«Ընտրութիւնների արդիւնքները չեն արտացոլում ժողովրդի կամքը»
Վեց կուսակցութիւնների յայտարարութիւնը

Յունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների եւ երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակի վերաբերեալ
Հայաստանի Հանրապետութիւնում կայացած խորհրդարանական ընտրութիւնները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար եւ մրցակցային բնոյթը։
Ներքոստորագրեալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառեալ նախընտրական ժամանակահատւածում եւ քւէարկութեան օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպւած խախտումներ, որոնք էական ազդեցութիւն են ունեցել ընտրողների ազատ կամարտայայտութեան, քաղաքական հաւասար մրցակցութեան ապահովման եւ ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահութեան վրայ, իսկ գործող վարչախմբի կողմից թոյլ են տրւել ընտրական իրաւունքի սկզբունքների խախտման ակնյայտ դրսեւորումներ։
Մասնաւորապէս՝
1.Վարչական ռեսուրսի լայնածաւալ կիրառում եւ ճնշումներ
Ամբողջ երկրում պետական եւ համայնքային պաշտօնեաների, ինչպէս նաեւ նոյն կառոյցների, կրթական ու առողջապահական հաստատութիւնների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիւ ներգրաւումը քաղաքական գործընթացներում խաթարել է հաւասար մրցակցային պայմանները։
2.Քաղաքական հետապնդումներ եւ ձերբակալութիւններ
Նախընտրական քարոզարշաւն ուղեկցւել է ընդդիմադիր գործիչների, ակտիւիստների եւ աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանութիւնները կիրառել են անհիմն ձերբակալութիւնների եւ կալանաւորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահութիւն վայելող գործիչներին եւ խաթարել ընդդիմադիր ընտրազանգւածի հետ տարւող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնոյթ կրող գործողութիւնները յատկապէս իրականացւել են նախընտրական քարոզարշաւի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
3.Ընդդիմադիր շտաբերի գործունէութեան նպատակաուղղւած խոչընդոտում
Քւէարկութեան նախօրէին եւ բուն ընտրութիւնների օրը՝ յունիսի 7-ին, իրաւապահ մարմինների կողմից իրականացւել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթւածահարում։ Խուզարկութիւնները, անհիմն իրաւական գործողութիւններով շտաբերի բնականոն գործունէութեան խաթարումները եւ կազմակերպիչների ձերբակալութիւնները միտւած են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չէզոքացմանը։
4.Տեղեկատւական քարոզչամիջոցների չարաշահում
Հանրային եւ իշխանութեանը յարող, նոյնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշաւի ընթացքում օգտագործւել են ընդդիմութեան վարկաբեկման, անմեղութեան կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման եւ ատելութեան խօսքի տարածման համար։ Տեղեկատւական դաշտում այլակարծութեան ճնշումը խախտել է հաւասար մրցակցութեան բոլոր սահմանադրական նորմերը։
5.Ձայների հաշւարկի եւ ընտրողաբար ընտրական տեղամասերի արդիւնքների անվաւէր ճանաչում
Բազմաթիւ ընտրատեղամասերում քւէարկութեան արդիւնքների կամայական խմբագրման եւ առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դէպքեր են արձանագրւել, որոնք ազդեցութիւն են գործադրել ընտրութեան արդիւնքների եւ քաղաքական ուժերի ձայների յարաբերակցութեան վրայ։ Նշւածը զուգորդւել է նախքան քւէարկութեան արդիւնքների վերաբերեալ պաշտօնական տւեալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրութիւնների արդիւնքներին ուղիղ միջամտութեամբ։
Ընտրութիւնների վերաբերեալ ներկայացւած պաշտօնական տւեալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ընտրութիւնների ստոյգ արդիւնքները։
Նման պայմաններում արձանագրւած արդիւնքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնը վայելող իշխանութեան ձեւաւորման համար։
Երկրում իրավիճակի հետագայ ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատւութիւնն ամբողջութեամբ ընկնում է Նիկոլ Փաշինեանի եւ նրա վարչախմբի վրայ։
Մենք շարունակելու ենք գործել բացառապէս Սահմանադրութեան, օրէնքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտայայտութեան իրաւունքը եւ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան ու ժողովրդավարութեան հիմնարար արժէքները։
Մեր ապագայ որոշումներում եւ գործողութիւններում ելնելու ենք բացառապէս այս իրողութիւններից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնների դաշինք
«Հայաստան» կուսակցութիւնների դաշինք
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն
«Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցութիւն
«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցութիւն



