ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՊԱՀՊԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ. ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ, ՃԳՆԱԺԱՄԸ ՅԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինեանի գրեթէ բոլոր հանրային ելոյթների առանցքը հակագաղափարն է եւ ինչպէս քաղտեխնոլոգներն են նշում, հակագաղափարները որպէս հայեցակարգ, նրա մօտ արտայայտւում են հանրային գիտակցութեան մէջ արմատացած գաղափարներին, մտածողութեանը եւ արժեհամակարգին հակադրւելով, աւելի ստոյգ՝ դրանց ոչնչացմամբ։

Հայաստանի հանրային հեռուստատեսութեան հետ նրա վերջին աղմկահարոյց հարցազրոյցը եւ դրանում առաջ քաշւած ամենակարեւոր հակագաղափարը նոյնպէս տեղաւորւում է վերը նշւած սահմանման տրամաբանութեան շրջանակում:

«Նեղւում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արեւմտեան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արեւմտեան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։

Հիմա էլի ասելու են՝ հերթական դաւաճանութիւնը, ստոր տականքութիւնը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատւութեան մէջ եմ, որ պարտաւոր եմ մեր ժողովրդի հետ խօսել ու ցոյց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։

Եթէ ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դէպի կորուստ»,- ասել է նա հարցազրոյցի ընթացքում՝ միտումնաւոր կերպով նոյնացնելով ԱՐԵՒՄՏԵԱՆՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ու արեւմտեան ադրբեջանը:

Հարցն այստեղ բնաւ այն մասին չէ, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, չգիտի, որ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ աշխարհագրական տերմին է, պատմականօրէն ընդունւած, դարեր շարունակ շրջանառւած, արձանագրւած ու նշւած բոլոր ժամանակների քարտէզներում, իսկ արեւմտեան ադրբեջանն ընդամէնը մտացածին յօրինւածք է, որով Ալիեւը փորձում է յագուրդ տալ իր ծաւալապաշտական նկրտումներին, այլեւ կարեւորը եւ վտանգաւորն այն է, որ նա հանրային քննարկման հրապարակ նետած հերթական անտիթէզի շնորհիւ փորձում է շարունակել հայ ժողովրդի ազգային, բանական, արժէքային ու բարոյական հոգեկառուցւածքի միտումնաւոր ու նպատակային կազմաքանդումը:

Փաշինեանը փորձում է ջնջել մեր ազգային պատմական յիշողութիւնը, առ ոչինչ դարձնել հազարամեակների ընթացքում մեր ապրածն ու արարածը, ներկայացնել մեզ անօգնական, անկարող, թոյլ ու անպիտան, խեղել, այլանադակել մեր հաւաքական նկարագիրն ու ազգային ինքնութիւնը՝ ոչնչացնելով դրա առանցքը եւ ողնայարը կազմող գաղափարներն ու տեսլականը:

Խորհրդանշերի, գաղափարների եւ տեսլականի դէմ այս յամառ պայքարը, որի ականատեսն ենք մենք այսօր, չափազանց վտանգաւոր է: Խորհրդանշերը, գաղափարներն ու տեսլականը մեր ազգային մտածողութեան եւ հոգեկառուցւածքի անկիւնաքարեր են: Երբ հանւում են այդ անկիւնաքարերը, փլուզւում է ողջ համակարգը, դրա փոխարէն առաջանում է մեծ բաց, անյատակ անդունդ, որն անխուսափելիօրէն լցւելու է հակագաղփարով, հակարժէքայինով, հակազգայինով: Փաշինեանի, նրա քաղաքական թիմի եւ նրանց արտասահմանեան պատւիրատուների նպատակը հէնց դա է. ջարդել մեր խորհրդանշերը, արժեզրկել գաղափարներն ու տեսլականը, առաջացնել վակում, որը հնարաւոր է լցնել ցանկացածով:

Մենք պէտք է հասկանանք ու գիտակցենք, որ մեր ազգի գոյութեան հազարամեակների ընթացքում, տարբեր ժամանակաշրջաններում, պատմական տարբեր իրադարձութիւններ են տեղի ունեցել, տարբեր իրողութիւններ են եղել, յաճախ՝ մէկը միւսին հակասող, ճիշտ կամ սխալ, յաղթական կամ պարտւողական, բայց կարեւորը միշտ էլ եղել են մեր ակունքներից եկող, մեր ազգային մտածողութիւնը, հոգեկառուցւածքը եւ արժէքային համակարգը ձեւաւորող եւ հիմնաւորող խորհրդանշերը, գաղափարները եւ տեսլականը, որոնք առաջնորդել եւ պահպանել են մեզ մեր պատմութեան փոթորկոտ յորձանուտերում:

Եւ այսօր հէնց այդ խորհրդանշերը, գաղափարներն ու տեսլականն է, որ յայտնւել են թիրախում: Այսօր մեր ազգը ենթարկւում է նպատակային,մանիպուլեատիւ բնոյթի հոգեբանական-քարոզչական բաւական մեծ եւ վտանագւոր յարձակման, որը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ հազարամեակների ընթացքում պատմական սխալ ուղով է ընթացել, սխալ գաղափարներ եւ տեսլական է իւրացրել, սխալ խորհրդանշեր է ընտրել: Մեզ փորձում են ստիպել համակերպւելու նւաստացուցիչ ներկայի եւ ամուլ ապագայի փաստի հետ: Մեզ փորձում են պարտադրել առանց յիշողութեան, նպատակների, արժէքների երազանքների եւ տեսլականի ապագայ, առանց իրաւունքի զգացողութեան՝ իրական հայրենիքի եւ նրա հոգեւոր ժառանգութեան հանդէպ: Ուղիղ խօսքով՝ ազգը փորձում են դարձնել «Անասնաֆերմայում» ապրող «անասունների հաւաքականութիւն», որը չունի յիշողութիւն, չունի ոչ անցեալ, եւ ոչ ապագայ, չունի պահանջներ, նպատակներ ու տեսլական եւ դրանց հասնելու համար պայքարի ոգի ու կամք, եւ ապրում է միայն ներկայով՝ առօրեայ հոգսերով եւ ստամոքսով՝ առաջնորդւելով «որտեղ հաց, այնտեղ կաց» անսկզբունքայնութեամբ ու հայրենիք կոչւածը դիտարկում եւ ընկալում է լոկ որպէս տարածք, որտեղ պէտք է միայն ապրել եւ բազմանալ:

Ցաւօք, պէտք է խոստովանենք, որ դաւաճանական, թշնամական այս ծրագրի իրագործումը որոշակիօրէն ստացւում է դրա կեանքի կոչման համար հաւաքագրւածների մօտ, պարզապէս այն պատճառով, որ ողնաշարը փշրւած, ծնկած ու յանձնւած հանրութեան մօտ ոչ մի կերպ չի ստացւում վերականգնել ազգային արժանապատւութեան զգացողութիւնը: Թւում է, թէ հայ հանրային-հասրակական միտքը համակերպւել է կորստին, ստորացմանը եւ իրեն պարտադրւող ոչնչացմանը:

Փաստ է, որ հայ հասարակութեան /Հայաստանում եւ Սփիւռքում/ ստւար մի հատւածը չի ընկալում եւ հասկանում մեզ պարտադրւած փոփոխութիւնների ահռելի ծաւալը եւ նշանակութիւնը, փոփոխւած եւ սեղմւած սահմաններով հայրենիքը, պետականութեան սուվերենութեան եւ անվտանգութեան աստիճանի կտրուկ անկումը, նպատակների, հեռանկարների եւ երազանքների չգոյութիւնը, հիմնականում այն պատճառով, որ մեզ չի յաջողւել 44-օրեայ պատերազմի աղէտից յետոյ ձեւակերպել ազգի եւ պետականութեան մասին յետպատերազմեան բովանդակութիւն:

Դա մեծապէս պայմանաւորւած է այն հանգամանքով, որ հայ ազգային-քաղաքական միտքը դեռեւս չի կարողացել ձեւակերպել այս ահռելի փոփոխութիւններին համապատասխան, նոր բովանդակութեամբ ազգային օրակարգ, որի հիմքում ընկած կը լինեն թարմացւած, օրւայ իրականութեանը համապատասխանեցւած, նոր սահմանումներով նոյն այն խորհրդանշերը, գաղափարները եւ տեսլականը, որոնք յիշեցնենք՝ պահպանել եւ առաջնորդել են մեզ պատմութեան յորձանուտերում:

Այդ խորհրդանշերը, գաղափարներն ու տեսլականը բնաւ ժամկէտանց չեն: Նրանք կենսունակ են, ապրող ու ապրեցնող, միայն թէ անհրաժեշտ է դրանց թարմացնել եւ համապատասխանեցնել նոր իրողութեանը՝ վերականգնելու համար հայոց պետականութեան ապագային ուղղւած ազգային օրակարգը եւ դրան նւիրւած, դրա համար կռիւ տւող եւ պայքարող հայ մարդու կերպարը:

Սա է կարող լինել մեզ պարտադրւող հակագաղափարները չէզոքացնելու, առկայ մարտահրաւէրները յաղթահարելու եւ դէպի առաջ շարժւելու բանաձեւը: Այլապէս պատմութիւնը դաժան է լինելու մեր նկատմամբ:

Չմոռանա՛նք. հազարամեակների ընթացքում, մեզ զուգահեռ, մեր կողքին եղել են նաեւ այլ ազգեր եւ պետական միաւորներ, որոնք սակայն չեն դիմացել պատմութեան փորձութիւններին ու վերացել են՝ չհասնելով մեր օրերը իսկ հիմա մենք եկել հասել ենք խիստ ճգնաժամային, ճակատագրական մի փուլի, որից խուսափել չենք կարող:

ՀՀ գործող իշխանութիւնները մեզ պարտադրել են մի իրողութիւն, որի արդիւքնում, որպէս պետութիւն կարող ենք չլինել այլեւս: Միգուցէ լինենք ու ապրենք Թեհրանում, Բէյրութում, Փարիզում, անգամ Երեւանում կամ Գիւմրիում, բայց ոչ Հայաստան կոչւող պետութիւնում:

Նման սցենար հնարաւո՞ր է: Միանշանակ՝ այո՛: ՀՀ գործող իշխանութիւնների հակազգային եւ դաւաճանական քայլերն ուղիղ ճանապարհով տանում են դէպի դրան: Իսկ հնարաւո՞ր է արդեօք կասեցնել այս ընթացքը: Իհարկէ՝ Այո՛: Դա ցոյց է տւել մեզ մեր անցած ուղին, երբ ամենաբարդ եւ անելանելի թւացող իրավիճակներում կարողացել ենք յաղթահարել ճգնաժամերը, երբ ամէն ինչ թւացել է աւարտւած: Դա հնարաւոր է դարձել բացառապէս մեր ազգային ինքնութեան ինքնադրսեւորման, մեզ առաջնորդող գաղափարներին եւ տեսլականին ապաւինելու շնորհիւ միայն:

ՀՀ գործող իշխանութիւնների միտումը պարզ է. խեղել այդ ինքնութիւնը, ոչնչացնել այդ գաղափարներն ու տեսլականը: Իսկ մեր միտումը պէտք է լինի մէկը եւ միանշանակ. պահպանել այդ բոլորը՝ վերաիմաստաւորելով դրանք:

Related Articles

Back to top button