Politico. «Քիսինջերը դէմ էր անկախ Պաղեստինի ստեղծմանը»
Politico-ն հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, Հենրի Քիսինջերի հետ իր վերջին հարցազրոյցը, որի ընթացքում քաղաքական գործիչը դէմ է արտայայտւել անկախ Պաղեստինի ստեղծմանը։
Պատասխանելով պարբերականի այն հարցին, թէ ինչ կանէր Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի փոխարէն, Քիսինջերը ճշտել է, որ ինքը Նեթանիահուի տեղում չէ, ուստի չի կարող դատողութիւններ անել բոլոր այն ուժերի մասին, որոնք ճնշում են նրան։
«ՀԱՄԱՍ-ի մասնակցութեամբ հակամարտութեան համար ես խաղաղ ելք չեմ տեսնում։ Ես կողմ կը լինէի արաբական աշխարհի եւ Իսրայէլի միջեւ բանակցութիւններին։ Ես չեմ տեսնում, յատկապէս այս իրադարձութիւններից յետոյ, որ Իսրայէլի եւ պաղեստինցիների միջեւ ուղիղ բանակցութիւնները շատ արդիւնաւէտ լինեն»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը։
Ըստ Քիսինջերի, ձեւական խաղաղութիւնը չի երաշխաւորում կայուն խաղաղութիւն։
«Երկու պետութիւնների ստեղծման մասին որոշման բարդութիւնը ցոյց է տրւած ՀԱՄԱՍ-ի փորձով: Գազայի հատւածը ձեւական անկախ հռչակւեց (Իսրայէլի նախկին վարչապետ Արիէլ) Շարոնի կողմից, որպէսզի փորձարկւի երկու պետութիւնների ստեղծման մասին որոշման հնարաւորութիւնը։ Իրականում սա յանգեցրեց շատ աւելի բարդ իրավիճակի։ Վերջին երկու տարւայ ընթացքում իրավիճակը շատ աւելի է վատացել, քան 2005 թ.-ին էր։ Այսպիսով, երկու պետութիւնների մասին որոշումը չի երաշխաւորում, որ այն, ինչ տեսանք վերջին շաբաթների ընթացքում, չի կրկնւի»,- ասել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, Արեւմտեան ափը պէտք է յանձնւի Յորդանանի հսկողութեանը, եւ ոչ թէ պէտք է ձգտել երկու պետութիւնների մասին որոշմանը, «որի դէպքում երկու տարածքներից մէկը վճռական կը լինի տապալելու Իսրայէլը»:
«Եգիպտոսն աւելի է մօտեցել արաբական կողմին, ուստի Իսրայէլի համար շատ դժւար կը լինի առաջ շարժւել։ Յուսով եմ, որ այս ամենի վերջում կը լինեն բանակցութիւններ, որոնք ես պատիւ եմ ունեցել ղեկավարել Դատաստանի օրւայ պատերազմի աւարտին։ Այն ժամանակ Իսրայէլն աւելի ուժեղ էր, քան նրան շրջապատող տէրութիւնները։ Այժմ պահանջւում է Ամերիկայի աւելի մեծ մասնակցութիւնը՝ հակամարտութեան շարունակումը կանխելու համար»,- ասել է նա:
News.am