Քաղաքական

Փաշինեանն ընդօրինակում է Թալէաթին եւ Ստալինին հայ հոգեւորականներին հալածելու հարցում

Ամէն անցնող օրւայ հետ Հայաստանն աւելի է գլորւում դէպի բռնապետութիւն: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների հասցէին օգտագործւած գռեհիկ, նոյնիսկ պոռնոգրաֆիկ բառապաշարը բացարձակապէս անյարիր է կառավարութեան ղեկավարին: Ֆէյսբուքը վերջերս ջնջել է նրա գրառումներից մէկը վիրաւորական լեզւի պատճառով, ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի:

Վարչապետը բանտարկել է տասնեակ քաղաքական հակառակորդների, ինչպէս նաեւ երկու արքեպիսկոպոսների, եւ իր անվտանգութեան ուժերին ուղարկել է գրոհելու Էջմիածնում գտնւող Հայոց եկեղեցու Վեհարանը։

Փաշինեանի կողմից օրէնքի չարաշահումը ցոյց տալու համար նկատի ունեցէք նրա քաղաքական դրդապատճառներով հրամանը՝ ձերբակալելու եւ բանտարկելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին։ Արքեպիսկոպոսը վարչապետի ամենաուժեղ քննադատներից մէկն է եղել։ 2023 թւականի սեպտեմբերի 26-ին հարցազրոյցի ժամանակ Աջապահեանը «ռազմական յեղաշրջման» կոչ էր արել Փաշինեանին տապալելու համար, ինչը ոմանք կարող էին մեկնաբանել որպէս Հայաստանի օրէնսդրութեան խախտում։ Սակայն, ամիսներ տեւած հետաքննութիւնից յետոյ, գլխաւոր դատախազութիւնը 2024 թւականի ապրիլի 30-ին պաշտօնական նամակ է հրապարակել՝ չգտնելով որեւէ իրաւական հիմք արքեպիսկոպոսին յանցագործութեան մէջ մեղադրելու համար։ Նորմալ երկրում դա կը լինէր պատմութեան աւարտը, բայց ոչ Հայաստանում։

Անցեալ շաբաթ, դատական համակարգին վարչապետի անօրինական միջամտութիւնից յետոյ, դատարանն արքեպիսկոպոսի ձերբակալման հրաման տւեց նախկինում օրինական համարւող արտայայտութիւնների համար: Այլախոհութիւնը լռեցնելու իր յուսահատ փորձով Փաշինեանն այժմ յայտարարել է, որ արքեպիսկոպոսը խախտել է օրէնքը եւ հրամայել է ոստիկանութեանը ձերբակալել նրան: Չնայած վարչապետն անընդհատ պարծենում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նրա գործողութիւնները բացայայտում են դրա բռնապետական միտումը: Նա նաեւ կոպտօրէն խախտում է եկեղեցու եւ պետութեան սահմանադրական բաժանումը: Կաթողիկոսի կուսակրօնութիւնը եկեղեցական ներքին հարց է, որը վարչապետի գործը չէ:

Միեւնոյն ժամանակ, Փաշինեանի ֆէյսբուքեան բարբաջանքները պարունակում են գռեհիկ եւ պոռնոգրաֆիկ նախատինքներ, ինչպիսիք են կաթողիկոսին եւ նրա խօսնակին իր գրասենեակ հրաւիրելը իր սեռական օրգանները դիտելու՝ ապացուցելու համար, որ ինքը թլպատւած չէ: Այս գրառումները լուրջ հարցեր են առաջացնում վարչապետի հոգեկան կայունութեան վերաբերեալ: Մէկ այլ արտառոց գրառման մէջ նա առաջարկել է, որ յուլիսի 1-ից 5-ը զերծ կը մնայ հայհոյանքներից կամ անձնական յարձակումներից՝ անցնելով «քաղաքակիրթ եւ յարգալից բանավէճի, որը հիմնւած է միայն ստուգւած փաստերի վրայ»: Այս խոստովանութիւնը հակասում է քրիստոնէական արժէքներին հաւատարիմ լինելու նրա ինքնահռչակ պատկերացմանը, յատկապէս այն պատճառով, որ սա նոյն մարդն է, որը պոռնոգրաֆիկ գիրք է գրել՝ «Երկրի հայառակ կողմը» վերնագրով:

Յուսահատօրէն ձգտելով պահպանել իշխանութիւնը յաջորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ՝ Փաշինեանն օգտագործում է բոլոր միջոցները՝ օրինական կամ անօրինական, իր հակառակորդներին՝ թէ հոգեւորականներին, թէ քաղաքական գործիչներին լռեցնելու համար։ Քանի որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոչ էր արել նրան հրաժարական տալ, վարչապետն այժմ նպատակ ունի նրան փոխարինել աւելի հնազանդ եկեղեցական առաջնորդով։ Նա դիմում է նման տհաճ մարտավարութեան, քանի որ նրա վարկանիշը եօթ տարի առաջւայ 80 տոկոսից կտրուկ անկում է ապրել մինչեւ այսօրւայ 8 տոկոսը, ինչը ենթադրում է, որ հնարաւոր է, նա չկարողանայ պահպանել իր աթոռը 2026 թւականի ընտրութիւններից յետոյ։

Որպէս ներքին սպառնալիք, որն աւելի վտանգաւոր է, քան ցանկացած արտաքին թշնամի, Փաշինեանը բազմիցս զիջումներ է արել Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք վտանգում են Հայաստանի ապագան։ Ցաւօք, նա գնում է օսմանեան սուլթանների, ռուսական ցարերի եւ խորհրդային կոմիսարների հետքերով։

Բոլորը գիտեն Օսմանեան կայսրութեան կողմից Արեւմտեան Հայաստանում եւ Կիլիկիայում հայերի նկատմամբ իրականացւած համակարգւած հալածանքների եւ կոտորածների մասին, որոնց գագաթնակէտը դարձաւ 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը, որն սկսւեց Ստամբուլի հայ վերնախաւի մահապատժով եւ հազարաւոր հայ հոգեւորականների սպանդով։

Ահա ռուսական ցարերի եւ խորհրդային ղեկավարների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւորականութեան վրայ յարձակումների համառոտ ցանկը.

– 1804 թւականի սեպտեմբերի 2-ին ռուսական զօրքերը թալանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ վերադառնալով 1805 թւականի ապրիլին՝ երկրորդ թալանի համար։

– 1827 թւականի հոկտեմբերի 1-ին ռուս զօրավար Իւան Պասկեւիչը հալածեց կաթողիկոս Ներսէս Աշտարակեցուն։

– 1836 թւականի մարտի 11-ին Նիկոլայ Առաջին ցարը սահմանափակումներ դրեց Հայ եկեղեցու ինքնավարութեան վրայ։

– 1903 թւականի յունիսի 12-ին Նիկոլայ Երկրորդ ցարը հրամայեց բռնագրաւել եկեղեցու ունեցւածքը: Երկու տարւայ հայկական բողոքներից եւ դիմադրութիւնից յետոյ ցարը 1905 թւականին չեղեալ յայտարարեց իր հրամանագիրը:

– 1938 թւականի ապրիլի 6-ին խորհրդային գործակալները խեղդամահ արեցին կաթողիկոս Խորէն Ա-ին Վեհարանի իր կեցավայրում։ Տասնեակ հայ հոգեւորականներ մահապատժի ենթարկւեցին։

Չնայած Օսմանեան եւ Խորհրդային կայսրութիւնները վերացան, Հայոց եկեղեցին գոյատեւում է։ Ողբերգութիւնն այն է, որ այսօր Հայոց պետութիւնն է դարձել կեղեքիչ։

Անցեալ շաբաթ Փաշինեանը հարիւրաւոր ոստիկաններ եւ դիմակաւորւած ազգային անվտանգութեան գործակալներ տեղակայեց կաթողիկոսարանի սրբավայրում, սակայն նրանք նահանջեցին հաւատացյալների հետ բախումներից յետոյ։ Բարեբախտաբար ոչ մի կողմից կրակոց չարձակւեց, հակառակ դէպքում կարող էր սկսւել արիւնահեղութիւն կամ քաղաքացիական պատերազմ։

Այժմ, երբ Գարեգին Երկրորդը մերժում է կատարել Փաշինեանի հրաժարականի հրամանը, վարչապետը կարող է անվտանգութեան ուժեր ուղարկել Էջմիածին՝ Նորին Սրբութեանը ձերբակալելու համար, մի քայլ, որը կառաջացնի համայն հայութեան եւ ամբողջ քրիստոնէական աշխարհի, այդ թւում՝ Վատիկանի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բողոքը: Սա սարսափելի բիծ կը թողնի աշխարհի առաջին քրիստոնեայ ազգի ժառանգութեան վրայ:

Հայաստանի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքները լուծել փորձելու փոխարէն, Փաշինեանը զբաղւած է Ֆէյսբուքում գռեհիկ գրառումներ անելով եւ Հայոց եկեղեցու ու հոգեւորականութեան վրայ յարձակւելով: Այդ նա՛ պէտք է հրաժարական տայ, այլ ոչ թէ Կաթողիկոսը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button