞ն ենք խօսում, թէ՞ փորձում ենք պաշտպանւել: Հետեւապէս, իրենց «խաղաղութիւնը» կարող է լինել միայն գերեզմանային»,- եզրափակեց Քրիստինէ Վարդանեանը:

ՆԱԶԵԼԻ ՍՏԵՓԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button