Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Աւետիք Իշխանեան. «Վարչապետ կոչեցեալն ընդհանրապէս չի պատկերացնում իր հեռանալն իշխանութիւնից»

Yerkir.am-ի հարցերին պատասխանել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը:

Պարոն Իշխանեան, ՀՀ վարչապետը օրերս հանրութեանը հրամցրեց մեր իրականութեան իր մեկնաբանութիւնները, որոնք, մեղմ ասած, թերեւս անհասկանալի են։ Օրինակ, նա ասաց «Խնդիրն այն է, որ անձամբ ես եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, ինչպէս ՀՀ հազարաւոր քաղաքացիներ, ներքին խնդիր են ունեցել այդ ամէն ինչի հետ համակերպւելու։ Այսինքն՝ այնպէս չէ, որ մենք ներքուստ հաշտւել ենք դրա հետ (Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու), ուղղակի թաքցրել ենք հանրութիւնից»: Պարոն Իշխանեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէք այդպիսի զսպւածութիւնը, որը այդքան էլ յատուկ չի իշխանական թիմին։ Ի՞նչ բարոյական արժէք ունի այս արտայայտութիւնը։ Նաեւ, ՀՀ վարչապետն իր խօսքում նշեց, որ «2019 թին արդէն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականօրէն պէտք է լինէր դա` 7 տարածքները պէտք է յանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, ԼՂում պէտք է հաստատւի մաքսիմում՝ հայադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂում լինեն մեծամասնութիւն»: Ի՞նչ քաղաքական իմաստ ունի այս արտայայտութիւնը՝ յատկապէս 2024 թ շեմին, երբ Արցախում մնացել է ճարահատեալ մի քանի հայ։ Ի՞նչ է այն ուզում հրամցնել հասարակութեանը։

– Սկսենք նրանից, որ վարչապետ կոչեցեալի «քաղաքական թիմ», որպէս այդպիսին գոյութիւն չունի։ Քաղաքական թիմ նշանակում է համախոհների կուսակցութիւն, յենւած որեւէ գաղափարախօսութեան վրայ՝ ձախակողմեան, ազատական, ազգայնական, կրօնական եւ այլն։ ՔՊ կոչւած թիմը զուրկ է որեւէ գաղափարախօսութիւնից, արժէքային համակարգից։ Բոլոր ՔՊ-ականներն ընտրւել են, անձամբ վարչապետ կոչեցեալի կողմից, մարդիկ, որոնք չունեն արժէքներ, ազգային եւ մարդկային արժանապատւութիւն, նաեւ խոցելի են իրենց անցեալով, ընտանեկան յարաբերութիւններով եւ բոլորին միաւորում է միայն փողի պաշտամունքը, անկախ ծագումից, այն կը լինի կոռուպցիայի, նարկոտիկների, թէ հայրենիքի վաճառքից։

Վարչապետ կոչեցեալի խօսքերը հերքելը, մի կողմից դիւրին է, միւս կողմից շատ բարդ։ Դիւրին է, քանի որ, նրա խօսքերում բացակայում են փաստերը, աւելին՝ եթէ համադրենք նրա տարբեր տարիներին արտայայտած մտքերը Արցախի հիմնախնդրի հարցով, ապա դրանք հակասում են միմեանց։ Տարբեր լրատւամիջոցներ պարբերաբար նոյն հարցի մասին, նրա տրամագծօրէն տարբեր մտքերը հրապարակում են, բայց ինչպէս ասում են, նա դէմքը համապատասխան կենդանու կաշի դարձրած, շարունակում է փչել։ Ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, նա փրփուրը բերանին ճառում էր, ոչ մի տարածքային զիջում, քանի դեռ չի յստակեցւել Արցախի կարգավիճակի հարցը։ 2016 թւականին սատարում էր «Սասնայ ծռեր»-ին, որոնք ընդվզում էին 7 շրջանների յանձնմանը։ Ի դէպ, նոյն, իր իսկ յիշատակած՝ 2019 թւականին վարչապետ կոչեցեալ «իմաստուն» քաղաքական գործիչը Ստեփանակերտի հրապարակում բացականչեց՝ «Սա Հայաստան է եւ վերջ»։

Ինչ վերաբերում է, թէ ինքն ու իր հպատակ ՔՊ-ականները ներքուստ հաշտւել են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մտքի հետ, թէ՝ ոչ, ապա ինքս համոզւած ասում եմ, որ նա իրականացրեց այն ծրագիրը, որի համար նրան նրա տէրերը բերեցին իշխանութեան։

Իսկ թէ ինչու է բարդ վարչապետ կոչեցեալի խօսքերը հերքել, նկատի ունեմ նրա խօսքերի հերքման հասանելիութիւնը ժողովրդին․ Հ1-ը սփռւում է ողջ Հայաստանում եւ դրանով հետեւողական քարոզչութիւն է տարւում, իսկ նրա խօսքերի հերքումներն անհամեմատ փոքր լսարան ունեն։ Իսկ իշխանական քարոզչութիւնը տիպիկ գեբելսեան է, այսինքն՝ որքան սուտը բացարձակ լինի, այնքան հաւատացողներն աւելի շատ կը լինեն։

Կրկին ցիտենք վարչապետին «ԼՂ խնդրի կարգաւորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը: Մադրիդեան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են ԼՂ հարցի չլուծում»: Աւելորդ է հարցնել, թէ ինչու է նա ասում ԼՂ եւ ո՛չ թէ Արցախի Հանրապետութիւն։ Բոլորիս յայտնի է, որ ԼՂ արտայայտութիւնը գործածում էին միջազգային միջնորդները, Մինսկի խմբի անդամները, բայց այդ ատեանները երբեւէ չէին օգտագործում հակամարտութեան լուծում եզրոյթը։ Խօսքը միշտ գնում էր հակամարտութեան կարգաւորման մասին, դա տարբեր բաներ են։ Կարող ենք ասել, որ եթէ հիմա ունենք չակերտաւոր լուծում (աւաղ՝ ողբերգական), ապա դա ներկայ իշխանութեան շնորհիւ է կատարւել։

– Վարչապետ կոչեցեալը կամ չի հասկացել Մինսկի խմբի առաքելութեան իմաստը, կամ, որն աւելի հաւանական է՝ ժողովրդին մոլորութեան մէջ է գցում։ Մինսկի խմբի առաքելութիւնը հակամարտութեան կողմերին տարբեր առաջարկութիւններ ներկայացնելն ու կողմերի միջեւ բանակցութիւնների անցկացումով տեսակէտների մերձեցումն էր եւ ամենակարեւորը՝ նոր պատերազմի կանխարգելումը։ Իսկ իրականում՝ Արցախի հարցի լուծում, որպէս այդպիսին ունէր երկու տարբերակ․ առաջինը՝ մինչ 2020 թւականը, երբ Արցախը հայկական էր եւ երկրորդը, այն ինչ հիմա ունենք՝ Հայաստանի կողմից լքւած, ցեղասպանւած Արցախ։ Վարչապետ կոչեցեալը, յատուկ է գործածում «լուծում» եզրը։ Նա դրանով ուզում է ժողովրդին ասել․ «քանի դեռ Արցախի հարցի լուծում չկար, դո՛ւ ժողովուրդ, լաւ չէիր ապրելու»։ Իսկ իրականում, աշխարհում շատ են չլուծւած հակամարտութիւնները, օրինակ՝ Ռուսաստան-Ճապոնիա, Իսրայէլ-Պաղեստին, Ուզբեկստան-Տաջիկստան, Տաջիկստան-Կիրգիզստան եւ այլն։ Թւարկւած հակամարտող կողմերից որեւէ մէկի մտքով իսկ չի անցնում իր համոզմամբ յանձնել հայրենիքի մասը՝ յանուն «լաւ ապրելու»։ Եթէ վարչապետ կոչեցեալն անկեղծ խօսեր, ապա այսպէս կասէր․ «Այո՛, մենք Ադրբեջանի բարեկիրթ նախագահի հետ համատեղ լուծեցինք Ղարաբաղի հարցը»։

Ինչ վերաբերում է նրա կողմից Արցախը Լեռնային Ղարաբաղ կոչելուն, ապա այն Գորիս-Կապան ճանապարհի հատւածը Էյւազլի, Արարատ լեռն ուրանալու, նոյն հոգեբանութիւնն է, կամ աւելի հաւանական է՝ պայմանաւորւածութեան արդիւնք։

Հետաքրքիր է, երբ Ադրբեջանը Ստեփանակերտն անւանում է Խանքենդի, Երեւանը՝ Էրիւան, Սեւանը՝ Գեօկչա եւ այսպէս շարունակ, այդ անւանումները նոյնպէ՞ս ասւում են, որ միջազգային հանրութեանը պարզ լինի։ Մենք ունենք երկրի ղեկավար, որը զուրկ է ազգային արժանապատւութեան զգացումից։

Վարչապետի մէկ այլ պնդում է, որ «Մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծւել է. դա Մեղրիի եւ ԼՂ փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր աւարտւել, որ հարցը փակւեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը յանձնւում է Ադրբեջանին, ԼՂն միացւում է Հայաստանին»։ Փաշինեանի թիմը պարբերաբար իւրովի եւ խեղաթիւրւած կերպով է մեկնաբանում բանակցային գործընթացի տարբեր դրւագներ։ Յատկապէս այս մէկը գո՞ւցէ միտւած է ներկայացնելու այդ «տարածքների փոխանակումը» որպէս դրական պահ։ Գո՞ւցէ այդ հարցը դեռ ուժի մէջ է, սակայն եւ ոչ մի շահ չի պարունակում հայկական պետութեան եւ ժողովրդի համար։

– Այն որ եղել է տարածքների փոխանակման տարբերակի առաջարկութիւն, չեմ վիճում։ Առաջարկութիւնները կարող են տարբեր լինել եւ դրանց վրայ յղումներ անելը նոյնպէս ընդամէնը էժանագին քարոզչութիւն է։ Եւ բացառւում է, որ Հայաստանի որեւէ ղեկավար, ով իսկապէս պետական մտածողութիւն ունի, համաձայնւէր նման տարբերակի, մանաւանդ, երբ ե՛ւ Արցախը ե՛ւ Մեղրին հայաբնակ են, եւ նրանց սահմաններում կանգնած է հայ զինւորը։ Ի դէպ, նոյն պետական մտածողութիւն ունեցող երկրի ղեկավարը ոչ թէ օրինակ կը բերէր փոխանակման տարբերակ-առաջարկութիւնը կամ Մինսկի խմբի տարբեր առաջարկութիւններ, այլ 1994 թւականի Բիշկեկում ստորագրւած արձանագրութիւնը, որով կոչ արւեց կողմերին հրադադար կնքել։ Արձանագրութեան տակ ստորագրեցին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Կիրգիզստանի խորհրդարանների նախագահներն, ինչպէս նաեւ Ռուսաստանի պաշտօնական ներկայացուցիչը եւ ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդի քարտուղարը։ Այդ արձանագրութեամբ դէ իւրէ եւ դէ ֆակտօ Հայաստանը, Ռուսաստանը՝ որպէս միջնորդ, Կիրգիզստանը, ԱՊՀ երկրները, ինչպէս նաեւ Ադրբեջանը ճանաչեցին Արցախը որպէս առանձին սուբիեկտ պետութիւն։ Արձանագրութեանը հետեւեց հրադադարի մասին պայմանագիրը, որն էլ արդէն ստորագրեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարները։ Պայմանագիրն ուժի մէջ մտաւ 1994 թւականի մայիսի 11-ին։ Այս պայմանագրով ե՛ւ Հայաստանը ե՛ւ Ադրբեջանը եւս մէկ անգամ ճանաչեցին Արցախը՝ որպէս անկախ պետութիւն։

Այսօր խօսել տարածքների փոխանակման մասին, որպէս առաջարկութիւն, աբսուրդի ժանրից է։ Ադրբեջանը յաւակնում է Հայաստանի ողջ տարածքին, այն անւանելով «արեւմտեան Ադրբեջան»։ Յարմար առիթի դէպքում, ադրբեջանա-թուրքական տանդեմը կը գրաւի Վայոց Ձորն ու Սիւնիքը։

Պարոն Իշխանեան, ըստ վարչապետի, «Հայաստանի կառավարութիւնն ամէն ինչ արեց, որ ԼՂն չհայաթափւի այն առումով, որ անընդհատ առաջ էր մղւում այդ գաղափարը, որ թող դուրս գան մարդիկ, պէտք է մարդիկ այնտեղից դուրս գան: Մենք ամէն ինչ անում էինք, որ այդպէս չլինի»։ Վարչապետը պնդում է, որ ամէնը արել են, որ Արցախը չհայաթափւի։ Արդեօք մէկը Հայաստանում գիտի՞, թէ ի՞նչ են արել այդ ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնները։

– Հերթական փչոցը։ Դեռեւս մարտի 29-ին Հ1-ով Պետրոս Ղազարեան-Թաթուլ Յակոբեան երկխօսութեան ժամանակ Թաթուլ Յակոբեանն առաջարկեց 120000 արցախցիներին տեղափոխել Հայաստան, դրանով իսկ լուծել Արցախի հարցը՝ https://www.youtube.com/watch?v=EJ8RuHa3TBs&t=13s։ Հ1-ով անհնար է, որ նման խօսք հնչէր, այն էլ Թաթուլ Յակոբեանի կողմից, առանց վարչապետ կոչեցեալի հրահանգի։ Այն թուրք-ադրբեջանա-հայկական եռակողմ ծրագիրը, որն անաւարտ մնաց 2020 թւականին, նկատի ունեմ՝ պատերազմով «լուծել» Արցախի հարցը, իրականացաւ 2023 թւականի սեպտեմբերին։ Այնպէս որ, վարչապետ կոչեցեալին կը պատասխանեմ․ « Դուք ամէն ինչ արեցիք, որ այդպէս լինի»։

Այս ելոյթի մէջ ՀՀ վարչապետը կրկին պնդում է, որ Հայաստանի ընդդիմութիւնը խամաճիկ է՝ դրածոյ եւ ՌԴ պետական շահերի կամակատար։ Մինչ դեռ հասարակութեան ստւար զանգւածի մօտ արդէն հինգ տարի է կայ համոզմունք, որ ինքը՝ վարչապետը, Հայաստանի ազգային շահերին դէմ գործող օտար ուժերի դրածոյ է։ Որքանո՞վ են վտանգաւոր իր պնդումները, որոնք կրկին թարախաւորում են ընդդիմութեանը եւ կարծես թէ միտւած են համոզելու մարդկանց, որ ներկայ իշխանութեանը չկայ այլընտրանք։

– Սա այն դէպքն է, երբ գողն ասում է՝ բռնէք գողին։ Ինքն անձամբ, իր մի քանի հպատակներով՝ արտգործնախարար, ԱԺ փոխխօսնակ, ԱԱԽ քարտուղար եւ ուրիշներ, լինելով օտար յատուկ ծառայութիւնների գործակալներ, մեղադրում է ընդդիմութեանը, կատարելով իր տէրերի հրահանգը։ Ինչ վերաբերում է իշխանութեան այլընտրանքին, ապա վարչապետ կոչեցեալն ընդհանրապէս չի պատկերացնում իր հեռանալն իշխանութիւնից։ Այդ մասին են վկայում նրա հեռահար ծրագրերը, օրինակ՝ ակադեմիական քաղաքի կառուցումը։ Նա պատրաստ է ամէն ինչ զոհել յանուն իր իշխանութեան, այդ թւում՝ ոչ միայն Սիւնիքը, այլեւ՝ ողջ Հայաստանը․ «Կամ ես կը լինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստան չի լինի»։

Պարոն Իշխանեան, ըստ Ձեզ, այս ելոյթը մտածւա՞ծ է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան ցածր դասում հայ հասարակութեանը վարչապետը՝ այդ մտքերով ձեւակերպելով։

– Սա այն դէպքն է, որ ցաւօք, համաձայն եմ վարչապետ կոչեցեալի հետ։ Եթէ 2020 թւականի նոյեմբերի 9-ից, 2022 թւականի սեպտեմբերի 11-12-ից, 2023 թւականի սեպտեմբերի 19-ից յետոյ նա դեռ իշխանութեան ղեկին է, ապա այն խօսում է մեր հասարակութեան որակի մասին։

Եթէ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ կերպով չփոփոխւի, ի՞նչ արդիւնքներով երկիրը կը հասնի 2025 թ․ին չէ՞ որ մենք պարտաւոր ենք այս իրավիճակում առաջ նայել։

– Շատ ցաւալի հարց տւեցիք։ 2020 թւականից սկսած, ընդդիմութեան կողմից իշխանափոխութեան բոլոր ջանքերն ապարդիւն եղան, եւ իշխանութիւնն աւելի ամրապնդւեց։ Այդ մասին է վկայում, որ չնայած Արցախի ցեղասպանութեանը, Երեւանում հրավառութեամբ ամանորեայ տօնածառն են լուսաւորում։ Ի՞նչ ասեմ, յուսանք, որ 2024 թւականին վերջապէս ընդդիմութիւնը մի կողմ կը դնի մարդկային եւ կուսակցական յաւակնութիւնները, կը միաւորւի եւ վճռականօրէն կը գնայ իշխանափոխութեան։ Հակառակ դէպքում՝ հերթական տարածքային կորուստներն անխուսափելի են եւ հարց կառաջանայ՝ ընդհանրապէս Հայաստանի լինել չլինելը։ Եւ այդ դէպքում, մեղաւոր կը լինեն ոչ միայն վարչապետ կոչեցեալն ու իր հաւատարիմ ՔՊ-ականներն, այլեւ բոլորս՝ ընդդիմութիւն, հասարակութիւն, ժողովուրդ, Սփիւռք։

Related Articles

Back to top button