Իրանն Իրաքից պահանջել է շարունակել ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարը Քուրդիստանում
«ԱԼԻՔ» – Իրանը Իրաքից պահանջել է շարունակել ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարն այդ երկրի Քուրդիստանի շրջանում եւ հեռացնել նրանց Իրանի հետ սահմանամերձ շրջաններից: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 3-ին, Բաղդադում, Իրաքի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին:
Նա երախտագիտութիւն է յայտնել Իրաքի կառավարութեանը հակաիրանական ահաբեկչական խմբաւորումներին Իրանի հետ Քուրդիստանի սահմաններից դուրս բերելու համար:
«Ակնկալում ենք, որ Իրաքի կառավարութիւնը կը շարունակի իր գործողութիւններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչական խմբաւորումներն ամբողջութեամբ չեն զինաթափւել»,- ասել է գեներալ Բաղերին՝ յաւելելով. «Դեռեւս մտավախութիւններ ու ակնարկներ կան Իրանի հետ ընդհանուր սահմանի երկայնքով մի շարք ահաբեկչական տարրերի առկայութեան մասին: Իրանի եւ Իրաքի միջեւ 1500 կմ. սահմանը պէտք է ապահով սահման լինի բարեկամութեան, առեւտրի եւ զբօսաշրջութեան համար»։
Գեներալ Բաղերին հանդիպել է նաեւ Իրաքի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Աբդէլ Էմիր Ռաշիդ Եարօլլահի հետ։
Բարձրաստիճան զինւորականները քննարկել են երկու հարեւան երկրների միջեւ համատեղ զօրավարժութիւնների անցկացման եւ պաշտպանական համագործակցութեան զարգացման ծրագրերը:
Գեներալ Բաղերին, յայտնելով Իրանի ԶՈՒ-ի պատրաստակամութիւնը՝ կանխելու ցանկացած սպառնալիք Իրաքի տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան դէմ, ասել է, որ երկու հարեւան երկրները կարող են փոխանակւել ահաբեկչութեան դէմ պայքարում իրենց փորձով։
Նա նաեւ ասել է, որ ընդհանուր սահմանի երկայնքով համատեղ զօրավարժութիւնները կը երաշխաւորեն կայուն սահմանային անվտանգութիւնը։
Իր հերթին գեներալ Եարօլլահը յայտնել է Իրաքի պատրաստակամութիւնը՝ Իրանի հետ համատեղ զօրավարժութիւններ անցկացնելու, ռազմական, պաշտպանական եւ ուսումնական համագործակցութիւնը, փորձի փոխանակումն ընդլայնելու հարցում։