Վարդան Օսկանեան. «Եւրոխորհրդարանի ընդունած բանաձեւում մի կէտ կայ միայն, որը ՀՀ ու Արցախի շահերից է բխում, մի խաբէք ժողովրդին»
Եւրոխորհրդարանի որոշման մէջ եթէ կայ մի կէտ, որը գործնական նշանակութիւն ունի մեզ համար, դա 14-րդ կէտն է, որը կոչ է անում Ադրբեջանին նստել բանակցութիւնների արցախահայութեան հետ, նրանց ղեկավարութեան հետ եւ միջազգային ներկայութեամբ եւ ապահովել նրանց վերադարձի խնդիրը իրենց տները, իրենց հողը: Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում հրապարակւած տեսանիւթում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ Արցախի հարցով յանձնախմբի անդամ Վարդան Օսկանեանը:
«Ուրեմն մենք սա արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խօսում այս մասին, ոնց որ դա գոյութիւն չունի եւ փորձում ենք այդ փաստաթուղթը թափահարել որպէս Հայաստանի ԵՄ-ին անդամակցութեան վկայական: Հերիք է խաբէք այս ժողովրդին, այս փաստաթղթում մի կէտ կայ, որը ՀՀ շահերից է բխում, դա 14-րդն է, բացէք կարդացէք: Չգիտեմ ՀՀ արտգործնախարարը կարդացել է այս փաստաթուղթը: Բայց ԱԺ-ում իրեն տրւած հարցերից կարծես թէ ինքը տեղեակ չի: Հասկանում եմ՝ մի բան էք որոշել դուք, բայց դա ձեր որոշումը չէ: Այսօր մի հատ շանս կայ արցախահայութեան իրենց տները վերադառնալու հարցը իրականութիւն դարձնել: Եթէ ՀՀ իշխանութիւնները մտափոխւեն, կամ նոր իշխանութիւններ լինեն, որոնք այս հարցը օրակարգ կը բերեն, հէնց Եւրոխորհրդարանի այդ դրոյթների հիման վրայ, մենք մի հատ շանս կունենանք ինչ-որ բան վերականգնել եւ, այո, միջազգային երաշխիքներով, ապահովել արցախցիների վերադարձը»,- ասել է նա:
Օսկանեանը նշել է, որ սա պատերազմ չի բերի, ընդհակառակը՝ կայուն խաղաղութիւն կը բերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Երբ որ արտգործնախարարը ասում է, որ Օսկանեանը փարիսեցիութիւն է անում, իսկապէ՞ս, կարդացե՞լ ես այդ փաստաթուղթը, ԵՄ-ն էլ է փարիսեցիութիւն անում: Վերցրու, կարդայ այդ փաստաթուղթը, յստակ ասում է, նկարագրում է ապագայ կարգավիճակը, կոչ է անում Ադրբեջանին նստել բանակցութիւնների միջազգային ներկայութեամբ: Այդ մարդիկ էլ ինչ անեն, եթէ մենք չենք ուզում մեր խնդիրները լուծել»,- յաւելել է նա՝ նշելով, որ այս առիթը չի կարելի բաց թողնել: