Ինչո՞ւ Արցախի ղեկավարութիւնը չեղարկեց Արցախի լուծարման չարաբաստիկ հրամանագիրը
Մեկնաբանում են փորձագէտները
Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանի խորհրդական Վլադիմիր Գրիգորեանն դեկտեմբերի 22-ին ուշագրաւ յայտարարութիւն է արել՝ նշելով, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյութիւն չունի։
Ըստ նրա՝ դրա համար հիմք է հանդիսանում Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարութեան անդամները, խորհրդարանը, Անվտանգութեան խորհրդի քարտուղարը, իրաւապահ մարմինները, Ստեփանակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտօնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրութեան։ Շահրամանեանի այդ հրամանագրում նաեւ նշւում է, որ 2023 թւականի հոկտեմբերի 1-ից յետոյ Արցախի Հանրապետութեան անունից տրւող փաստաթղթերը վաւերական են: Այս մասին արցախցի պաշտօնեան յայտարարել է «Ազատութեան» հետ զրոյցում։
Աւելի ուշ արդէն Արցախի տեղեկատւական շտաբը հաղորդագրութիւն տարածեց՝ տեղեկացնելով, որ Սամուէլ Շահրամանեանն հանդիպել է պետական այն մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտօնավարել հասարակական հիմունքներով:
Հանդիպման ժամանակ Արցախի նախագահն անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած իր՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին, ընդգծել է, որ՝ «Արցախի Հանրապետութեան իրաւական դաշտում գոյութիւն չունի փաստաթուղթ, որով նախատեսւում է լուծարել պետական ինստիտուտները»:
Աւելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանն էր յայտարարել, թէ Արցախը լուծարելու մասին նախագահ Սամուէլ Շահրամանեանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու եւ այն չեղարկելու շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։ Բայց թէ ի՞նչ ճանապարհով կը նախաձեռնւի այդ գործընթացը, դեռեւս յստակ չէ։
Գեղամ Ստեփանեանն ասել էր՝ կարեւոր է, որ թէկուզ թղթի վրայ Արցախի պետական մարմինները գոյութիւն ունենան։
«Այդ ինստիտուտների պահպանութիւնը թէկուզ թղթի վրայ շատ կարեւոր է զուտ Արցախի նկատմամբ իրաւունքների էջը չփակելու համար: Կարեւոր է, որ այդ կառավարութիւնը՝ կա՛մ խորհրդարանը, կա՛մ սահմանադրական մարմինները, որոնք, ըստ էութեան, Արցախի պետականութեան կարեւոր բաղադրիչներն են հանդիսանում, պահպանւեն, թէկուզ, եթէ դրա տակ դրւած չեն կոնկրետ լիազօրութիւններ եւ կոնկրետ գործառոյթներ»,- ասել էր Արցախի օմբուդսմէնը:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի՝ Արցախի դէմ սկսած ռազմական արիւնալի օպերացիայի ֆոնին յայտնի դարձաւ, որ Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ յունւարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կը դադարեցնի գոյութիւնը, մինչեւ յաջորդ տարեսկիզբ կը լուծարւեն պետական բոլոր կառոյցները։ Ըստ հրապարակման՝ Շահրամանեանը որոշումն ընդունել էր՝ յանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան եւ կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակւել, դրա մասին միայն տեղեկութիւն է տարածւել՝ նախ ռուսերէն, ապա հայերէն։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութեան մօտ բողոքի ակցիայի ժամանակ Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը յայտարարել էր, թէ Արցախի Հանրապետութիւնը չի լուծարւել, եւ որ այդ ստորագրւած փաստաթղթի հետ կապւած շատ մանրամասներ կան, որոնք վերջինս չի կարող բարձրաձայնել։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ տեղեակ ենք փաստաթղթի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերից, եւ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծւած հանրապետութիւնը»,- ասել էր նա։
168․am-ի հետ զրոյցում ռուս կովկասագէտ Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ սա բաւականին անակնկալ յայտարարութիւն էր, որը խորն ուսումնասիրման եւ վերլուծութեան կարիք ունի, թէեւ օրերս ադրբեջանական մամուլում եղել էր լուր այն մասին, որ Շահրամանեանի հրամանագիրը կառավարութեան անդամները հակասահմանադրական են որակում։
«Փաստօրէն այդ լուրը հաւաստի էր, քննարկում եղել է եւ նման որոշում է կայացւել»,- նկատեց նա։
Սակայն, Տարասովի խօսքով, առաջին հայեացքից կարելի է ենթադրել, որ սա արւում է՝ չեղարկելու համար այն հրամանագիրը, որը կանգնեցրեց Ադրբեջանի սեպտեմբերեան օպերացիան, որից յետոյ ղարաբաղահայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ ցոյց է տրւում, որ դա ստորագրւել է ճնշման ներքոյ։ Վերլուծաբանի կարծիքով, սա առաջին հերթին արւում է ԼՂ կառավարութեան աշխատանքը ՀՀ-ում այսուհետ եւս իրականացնելու, ինչպէս նաեւ ղարաբաղահայերի իրաւունքների հարցը բարձրացնելու հնարաւորութիւն ունենալու նպատակով։
«Թէ այդ կառավարութիւնն այսօր կոնկրետ ինչ աշխատանք է իրականացնում, ինչ կոնկրետ արդիւնքներ է տալիս այդ աշխատանքը եւ ապագայում կը տայ, դա այլ հարց է, սակայն կայ մտադրութիւն, ամենայն հաւանականութեամբ, շարունակել կառավարութեան աշխատանքը եւ աշխարհին ցոյց տալ, որ թէեւ հայերը լքել են ԼՂ-ն, սակայն ԼՂ այն կառոյցները, որոնք նախկինում աշխատել են, շարունակում են աշխատել ՀՀ տարածքում եւ զբաղւել հայերի իրաւունքների հարցերով։ Երկրորդ խոշոր նպատակը, բնականաբար, նախատեսւած է ապագայի եւ ապագայ զարգացումների, գուցէ ինչ-որ հնարաւորութիւնների համար, որոնք այսօր բարդ է հասկանալ, քանի որ Ադրբեջանի իշխանութիւններն արդէն իրավիճակ են թելադրում Ղարաբաղում, որ հայերը կարող են ապրել Ադրբեջանի սահմանադրութեան եւ օրէնքների ներքոյ, Ղարաբաղում հայեր չեն մնացել, ինչն առանցքային հանգամանք է։
Սակայն հաշւարկն ամենայն հաւանականութեամբ այն է, որ եթէ ապագայում հնարաւորութիւն ընձեռւի հայերի համար վերադառնալ ԼՂ, այս կառոյցները կարող են ինչ-որ գործառոյթներ իրականացնել։ Այս պահին կարող եմ ասել, որ նպատակներից մէկը վերաբերում է ներկային, միւսը՝ հնարաւոր ապագային։
Չէ՞ որ ղարաբաղահայերի ԼՂ վերադառնալու իրաւունքի մասին խօսում են թէ՛ Ռուսաստանում, թէ՛ նոյնիսկ Արեւմուտքում։ Բարդ է պատկերացնել, թէ դա ինչպէս է հնարաւոր, ինչ պայմաններում, երբ Ադրբեջանը կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում, իսկ ղարաբաղահայերը յայտարարում են այդ պայմանները չընդունելու մասին եւ նախընտրեցին լքել ԼՂ-ն, քան ապրել այդ թելադրանքի ներքոյ, սակայն արւում է ինչ-որ քայլ, որը ներկայումս մեծ յոյս չի ներշնչում, սակայն որոշակի իրավիճակում գուցէեւ օգտակար լինի»,- նման կարծիք յայտնեց Տարասովը։
Նրա խօսքով, այս հարցում իրեն հետաքրքիր է պաշտօնական Երեւանի դիրքորոշումը, քանի որ ՀՀ-ում կային բազմաթիւ կարծիքներ, որ այն կառավարութիւնը, որն աշխատում էր Ղարաբաղում, ՀՀ-ում չպէտք է գործի, ուստի հետաքրքիր է, թէ այս տարաձայնութիւնը ժամանակի ընթացքում ինչպէս կը լուծւի։
«Բնականաբար, Ադրբեջանի արձագանգը կոշտ է լինելու այս ամենին, դա ամենականխատեսելին է։ Հարցն այն է, որ այսօր նման որոշումն իրավիճակ չի փոխում, սակայն այն կայացնողները գուցէ որոշակի տեսլական ունեն։ Ես անձամբ տեսել եմ ու տեսնում եմ Սան Մարինոյի կարգավիճակը։ Այնուամենայնիւ, թուրք-ադրբեջանական մամուլում ժամանակ առ ժամանակ պատահում են հրապարակումներ այն մասին, որ նրանք որոշակի ծրագիր են մշակում հայերի ինտեգրացիայի վերաբերեալ, այդ հարցը կայ, դա բոլորը տեսնում ու հասկանում են։ Թէեւ հայերը նշում են, որ համաձայն չեն Ադրբեջանի պայմաններին, սակայն այդ հարցերը գոյութիւն ունեն եւ դրանք ենթակայ են բանակցութիւնների։ Կրկին հարց է, թէ ով եւ ինչպէս պէտք է բանակցի, այնուամենայնիւ հարցը առկայ է, այն ճանաչում են նաեւ Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը»,- նկատեց նա։
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրոյցում ասաց, որ մի փոքր բարդ է պատկերացնել, թէ ինչ է փոխում այդ հրամանագիրը չեղարկելու մասին յայտարարութիւնը, երբ Ղարաբաղում հայեր չեն ապրում, չկան։
«Այն, ինչ տեղի ունեցաւ սեպտեմբերին, ծանր էր Ղարաբաղում բնակւող հայութեան համար, ակնյայտ էր, որ կայացւած որոշումները ստիպւած էին, պարզ էր նաեւ, որ մարդիկ իրենց իրաւունքներից այդքան հեշտ չեն հրաժարւելու, փորձելու են պայքարի եղանակներ գտնել, թէեւ ՀՀ իշխանութիւնների ներկայիս դիրքորոշման պայմաններում նաեւ դա բարդ է թւում։
Այնուամենայնիւ, մարդիկ փորձում են պայքարել իրենց իրաւունքների համար, ասել, որ սա սպասելի չէր, սխալ կը լինի։ Թէ կոնկրետ ինչ հնարաւորութիւններ կան, բարդ է, ասել, որ սեպտեմբերեան զարգացումներով բոլոր հարցերը լուծւեցին, եւս սխալ կը լինի։ Շատ զարգացումներ են հնարաւոր, սակայն, կարծում եմ, դրանք քննարկւելու են այլ ձեւաչափերում, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցութիւններում կարծես նման հարց չկայ։ Գուցէ ՌԴ-ն, որը բարձրացրել էր այս հարցը, զբաղւի այս հարցով ինչ-որ պահի։ Կամ՝ այլ միջնորդ»,- նկատեց նա։