Թէոդիւանագիտութեան հարթակ. ԱՄՆ-ի ռազմաբազան Իրան-Ադրբեջան սահմանագծի՞ն
«ԱԼԻՔ» – Ամերիկացի քաղաքական մեկնաբան, Japan NRG Weekly-ի աւագ խմբագիր Ջոն Վարոնին Բաքւի Ictimai Television-ին (այ-թի-վի) յայտնել է, որ Միացեալ Նահանգների վարած քաղաքականութիւնը միտումնաւոր կերպով աշխարհը տանում է դէպի հակամարտութիւնների բորբոքմանը, տարբեր տարածաշրջաններում նպատակ ունենալով դրանց վրայ ունեցած ազդեցութեան արդիւնքում գլոբալ իմաստով կառավարման նոր միջոցներ ձեռք բերել:
Ջոն Վարոնին մաքուր, ինչպէս նաեւ վերականգնւող էներգիաների տեխնոլոգիաների հարցով փորձառու մեկնաբան է եւ լիովին տիրապետում է նաւթարդիւնաբերութեան ոլորտում մրցակցութիւններին: Նա ITV-ին յայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ի յաջորդ քայլը Կովկասում, կամ աւելի յստակ, Ադրբեջանի Հանրապետութիւնում համապատասխան ռազմաբազայի ստեղծումն է լինելու:
«Հարաւային Կովկասում ԱՄՆ-ի գլխաւոր նպատակը Ռուսաստանի եւ Իրանի ազդեցութեան դաշտի չէզոքացումը, ապա փլուզումն է»,- յաւելել է նա:
Նրա խօսքով՝ ԱՄՆ-ին նախընտրելի կը լինէր ռազմաբազա ունենալ Բաքւից հարաւ գտնւող Լանքարանի շրջանում, որն ի դէպ գտնւում է թալիշների շրջանում եւ մօտ է Իրանի ջրային եւ ցամաքային սահմաններին:
Այս մասին գրառում հրապարակելով տեղեկացրել է «Ադրբեջանական հետազօտութիւնների կենտրոն» տելեգրամային ալիքը: Աղբիւրը նշել է նաեւ, որ Ջոն Վարոնին կարեւորել է Ադրբեջանի արեւելեան ափերին վերահսկողութիւն սահմանելու հնարաւորութիւնը եւ նշել, որ Բաքուն Արեւմուտքի համար այն դարպասն է, որը բացւելու է դէպի Կենտրոնական Ասիա:
Ի լրումն միջազգայնօրէն լայն ճանաչում ունեցող փորձագէտների վերլուծութիւնների, ուշագրաւ է նաեւ «Ադրբեջանական հետազօտութիւնների կենտրոն»-ի հրապարակած մեկնաբանութիւնը, որի համաձայն Ադրբեջանի Հանրապետութեան եւ ԱՄՆ-ի միջեւ վերջերս նկատւում է լարւածութիւն, սակայն, աղբիւրի փորձագէտների կարծիքով այն պայմանաւորւած է Նեթանիահուի եւ Բայդէնի թիմերի միջեւ առկայ տարաձայնութիւններով միայն։
«ԱՀԿ» տելեգրամային ալիքի համաձայն՝ Բայդէնի կառավարութեան հետ Ալիեւի ռեժիմի լարւածութիւնը ծագել է Գազայի դէմ սիոնիստական ռեժիմի իրականացւող գործողութիւններից յետոյ, որի շրջանակում Նեթանիահուի եւ Բայդէնի ներքին հաշիւների կարգաւորումներն իրականացւում են Բաքւում: