Միհրան Յակոբեան. «Եւրոպական էլիտաներին պէտք է «չեմպիոն Ալիեւ», իսկ դրա համար օդ ու ջրի պէս անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիեւից Ա տառն է մնալու»

«ԱԼԻՔ» – «Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցութիւնների տապալման առիթով ՌԴ ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու մասին ասաց այն, ինչ իրականում մտածում են, բայց հրապարակայնօրէն չեն արտայայտւում: Ասաց՝ ոչ կրթութիւն ունես, ոչ ճանապարհ ես անցել, ով ես դու ընդհանրապէս… »։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պատմական գիտութիւնների թեկնածու Միհրան Յակոբեանը։
«Սա միայն Զելենսկուն չի վերաբերւում, սա վերաբերւում է բոլոր Զելենսկու նմաններին, այդ թւում՝ Նիկոլին: Տեղն եկաւ՝ ասեցին. էսօր ռուսներն են յարմար գտնում արտայայտւել, վաղը՝ եւրոպացիներն են արտայայտւելու, միւս օրը՝ չինացիները, ըստ օրւայ հրամայականի: Որովհետեւ իրականում բոլորն են այդպէս մտածում եւ արտայայտւում են՝ ըստ իրենց շահերի թելադրանքի:
Երբեւէ մտածե՞լ էք, թէ ինչու 44-օրեայ պատերազմից առաջ Նիկոլին տարան Միւնխէնում Ալիեւի հետ հրապարակային բանավէճի, այն էլ անգլերէնով: Չգիտէի՞ն, որ Ալիեւն ի տարբերութիւն Նիկոլի՝ լաւ կրթութիւն ունի, փորձառու դիւանագէտ է ու փորձառու պետական գործիչ: Այդ շոուի կազմակերպիչները գիտէին չէ՞, որ Նիկոլը թերուս է, անցած ճանապարհն էլ սահմանափակւում է դեղին մամուլի խմբագիր լինելով:
Իրենք գիտէին, բայց ցանկանում էին, որ եւրոպական լսարանն էլ տեսնի ու իմանայ, թէ ով է Հայաստանի վարչապետը, ով է հայերի լիդերը, ինչ է իրենից ներկայացնում: Պէտք էր եւրոպական լսարանին համոզել, որ սա է հայերի շնորքն ու մակարդակը, որպէսզի իրենց իսկ քաւորութեամբ Արցախը յանձնելու եւ էթնիկ զտման ժամանակ եւրոպական հանրութիւնը ձայն-ծպտուն չհանի՝ յիշելով Միւնխէնում իր տեսած կոստիւմով պապուասի շնորքն ու մակարդակը:
Պրոֆեսիոնալ բռցքամարտում կան չէ՞ «սարքած չեմպիոններ», երբ մէկին ռէյտինգ հաւաքելու համար անընդհատ թոյլ մրցակիցներ են ապահովում, որ յաղթի ու առաջ գնայ: 2020-ի Միւնխէնի բանավէճը հէնց այս տրամաբանութեամբ էր կազմակերպած: Պէտք էր Ալիեւին «չեմպիոն սարքել», իսկ դրա համար անհրաժեշտ էր Նիկոլի նման մէկը, որը կը համարձակւի ազգի ու պետութեան անունից չիմացած անգլերէնով բանավիճել ու անհեթեթութիւններ դուրս տալ:
Գէոպոլիտիկան շատ աւելի դաժան ու ցինիկ երեւոյթ է, քան կարող է թւալ առաջին հայեացքից: Ռուսաստանը դեռ մի կողմ, բայց փաստացի մարդու իրաւունքներ ու ժողովրդավարութիւն քարոզող եւրոպական էլիտաների համար իրենց համար ատելի սովետական ԿԳԲ-ի գեներալի որդու իշխանութիւնն Ադրբեջանում աւելի կարեւոր էր, քան հայերի՝ իրենց հողի վրայ ազատ ապրելու ցանկութիւնը: Զարմանալի ոչինչ չկայ, որովհետեւ այդ նոյն եւրոպական էլիտաները երկրագնդի տարբեր տարածաշրջաններում համագործակցել ու համագործակցում են Ալիեւից շատ աւելի բեթարների հետ:
Եւ, քանի որ շուրջ քառորդ դար Հայաստանի նախկին ղեկավարներն Ալիեւներին վեր-վեր թռնելու շանս չէին տւել, բայց պէտք էր Ալիեւին «չեմպիոն դարձնել», անհրաժեշտութիւն էր, որ Հայաստանում իշխանութիւն լինի Նիկոլի նման մէկը: Իսկ դրա համար անհրաժեշտ էր 2018-ի յեղափոխութիւնը, որին հայ ժողովուրդը մեծ սիրով մասնակցեց՝ չնայած բազմաթիւ ճիչերի, որ Նիկոլն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի գերեզմանափորն է:
Ալիեւի «չեմպիոնական գօտին» պահելու համար է, որ եւրոպական էլիտաները «չեն նկատում» Հայաստանում Նիկոլի ռեժիմի կոռուպցիան, բռնութիւնները, մարդասպանութիւններն ու այն ամէնի սմբակահարումը, ինչը Եւրոպան արժէք է հռչակել: «Չեն նկատում», որովհետեւ դեռեւս իրենց պէտք է «չեմպիոն Ալիեւ», իսկ դրա համար օդ ու ջրի պէս անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիեւից Ա տառն է մնալու»,- գրել է նա: