Հայաստան - ԱրցախՄշակութային

Գագիկ Գիւրջեան. «Ադրբեջանի կեղծիքներին հակադարձող չկայ»

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել իր կողմից ամբողջովին օկուպացւած Արցախի Հանրապետութեան պատմամշակութային յուշարձանները։ Արցախն օկուպացնելուց յետոյ Ադրբեջանը սկսեց հայկական յուշարձանները ներկայացնել՝ որպէս աղւանական կամ ալբանական։

Վերջերս Վատիկանի L’Osservatore Romano լրատւամիջոցը, հետեւելով ադրբեջանական քարոզչութեանը, յօդւած էր հրապարակել, որտեղ նշւում է, որ Վատիկանը կոչ է արել ճանաչել Ադրբեջանը՝ որպէս ալբանական եկեղեցու ծննդավայր:

Յօդւածը վերնագրւած է «Դէպի քրիստոնէութեան աղբիւրները՝ Ադրբեջանի Ալբանական Առաքելական Եկեղեցու հետքերով։ Ճամբորդութիւն Կովկասի հին Ալբանիայում»։

168.am-ի հետ զրոյցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Յուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտէի) գործադիր տնօրէն Գագիկ Գիւրջեանն ասել է, որ այս թեմայի վերաբերեալ վերջերս քննարկում են անցկացրել եւ մէկ անգամ եւս համոզւել են, որ այդ ամէնն Ադրբեջանի ակտիւ աշխատանքի արդիւնքն է։

«Այսինքն՝ կարելի է այսօրւայ աշխարհում ակտիւօրէն կեղծ նիւթեր հրատարակել, ամէն ինչ անել, յատկապէս, երբ տեսնում են, որ իրենց ընդդիմացող ու հակադարձող չկայ։

Ինքս բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, որ Հայաստանը պատմամշակութային ժառանգութեան ոլորտում չունի պետական արդիւնաւէտ կառավարման մարմին։ Սա ԿԳՄՍ նախարարութեան համակարգում է, եւ այս կառուցւածքով նա ուղղակի չի կարող գործել։ Անհրաժեշտ է ունենալ անկախ մարմին՝ ոչ միայն յուշարձանների պարագայում, այլեւ նիւթական եւ ոչ նիւթական ժառանգութեան ոլորտի պահպանութեան համար։ Այդ մարմինը պէտք է օժտւած լինի համապատասխան լծակներով, կահաւորւած լինի համապատասխան սարքաւորումներով, նաեւ համապատասխան մասնագէտներով»,- նշել  է Գագիկ Գիւրջեանը։

Նրա խօսքով՝ այսօր այս ոլորտում Հայաստանն ունի նաեւ մասնագէտների պատրաստման խնդիր։ Հետեւաբար՝ անհրաժեշտ է պատրաստել մասնագէտներ, այդ թւում՝ տեսաբաններ, որոնք կը կարողանան ընդդիմանալ, հակադարձել կեղծ հրապարակումներին ու պնդումներին։

Իհարկէ, կան հասարակական կազմակերպութիւններ, որոնք այսօր միմեանցից անկախ գործում են, սակայն, Գագիկ Գիւրջեանի կարծիքով՝ այդ կազմակերպութիւնները մէկ թիրախի համար չեն աշխատում։

«Տւեալ ոլորտի հասարակական կազմակերպութիւնները պէտք է խփէին մէկ թիրախի, որպէսզի արդիւնքը տեսանելի լինէր, ոչ թէ աշխատէին տարբեր թիրախների ուղղութեամբ։ Ուստի, եթէ վերը նշած մարմինը ստեղծւի, ապա այս աշխատանքները կը կարողանայ կօօրդինացնել։

Մենք դրսում էլ ունենք հասարակական կազմակերպութիւններ, որոնք նկարահանումներ են անում տիեզերքից, նիւթեր ձեռք բերում, հակադարձումներ անում, յօդւածներ տպագրում, բայց դրանք չեն կօօրդինացւում, ինչի անհրաժեշտութիւնը կայ՝ յատկապէս հիմա։

Եւ այդ ամէնը պէտք է արւի պաշտօնական կառավարման համակարգով, պէտք է լինի մարմին, որը նաեւ Կառավարութեանը կը ստիպի, որպէսզի համապատասխան արձագանգներ տայ։ Հիմա, քանի որ այդ հակադարձումները չկան, ով ինչ ցանկանում՝ այն էլ անում է։ Ցաւով եմ ասում, որ ոլորտում համակարգւած աշխատանքը բացակայում է»,- եզրափակել է Գագիկ Գիւրջեանը։

Related Articles

Back to top button