Միջազգային մամուլը՝ վաշինգտոնեան գործընթացների մասին. «Վաշինգտոնն այժմ կարող է զօրքեր տեղակայել անմիջապէս Իրանի սահմանին՝ փակելով Թեհրանի մուտքը դէպի Հայաստան»

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Նիկոլ Փաշինեանի, Իլհամ Ալիեւի եւ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրւած համատեղ հռչակագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նախաստորագրած խաղաղութեան պայմանագիր կոչւածը Հայաստանի իշխանութիւնները համարում են խաղաղութեան հաստատման սկիզբ: Աւելին, ըստ Նիկոլ Փաշինեանի՝ օգոստոսի 8-ից յետոյ մենք ապրում ենք «բացարձակապէս ուրիշ, բոլորովին նոր» Հայաստանի Հանրապետութիւնում:
«Մենք՝ Երրորդ Հանրապետութեան քաղաքացիներս, չգիտենք, թէ ինչ է խաղաղութիւնը, չգիտենք, թէ ինչ է նշանակում ապրել խաղաղութեան պայմաններում, աշխատել խաղաղութեան պայմաններում։ Դա մեզ անծանօթ զգացում է, որովհետեւ մեր անկախութեան առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրավիճակում»,- իր ուղերձում նշել էր Փաշինեանը:
Փաշինեանը նաեւ շեշտել էր՝ հռչակագրում արձանագրւեց, որ Հայաստանի Հանրապետութիւնն աշխատելու է Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցւած երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքում «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) հաղորդակցութեան ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Ընդ որում, ընդգծւեց մեր վճռականութիւնը բարեխղճօրէն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սոյն նպատակին հնարաւորինս արագ կերպով հասնելու համար։
Խաղաղութի՞ւն, թէ՞ հերթական կապիտուլիացիա: Արդեօ՞ք «Թրամփի ուղին» նոյն «Զանգեզուրի միջանցք» կոչւածը չէ, ինչո՞ւ է յատուկ շեշտւում Ադրբեջանի համար անխոչընդոտ կապ ապահովելու մասին: Արդեօ՞ք Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը, եւ ապաշրջափակւելու փոխարէն՝ նաեւ հարաւային հատւածից չի յայտնւում շրջափակման մէջ: Արդեօ՞ք Հայաստանն այսպիսով չի ներքաշւում աւելի վտանգաւոր գործընթացում, այն է՝ Իսրայէլ-Իրան պատերազմի մէջ: Այս հարցադրումները կարելի է շարունակել, եւ դրանք հնչեցւում են ոչ միայն հայաստանեան ընդդիմութեան, այլեւ միջազգային ակտորների, ուղեղային կենտրոնների, վերլուծաբանների, քաղաքագէտների եւ տնտեսագէտների կողմից:
Օգոստոսի 8-ին ստորագրւած հռչակագրի վերաբերեալ ծաւալուն յօդւած հրապարակեց ամերիկեան The Soufan Center-ը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ռազմավարական յաղթանակ է գրանցել, քանի որ երթուղին շրջանցելու է թէ՛ Իրանին, թէ՛ Ռուսաստանին՝ ամերիկեան կողմի եւ նրա դաշնակիցների համար արձանագրելով ռազմավարական ձեռքբերում.
«TRIPP-ն Իրանի միակ ցամաքային սահմանը Հայաստանի հետ կը դնի ԱՄՆ-ի վերահսկողութեան տակ գտնւող տարանցիկ ճանապարհի ներքոյ, որը համընկնում է ադրբեջանա-թուրքական շահերի հետ՝ փաստացի սահմանափակելով Թեհրանի միակ բարեկամական մուտքը Հարաւային Կովկաս, մի հեռանկար, որին Իրանը երկար ժամանակ դէմ է եղել»:
SpecialEurasia-ն գրում է, որ Հայաստանն ԱՄՆ-ից անվտանգութեան երաշխիքներ եւ տնտեսական աջակցութիւն է փնտրում, սակայն բախւում է ինքնիշխանութեան սահմանափակման եւ տարածաշրջանային մեկուսացման վտանգներին.
«Փաշինեանը համաձայնագիրը ներկայացնում է որպէս անվտանգութեան եւ կայունութեան երաշխիք՝ երեք տասնամեակ տեւած հակամարտութիւնից յետոյ։ Այն ազդարարում է ռազմավարական շրջադարձ դէպի Արեւմուտք՝ պայմանաւորւած Ռուսաստանի անվտանգութեան երաշխիքների նկատմամբ վստահութեան կորստով։ Միեւնոյն ժամանակ, համաձայնագիրը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանութիւնը՝ երկրի որոշ հատւածներ ԱՄՆ վերահսկողութեան ներքոյ դնելու միջոցով, ինչպէս նաեւ սպառնալ յարաբերութիւններին Իրանի հետ, որը կարեւոր առեւտրային գործընկեր է եւ հարաւային հարեւան»:
The Jerusalem Post–ը գրում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը, որն այժմ վերանւանւել է «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարեկեցութեան երթուղի», պարզապէս սովորական տարանցիկ ուղի չէ։
«Իրանի համար այս 99-ամեայ ամերիկեան վարձակալութեան ձեւաչափը հիմնարար կերպով փոխում է Հարաւային Կովկասում ռազմավարական հաւասարակշռութիւնը. տարածաշրջան, որը Թեհրանը դիտարկում է՝ որպէս իր աւանդական ազդեցութեան ոլորտ։ Միջանցքը կապելու է մայրցամաքային Ադրբեջանն իր Նախիջեւանի անկլաւին՝ անցնելով Հայաստանի հարաւով, եւ արդիւնաւէտօրէն շրջանցելու է թէ՛ Իրանը, թէ՛ Ռուսաստանը՝ երկու ուժեր, որոնք պատմականօրէն միջնորդել են հակամարտութիւններում եւ պահպանել են նշանակալի ազդեցութիւն տարածաշրջանային կապերի վրայ»:
The Cradle պարբերականը գրում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողութեան միջոցով Վաշինգտոնն այժմ կարող է զօրքեր տեղակայել անմիջապէս Իրանի սահմանին՝ փակելով Թեհրանի մուտքը դէպի Հայաստան:
Կոլումբիայի համալսարանի աշխարհահռչակ պրոֆեսոր, տնտեսագէտ, միջազգային քաղաքականութեան վերլուծաբան, նորարարական կրթութեան առաջամարտիկ, կայուն զարգացման համաշխարհային առաջնորդ, բեսթսելլերների հեղինակ Ջեֆրի Սաքսը 168.am-ի հետ զրոյցում նշել էր, որ Հայաստանն իր ապագան գրաւադրում է՝ կապելով այն Միացեալ Նահանգների վարքագծին՝ չափազանց անկայուն տարածաշրջանում՝ գիտակցելով, որ Միացեալ Նահանգները, օրինակ, արդէն պատերազմել է Իրանի դէմ.
«Մտածէք Իրանի տեսանկիւնից․ Հայաստանն այդպիսով ասում է ԱՄՆ-ին՝ մենք գիտենք, որ դուք պատերազմի մէջ էք Իրանի հետ, մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայէլը պատերազմի մէջ է Իրանի հետ, մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայէլի դաշնակիցն է, բայց խնդրեմ, վերցրէք այս հողը հէնց Իրանի սահմանին։ Եւ ասում են՝ խնդիր չկայ։ Դա իրականում Հայաստանի ներքաշումն է պատերազմի մէջ։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թէ ինչի մասին է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը, բայց սա շատ սադրիչ եւ վտանգաւոր քայլ է։ Եթէ աշխարհաքաղաքական տեսանկիւնից նայենք, սա Հայաստանի ներգրաւումն է Իսրայէլի եւ Իրանի պատերազմում։ Իսկ դա իրօ՞ք այն է, ինչ ուզում է Հայաստանը։ Չէ՞ որ աւելի լաւ կը լինէր ունենալ հանգիստ ու խաղաղ յարաբերութիւններ, քան ինքնակամ մտնել ընթացող պատերազմի մէջ։ Ես դա չեմ հասկանում»:
Այսպիսի վերլուծութիւնների եւ գնահատականների շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Մի բան պարզ է՝ հայ հասարակութիւնը եւս գիտակցում է վերոնշեալ գործընթացների վտանգները եւ մեղմ ասած՝ կասկածանքով վերաբերւում խաղաղութեան մասին իշխանութիւնների յայտարարութիւններին, ինչի ցուցիչն են տարբեր սոցիոլոգիական հարցումներ: Եթէ այս ամենին գումարւում են նաեւ Ադրբեջանի նախագահի եւ ադրբեջանական մամուլի հրապարակումները, պատկերն աւելի պարզ եւ ամբողջական է դառնում:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
168.am