Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխանամերձ փորձագէտի խոստովանութիւնը. Տաւուշի հատւածում ՀՀ-ի զիջած դիրքերը թէ՛ քանակութեամբ, թէ՛ որակով աւելի էական են, քան Ադրբեջանինը

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Օգոստոսի 1-ին սոցիալական ցանցերում եւ մամուլում, մասնաւորապէս, Sputnik Արմենիայում տեղեկութիւններ շրջանառւեցին այն մասին, որ «ադրբեջանցի սահմանապահները յետ են քաշւել Տաւուշի մարզի Բերքաբերի դիրքերից մէկից, ինչպէս պայմանաւորւել են կողմերը՝ այն զբաղեցրել են ՀՀ ԱԱԾ սահմանապահները»:

Միեւնոյն ժամանակ, ՀՀ ԱԱԾ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ չի մեկնաբանել տեղեկութիւնը։

Աւելի ուշ News.am-ի հետ զրոյցում Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Յարութիւնեանը հաստատել էր տեղեկութիւնը, թէ Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատւած հատւածից ադրբեջանական յենակէտը յետ է քաշւել:

Եթէ այս պնդումը համապատասխանում է իրականութեանը, ինչո՞ւ ՀՀ իշխանութիւններն աւելի վաղ այդ մասին արտահոսք չեն արել եւ օգտագործել քարոզչական նպատակներով: Հնարաւոր է՝ ադրբեջանական կողմը մի քանի մետր յետ է քաշւել իր զբաղեցրած դիրքից, բայց սեզոնային եւ դիրքերի բարելաւման տրամաբանութեան մէջ՝ աւելի շատ: Իսկ Տաւուշում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հէնց սկզբից, չնայած մեր գրաւոր հարցումներին ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը, այդպէս էլ չյաջողւեց պարզել՝ քանի՞ մարտական դիրք ենք յանձնել Ադրբեջանին կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զօրքերին, արդեօ՞ք տեղի է ունեցել հայելային յետքաշում:

Միւս կողմից, «Ազատութեանը» տւած հարցազրոյցում իշխանամերձ քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինեանը, ըստ էութեան, ակնարկել է՝ ոչ մի հայելային յետքաշում էլ տեղի չի ունեցել, այսինքն՝ հայկական կողմը շատ աւելի մեծ դիրքային զիջումներ է արել: Միւս կողմից, նա յայտարարել է, որ 4 գիւղերը հայկական չէին, այսինքն՝ Հայաստանը 4 գիւղ չի զիջել Ադրբեջանին:

«ՀՀ զինւած ուժերը դուրս են եկել 4 գիւղատեղիներից, դրանք բնակավայրեր չէին, նոյնիսկ 4 էլ չէ, որովհետեւ այդ բնակատեղիներից, աւերակներից մէկն ընդհանրապէս ՀՀ վերահսկողութեան ներքոյ չէ, երկուսը՝ մասնակի, մէկն ամբողջութեամբ էր ՀՀ վերահսկողութեան ներքոյ: Այսինքն, ՀՀ-ն 4 գիւղ Ադրբեջանին չի զիջել: ՀՀ զինւած ուժերը դուրս են եկել իրենց վերահսկողութեան տակ գտնւող որոշ դիրքերից, որոնք ապահովում էին մասնակի վերահսկողութիւն 2 ադրբեջանական բնակավայրի վրայ եւ մէկ ամբողջական վերահսկողութիւն նախկինում բնակեցւած ադրբեջանական բնակավայրի վրայ: Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը շարունակւում եւ շարունակւելու է, առաջիկայ ամիսներին, կարծում եմ, կը տեսնենք դելիմիտացիա-դեմարկացիայի երկրորդ էպիզոդը այլ հատւածում: Իսկ այն կէտում, որի մասին խօսում ենք՝ Տաւուշի հատւածում, միայն ՀՀ Զինւած ուժերը չեն, որ լքել են դիրքեր, նոյնը արել են նաեւ Ադրբեջանի զինւած ուժերը: Այո, կան կոնկրետ տեղանքով եւ թւով ադրբեջանական դիրքեր, որոնք Ադրբեջանի զինւած ուժերը լքել են այս պայմանաւորւածութիւնների արդիւնքում:

Իհարկէ, կոնկրետ այս հատւածում Հայաստանի զիջած դիրքերը թէ՛ քանակութեամբ, թէ՛ որակով, կը համարձակւեմ ենթադրել, աւելի էական են, քան Ադրբեջանինը: Մարդկանց մօտ հարց է առաջանում՝ ինչի՞ է անընդհատ Հայաստանը զիջում: Իսկապէս չէ՞ք հասկանում, որովհետեւ Հայաստանը պարտւել է պատերազմում, Հայաստանին է առաջին հերթին պէտք խաղաղութեան պայմանագիրը, դելիմիտացիան եւ դեմարկացիան, ինչպէս նաեւ կոմունիկացիաների բացազատումը (բացումը.- Մ.Պ.): Ես բացարձակ չեմ տեսնում՝ Ադրբեջանին ինչի է հիմա դա պէտք, հակառակը՝ դա Ադրբեջանի համար մի ապրանք է, որը կարող է բաւականին երկար եւ արդիւնաւէտ վաճառել»,- մանրամասնել է Արեգ Քոչինեանը:

Թէ որտեղ եւ քանի դիրք է ադրբեջանական կողմը լքել, եւս մէկ անգամ կը փորձենք պարզել ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից եւ ԱԱԾ-ից:

Սակայն մի բան յստակ է՝ իշխանամերձ փորձագէտը հաստատել է այն պնդումները, որ Տաւուշում հայկական կողմը գնացել է զիջումների, եւ աւելի է զիջել, քան Ադրբեջանը, եւ, որ այդ դիրքերը որակական առումով էական նշանակութիւն են ունեցել անվտանգային առումով: Այսինքն, եթէ նոյնիսկ ընդունենք, որ Ադրբեջանը եւս ինչ-ինչ դիրքերից յետ է քաշւել, դրանք այնքան էական նշանակութիւն չեն ունեցել, որքան Հայաստանի զիջած դիրքերը:

168.am

Related Articles

Back to top button