ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՍԹԱՓՒԵԼՈՒ ՊԱՀԸ

Սեպտեմբերի 2-ի առիթով

33 տարի առաջ այս օրը, 1991 թւականի սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախութիւնը՝ ազդարարելով հայոց երկրորդ պետականութեան ծնունդը: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կազմաւորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թէ՛ ԽՍՀՄ օրէնսդրական նորմերին, թէ՛ միջազգային իրաւական փաստաթղթերում ամրագրւած ժողովրդների ինքնորոշման իրաւունքին:

Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմութեան մէջ մտաւ որպէս նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժէքների վրայ հիմնւած ազատ ու անկախ պետութիւն եւ քաղաքացիական հասարակութիւն կառուցելու արցախահայութեան անսասան որոշման մասին:

Արցախի անկախութիւնը մեր ժողովրդի հաւաքական արժանապտւութեան հաւաստիքն էր, որը հնարաւոր դարձաւ բացառապէս մեծ սխրագործութինների շնորհիւ՝ հատելով կեանքի եւ մահւան եզրագիծը:

Այսօր, սակայն, 1991 թւականից ի վեր, առաջին անգամը լինելով, ստիպւած ենք սեպտեմբերի 2-ը նշել առանց Արցախի:

Ստիպւած ենք արձանագրելու, որ Արցախի կորստից ի վեր Հայաստանն ընթանում է պետականութիւնը կորցնելու ճանապարհով:

Ստիպւած ենք ահազանգելու, որ այս ճանապարհը, որով ուղղորդում են հայոց հայրենիքը ՀՀ գործող իշխանութիւնները՝ առանց հաշւի առնելու հայոց պատմութեան դասերը, մեր իրականութիւնը, Հայաստանի շրջապատի ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրողութիւնները, կարճ՝ ուղիղ ճանապարհ է, որ տանում է դէպի անխուսափելի կործանում:

Ստիպւած ենք խոստովանելու, որ մենք այսօր ազգովի ունենք սթափ մտքի, սթափ հայեացքի պակաս: Ունենք սեփական պետութեան եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ եւ յուզւող գիտակից հասարակութեան պահանջ, որը կարող է բեկել, կանգնեցնել հայոց պետականութեան գահավէժ ընթացքը:

Ստիպւած ենք խոստովանելու, որ հայ հասարակութեան զգալի մի հատւածին նպատակային կերպով ստիպել են ուղղակի անհաղորդ դառնալ այն ամէնի հետ, ինչ կատարւում է իր շուրջ: Չմտահոգւել, չանհանգստանալ, որ կորցրել է Արցախը, որ ՀՀ սահմաններն ամէն օր աւելի են կրճատւում ու սեղմւում, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետութիւնը յագուրդ տալով թշնամու առաւելապաշտական  պահանջներին, ամենանւաստացուցիչ կերպով ինքնակամ հրաժարւում է իր ինքնիշխանութիւնից, որ Հայաստանի մասին որոշումները կայացւում են ոչ թէ Երեւանում եւ իր կամքով, այլեւ օտար մայրաքաղաքներում՝ իր բացակայութեամբ, որ փորձում են հայ ժողովրդին դարձնել առանց տեսլականի եւ ապագայի մի զանգւածի, որի գոյութիւնը բացառապէս պայմանաւորւած է լինելու թշնամու «բարեգթութեամբ», որ վերահաս պատերազմի վտանգը եկել ու չոքել է մեր դռանը, որ…

Ահա սա է մեր այսօրւայ գորշ իրականութիւնը: Մեր հասարակութեան մօտ մեծ շփոթ կայ: Գիտակցաբար ստեղծւած ու պարտադրւած շփոթ, որպէսզի հնարաւոր լինի նրա ենթագիտակցութեան մէջ ընդունելի դարձնել անընդունելին: Սա է այն գլխաւոր մարտահրաւէրը, որի դէմ-յանդիման ենք կանգնած մենք այսօր, եւ որն անհրաժեշտ է յաղթահարել օր առաջ, եթէ, իհարկէ ցանկանում ենք թօթափել թմբիրն ու ոտքի կանգնել, համախմբւել, դառնալ միասնական ուժ, վերականգնել իրական հայրենասիրութեան ազգային ոգին ու յաղթել մեզնից թւով ու հնարաւորութեամբ աւելի զօրեղ թշնամուն, ճիշտ այնպէս, ինչպէս դա արեցինք Արցախեան առաջին ազատամարտի ժամանակ:

Մենք պէտք է գիտակցենք, որ անկախ մեր կամքից, ՀՀ գործող իշխանութիւնների հակազգային ու դաւաճանական քաղաքականութեան արդիւնքում յայտնւել ենք մեր տարածաշրջանում տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի ռազմաքաղքական եւ աշխարհաքաղաքական շահերի հատման խիստ վտանգաւոր դիրքում, որից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է ձեւաւորել առկայ իրականութեանը համապատասխան սեփական ազգային օրակարգ, այլ՝ ոչ թէ առաջնորդւել այլոց կողմից մեզ պարտադրւած կեղծ օրակարգով:

Մեզ անհրաժեշտ է հասկանլու վերջապէս, որ «տարածքներ խաղաղութեան դիմաց», «զիջումներ անվտանգութեան դիմաց» մտացածին, սնանկ բանաձեւումներն հեռաւոր աղերս անգամ չունեն իրականութեան հետ:

Եւ վերջապէս մեզ անհրաժեշտ է քաջութեան բաւարար պաշար՝ պատասխանելու այն հարցին, որ պատրաստւո՞ւմ ենք արդեօք պատերազմի, որը վաղ թէ ուշ պարտադրելու է մեզ թշնամին, թէ՞ ոչ: Իսկ եթէ պատրաստւում ենք, պատրաստւո՞ւմ ենք յաղթելու, թէ՞ պարտւելու:

Սա է մեր իրականութիւնը, որից խուսափել չենք կարող: Սա է այն ուղին, որով ստիպւած ենք քայլել, եթէ, իհարկէ արժանապատիւ եւ իրական խաղաղութեան ենք ձգտում:

Սա է դէպի կայուն ապագայ տանող ճանապարհը: Խորդուբորդ, բարդ, յաճախ անյաղթահարելի թւացող, բայց դէպի ապահով հորիզոններ տանող ճանապարհը:

Ժամանակը մեզնից առաջ է անցել: Եկել է սթափւելու եւ գործելու պահը:

Related Articles

Back to top button