Բուրգենշտոկի 60-օրեայ ճանապարհային քարտէզը. Սկսւեց ԱՄՆ պարտաւորութիւնների կատարման փորձաքննութիւնը

Շւէյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակի բանակցութիւնների առաջին փուլն աւարտւել է 60-օրեայ ճանապարհային քարտէզի շուրջ համաձայնութեամբ եւ տեխնիկական աշխատանքային խմբերի ձեւաւորմամբ։
Կատարի եւ Պակիստանի միջնորդութեամբ հրապարակւած համատեղ յայտարարութեան համաձայն՝ ստեղծւել է բարձր մակարդակի յանձնախումբ, որը վերահսկելու է Իսլամաբադի յուշագրի իրականացման քաղաքական ընթացքը։ Միաժամանակ ձեւաւորւել են մասնագիտական խմբեր՝ պատժամիջոցների վերացման, միջուկային հարցերի եւ տարաձայնութիւնների կարգաւորման ուղղութեամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային յայտնել է, որ վերջնական համաձայնութեան շուրջ բանակցութիւնների մեկնարկը պայմանաւորւած է կողմերի ստանձնած պարտաւորութիւնների գործնական կատարմամբ՝ շեշտելով «պարտաւորութիւն՝ պարտաւորութեան դիմաց» սկզբունքը։
Իրանական կողմի գնահատմամբ՝ Իրանի նաւթի վաճառքի, արտահանման արտօնութիւնների եւ սառեցւած միջոցների ազատ արձակման հարցերը կը դառնան ԱՄՆ-ի առաջին լուրջ փորձութիւնը։
Չնայած բանակցութիւնների ընթացքում առաջացած լարւածութեանը՝ կողմերը միջնորդների միջոցով շարունակել են հաղորդակցութիւնը։ Բոլոր դէպքերում, Բուրգենշտոկի ճանապարհային քարտէզի յաջողութիւնը մեծապէս կախւած է Վաշինգտոնի քաղաքական կամքից եւ ստանձնած պարտաւորութիւնների գործնական իրականացումից։



