Հայաստան - Արցախ

Գառնիկ Դաւթեան. «Ադրբեջանի հետ առանց միջնորդների հանդիպումը շատ մեծ վտանգներ է պարունակում»

Ադրբեջանի հետ առանց միջնորդների հանդիպումը շատ մեծ վտանգներ է պարունակում եւ ադրբեջանական կողմը այդ հարթակը հետագայում կարող է օգտագործել պատերազմական գործողութիւնները արդարացնելու տեսակէտից՝ մասնաւորաբար նշելով, որ հայկական կողմը խոստացել է զիջումների գնալ, սակայն հրաժարւել է դրանք կատարել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցութիւնների ներկայիս փուլին:

«Չկայ որեւէ երաշխիք, որ եթէ Ադրբեջանն ու Հայաստանը ինչ-որ պայմանաւորւածութիւն ձեռք բերեն սահմանների հարցում, կամ ինչ-որ մի հարցում, յաջորդ օրն ադրբեջանական կողմը չի ասի, որ հայկական կողմը խախտում է իր պարտաւորութիւնները եւ չի կատարում: Յիշենք, որ նախորդ բանակցութիւններում, չնայած որ միջնորդներ կային՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ եւ այլն, Ադրբեջանը իր պայմանաւորւածութիւնները չի կատարել եւ այս անգամ նոյնպէս հնարաւորութիւն է ընդձեռնւում Ադրբեջանին մեղքը բարդել Հայաստանի վրայ: Ի նկատի ունեմ, որ միշտ պէտք է լինի երաշխաւորող կողմ, կամ արտաքին ազդող գործօն, որը միշտ ուշադրութեան կենտրոնում կը պահի ստանձնած պարտաւորութիւնը եւ հնարաւորինս կը զսպի Ադրբեջանին մանիպուլիացիաներ եւ կեղծիքներ կատարելուց: Ստախօս կողմի հետ՝ ադրբեջանական կողմի հետ երբեք չկան երաշխիքներ որ դու կարող ես առանց միջնորդի բանակցես եւ ունենաս ռէալ յաջողութիւններ, կամ թէկուզ փոխզիջման գալ»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ նոր պատերազմի հաւանականութեանը՝ ադրբեջանագէտը նշում է, որ հակառակորդը հասկացել է, որ Հայաստանում իշխանութիւնը ոչ միայն կապիտուլացւած է, այլեւ վախկոտ է եւ այս համատեքստում փորձելու են առաւելագոյնը ստանալ հէնց պատերազմով:

«Այսօր Ադրբեջանը չի ցանկանում խաղաղութիւն, որովհետեւ հասկանում է, որ եթէ հիմա ստանայ այն, ինչ ցանկանում է, ապա հետագայում չի կարող իր ցանկութիւնների զամբիւղը մեծացնել: Հետեւաբար, սրանց հետ բանակցելով այնպիսի ռազմաքաղաքական վիճակ կը ստեղծւի, որը նրանց հնարաւորութիւն կը տայ ռազմական գործողութիւններով աւելի մեծ պահանջներ ներկայացնել: Հիմա էլ նրանք խօսում են ադրբեջանցիների Հայաստանում բնակւելու մասին, եւ այլ պահանջների մասին, որը հետագայում մեզ համար կոլապսային իրավիճակ կը ստեղծի»,- ասաց նա:

Related Articles

Back to top button