Փարիզի «Odermatt Gallery»-ում Սիրակ Մելքոնեանի ցուցահանդէսի առիթով
Իրան դորուդի «Բարեւ Իրան»
Մէկ ամիս շարունակ Փարիզի ամենայայտնի պատկերասրահներից մէկում անցկացւեց Սիրակ Մելքոնեանի Իրանը պատկերող նկարների ցուցահանդէսը: «Odermatt Gallery»-ի այս իրադարձութեան մասին խօսել է նաեւ ֆրանսական մամուլը, այդ թւում՝ «Գերդան Դեզարի» ամսագիրը եւ «Ֆիգարօ»-ն, որոնք վերլուծել եւ ներկայացրել են Սիրակի ցուցահանդէսը, որտեղ հիացական տոնով գնահատւել է նրա արւեստը։ Լաւ առիթ է համառօտ ակնարկելու նրա աշխատանքների մասին։
Այսօր նա ոչ միայն համարւում է մեր արժէքաւոր նկարիչներից մէկը, այլեւ նրա փարիզեան ցուցահանդէսի վերաբերեալ քննադատների եւ հեղինակաւոր արւեստագէտների գրած ակնարկների փաստով նա կարող է համարձակօրէն դասւել աշխարհի լաւագոյն աբստրակտ նկարիչների շարքում։
Նման դիրքի հեշտութեամբ չի հասել արեւմուտքի կեանքը ճաշակած Մելքոնեանը: Այս նկարիչները կուշտ էին տարբեր դպրոցների անւան տակ աւելորդ նորարարութիւններից ու աբստրակտ նկարիչների բազմացումից: Իր աբստրակտ նկարներով նա պէտք է բացայայտի այնպիսի արժէքներ, որոնք համադրելի եւ հաւասար են այն չափանիշերին, որոնք ապրում են այնպիսի նկարիչների մէջ, ինչպիսիք են Սուլաժը, Մանսիէն եւ Զադոգինը:
Մելքոնեանի գեղանկարչութիւնը, այն շրջանից, երբ նա սկսեց աշխատել ֆիգուրատիւ աշխատանքով մինչ օրս, երբ նա ամբողջովին փորձարարական կողմնորոշում ունի, տեսել է բազմաթիւ կերպարանափոխութիւններ եւ վերափոխումներ, բայց միշտ ընդհանուր ուղղութիւնը պահել է, մաքուր եւ մոդիֆիկացիաներից հեռու։ Խուսափել է յարդարանքից եւ դիմայարդարումից իսկ այժմ, վերջին երեք տարիների ընթացքում, նա ապրում է մի շրջան, որի շրջադարձային կէտը գեղանկարչութեան արտայայտման հակիրճութիւնն է, իսկ ձեւի սեղմութիւնն ու ամրութիւնը հսկայական տարածութիւնների գծապատկեր ստեղծող այս վերջին շրջանում՝ անցեալի բոլոր փորձառութիւնների արդիւնք է, որը նկարիչը ձեռք է բերել իմացութեան լոյսի տակ եւ հասել սեփական ծաղկմանն ու բիւրեղացման փուլին։
Նման ծաղկումը մի կողմից պայմանաւորւած է աշխատանքների ամբողջականութեամբ, իսկ միւս կողմից՝ այն ուժով, որ ստեղծել է ամուր ու գերիշխող ուղղութիւն։ Այս երկու գործօնները ի յայտ են գալիս այն փուլում, երբ նկարիչը տիրապետում է մարդու ստեղծագործական ողջ ինտելեկտուալ հասունութեանն ու հանճարին:
Իր տարիների աշխատանքի ու որոնումների մոտիւացիան է հասել… Նկարիչն իր մէջ գտել է մի եռացող աղբիւր, որը ժայթքում է ամենափոքր շարժումից ու ջրում իր շփոթւած ու անհանգիստ հոգին… Այսպիսի զգացողութիւն ունենում են միայն նրանք, ում համար գեղարւեստականստեղծագործութիւնը անյագ ծարաւի պէս եղել է կարիք ու տենչ:
Վերցւած է «Պայման» պարբերանից (յղումը՝ «Մահնամէ Սոխան» հանդէս գրականութեան եւ արւեստի)
Վերցւած՝ Jardin des Jardins պատկերասրահի արւեստի հանդէսից
Հետաքրքրաշարժ խաղ
… Գործերը, որոնք նա առաջին անգամ ցուցադրեց Փարիզում, մեզ մեծապէս գրաւում են մոտիւների որակի ու կոմպոզիցիայի իմացութեամբ եւ դրանց գոյների կարեւորութեան պատճառով: Այսպիսով, ի՞նչ կարեւորութիւն ունի իմանալը, թէ ինչ պատկերներ ենք մենք տեսնում այս բնապատկերներում եւ ինչ նախշեր է պատկերացնում մեր միտքը:
Մէկը ցոյց է տալիս գետնի նստւածքային շերտերը: Միւսը յիշեցնում՝ առեղծւածային կենդանու տարօրինակ կմախք, իսկ միւսը՝ անհաւանական բոյսերի կամ գծերի ու կորերի հետաքրքրաշարժ խաղ…
Բայց իրականում Մելքոնեանը զարմանք թելադրող ձեւով բաժանեց տարածութիւնը շարժումից եւ դրանք ներկեց դրամատիկ երանգներով: Նրա ստեղծագործութիւնները նայելիս ուժի ու հմայքի կարօտ չես ունենայ…
Վերցւած է՝ Novel Literer
Վերադարձ դէպի տեսարան
Ժան-Մարի Տասսէ
Սիրակ Մելքոնեանը 44 տարեկան է։ Նա ծագումով հայ է եւ իրանցի։ Նա իր աշխատանքներն առաջին անգամ ցուցադրել է Փարիզում՝ «Օդոմատ» պատկերասրահում։ «Բնանկարը» նրա բոլոր նկարների թեման է։ Այս բնապատկերներում տարօրինակ մտաւոր բոյսերը հսկայական շօշափուկներով ծածկում են կտաւի ողջ մակերեսը։ Այս խիտ ու խճճւած ցանցում, որի թելերը իրար են կապում ու բաց թողնում, ստեղծում է նոր բնութիւն, որը մեզ ստիպում է մտածել։
Մելքոնեանը ցանկանում է, որ մենք գտնենք իր տեսլականը եւ ճանաչենք այն կարգերը, որոնք ստեղծւել են մանուշակագոյն, մոխրագոյն, սեւ, շագանակագոյն, ոստրեայ կամ կանաչ միագոյն դաշտերում:
Որոշ աշխատանքներում մենք տեսնում ենք հարթավայրերը հեռւից։ Այս հարթավայրերում մարդկանցից ոչ մի նշան չկայ: Դա մի աշխարհ է, որի հիւսւածքը մաշւած է նկարչի երեւակայութեան արդիւնքում։
Ֆիգարօ
Այս հարթավայրերում…
Մ. Հ. Պարինօ
Հսկայ տարածութեամբ գետինները տարածւել են կտաւի վրայ, ինչպէս ապրող կենդանին: Իր ստեղծագործութիւններում Սիրակ Մելքոնեանը հանգիստ ու մտածւած սպասում է որսի։ Որս այն հարթավայրերում, որտեղ փղերի կմախքները կամ կիսատ-միջատներն ու կիսաբուսական արարածները բռնւել են յօդերից կամ արմատներից, ասես խորհրդաւոր անհանգստութիւնն ու սարսափը ալիքաւորում են սառն ու միապաղաղ գոյներով: Նկարներից իւրաքանչիւրում կերպարների ծաւալը լրացնում է ներքին ճակատամարտը, ինքնաբուխ ճակատամարտ, որը ցոյց է տալիս միաժամանակ ե՛ւ սկզբնաղբիւրը, ե՛ւ արդիւնքը: Անհանգստութեան հանգոյցը ձեւերի իւրաքանչիւր խմբի մէջ վայրկեան առ վայրկեան աւելի է սեղմւում: Ու մէկ էլ յանկարծ զարմացնում են մեզ այս կէտերը: Մենք յայտնւում ենք մի աշխարհում, որտեղ կորցնում ենք ինքնուրոյն շնչելու կամ մտածելու ուժը: Այն աշխարհում, որտեղ ամէն ինչ մանրադիտակային է ու յանկարծակի մակրոսկոպիկ է դառնում: Աւերւած հողատարածքների նստւածքային շերտերից կառուցւած աշխարհ։ Վհուկային մի աշխարհ, որտեղ անողնաշար կմախքներն անսահման սառն ուժով մեզ կապում են յաւերժական ժամանակի հետ:
Այդին Աղդաշլու
Սիրակն իր գործն սկսել է 1930-ական թւականներին, երբ «Նոր ալիք»-ը նոր երեւոյթ էր եւ աշխարհի իմաստը պէտք էր նորովի պատկերել, նոր ձեւի տակ, որպէսզի նկարիչը կարողանար իր տեղը գտնել մշակութային գործիչների այդ երկար հերթում, իհարկէ առաջնորդի դերն ստանձնելու համար:
Սիրակն ու իր սերնդի միւս արւեստագէտները գլուխը բարձր բայց դժւարութեամբ անցան այս ճանապարհով եւ ստեղծեցին իրանական ժամանակակից արւեստի արդէն իսկ մթերւած ու բազմազան հաւաքածոներ: Պարզ եւ երբեմն բարդ ձեւաւորումներից մինչեւ նկարազարդման աւանդոյթներին նետած կիսատ հայեացք, որը դանդաղօրէն դառնում է աւելի պարզ եւ քչախօս:
Բայց այն վայրը, որտեղ Սիրակին յաջողւեց հասնել, տեւեց քառասուն տարի արդիւնաւորւելով փայլուն, նուրբ ու մոլուցքային փորձով:
Սիրակ Մելքոնեանի նկարները նայելիս գլխումդ հնչում է Բախի երաժշտութիւնը, որը նոյնպէս միապաղաղ է, բայց այնքան էլեգանտ է, չափւած ու հաճելի, որ կրկնութիւնը վերածում է բազմազանութեան անզուգական համադրութեան, որը տարածւում է Սիրակի բլուրներով ու բաժանարար գծերով հսկայական հարթավայրեր, որոնք երբեմն կոշտ են, երբեմն էլ նուրբ: Եթէ հայեացքդ հորիզոնականից ուղղահայեաց ուղղես, կարող ես զգալ «բամբու»-ների հաստ ձողերը, իսկ հարթավայրում ՝ բլրաչափ հսկայ մորեխների գերեզմանոցը՝ կողք-կողքի ընկած, հսկայական կապկպւած ոտնուկներով:
Մեղմ շագանակագոյն, սիսեռային, կրեմի ու սպիտակի խառնուրդով շրջանակների մէջ, որոնք յաճախ նեղ կամ հաստ սեւով են փակւած, իսկ թանձր ու թեթեւ գունաշերտերով վրձնահարւածները նստում են բարակ ու մաշւած ֆոնի վրայ, ստեղծելով Կախարդական հիւսւածք, որը դարձաւ Սիրակ Մելքոնեանի ստեղծագործութիւնների թեման վերջին երեսուն տարիների ընթացքում:
Այս պերճախօս մեթոդն ու կրկնւող գայթակղութիւնը, ամէն անգամ կարծես աչքաթող արւած բիծ է գտնում ու դրա վրայ զարմանքով ու խանդավառութեամբ աշխատելու նոր առիթ է բացում, որպէսզի դիտելով այն, նրա կեանքի ամէն մի ակնթարթին աւելի ամբողջական իմաստ հաղորդւի։
Իսկ փորձառութիւնը՝ տարիներ շարունակ եղել է նրա հիմնական զբաղմունքը։ Փոքր ու մեծ չափերի մտահոգւածութիւն, մշտական զբաղմունք եւ դէպի կատարելութիւն տանող թախիծ: Այն շարունակականութեամբ, որ ճանապարհորդութեան եւ լինելութեան մէջ, տանը (Իրանում) թէ աքսորում (Կանադայում), նրա աղբիւրը հոսում է վճիտ եւ ուժն ստանում՝ ներքին խաղաղութիւնից:
Սիրակի առաքելութիւնը երկար կամար ունեցող անշարժ երկինքը ջահաւորելն է: Նետած ջահը շարունակում է վեր բարձրանալ, եւ նրա պայծառ ու փայլուն ուղին դիտելով ու հետեւելով կարելի է շատ բան վայելել: