Ռոբերտ Քոչարեան. «Մանդատները լուրջ գործիքներ են հետագայ պայքարը շարունակելու համար»

«Հերթական բլէֆն էր փորձում անել, որ կարողանան ազդել հետագայ հաշւարկի վրայ»,-անդրադառնալով յունիսի 7-ի ընտրութիւնների գիշերը ընտրութիւնների ձայների հաշւարկի տասը տոկոսի հիման վրայ Նիկոլ Փաշինեանի՝ իր յաղթանակի յայտարարմանը՝ News.am, Yerevan.Today եւ 5-րդ ալիք լրատւամիջոցների հետ զրոյցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում բոլոր ընտրութիւններին ընդհանուր վերցրած այդքան կալանաւորումներ չեն եղել, այդքան քրէական գործեր չեն յարուցւել, ինչպէս միայն այս ընտրութիւնների ժամանակ։
Նրա տպաւորութեամբ՝ ԿԸՅ-ն տարօրինակ կեցւածք ցուցաբերեց. «Ուղիղ հեռարձակումները դադարեցին, ԿԸՅ կայքը խաթարւեց, յունիսի 7-ի գիշերւայ ընթացքում փորձում էին ամէն ինչ անել, որ իրենց ուզած համոզիչ յաղթանակը նկարեն։ Առնւազն մի տասը տոկոս իրենք տարբեր հնարքներով աւելացրել են»։ Ըստ Ռոբերտ Քոչարեանի՝ այս ընտրութիւնները չեն կարող համարւել լեգիտիմ. «Դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու։ Ակնկալիք չկայ ՍԴ-ից, բայց այս գործընթացով պէտք է անցնենք։ ՍԴ նստերը բաց են, եւ այս ամէնը մեր հանրութեանը ցոյց պիտի տանք, թէ ինչ է կատարւել ընտրութիւնների ժամանակ, մինչեւ ընտրութեան օրը եւ ընտրութիւնների ընթացքում»։ Փաստմանը՝ ընդդիմութեանը բազմաթիւ կոչեր են հնչում չվերցնել մանդատները եւ հարցին՝ ի՞նչ են մտադիր անել, Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց. «Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապւած։ Սա այն որոշումն է, որը պիտի կայացւի՝ խորհրդակցելով նաեւ այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Եթէ պէտք է պայքարը շարունակել, պէտք է օգտագործել բոլոր գործիքները, որոնք հնարաւոր են։ Մանդատները լուրջ գործիքներ են հետագայ պայքարը շարունակելու համար։ Սա իմ անձնական կարծիքն է։ Պայքարը շարունակելը նաեւ փողոցային պայքարն է։ Իշխանութեան լեգիտիմութիւնը լուրջ կասկածի տակ է»։
Ըստ Ռոբերտ Քոչարեանի՝ այն, ինչ կատարւում է հիմա՝ ԲՀԿ-ի ձայների հետ, եւս արտառոց բան է. «ԿԸՅ-ն կայացրել է որոշում, որի իրաւունքը չունի։
Ինքը չի կարող անվաւէր ճանաչել որեւէ տեղամասում քւէարկութեան արդիւնքները, կարող է այդ տեղամասում նոր ընտրութիւններ կազմակերպել։ Ընդհանրապէս ԿԸՅ կեցւածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշեր։ Իսկապէս հարցեր են առաջացնում. արդեօք ԿԸՅ-ն ՔՊ-ի շարունակութիւնն է։ ԿԸՅ նախագահը նախկին ՔՊ-ական պատգամաւոր է, եւ այստեղ անաչառութեան որեւէ նշոյլ չկայ։ Սա առաջացնում է ոչ լեգիտիմ ընտրութիւնների ընկալմանը լուրջ փաստարկներ»։
Մանդատները վերցնելու դէպքում խնդիր չի՞ առաջանայ, որ Նիկոլ Փաշինեանը կը փորձի «իրենով ձայներ անել» ընդդիմութիւնից եւ ստանալ սահմանադրական մեծամասնութիւն, ինչը հիմա չունի, Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց․ «Ամէն քաղաքական ուժ պատասխանատու է իր ցուցակի համար։ Մարդիկ, որոնք անցնում են «Հայաստան» դաշինքի ցուցակով, չեն կարող որեւէ կասկած առաջացնել»։
ՏԱԹԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



