Քաղաքական

Խա­ղա­ղու­թեան պայ­մա­նա­գի՞ր, թէ՞ դա­ւա­ճա­նու­թիւն

Sevastopol.su-ն «Խաղաղութեան պայմանագի՞ր, թէ՞ դաւաճանութիւն. Հայաստանը փաստաթղթեր է պատրաստում» վերնագրով յօդւածում գրում է, որ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, թէ Բաքւի հետ հաշտութեան պայմանագիրը գրեթէ պատրաստ է։ Ահա նրա խօսքերը. «Խաղաղութեան պայմանագրի տեքստն այժմ լիովին հասունացել է եւ կարող է վերջնական տեսքի բերւել նախկինում հաստատւած եւ ստորագրւած երկկողմ համաձայնագրերի հիման վրայ»։ Աւելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ ընդգծել էր, որ խաղաղութեան պայմանագիրն անհնար է, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրութիւնը, որը ենթադրաբար տարածքային պահանջներ է պարունակում։ Այստեղ ի՞նչ կարող ենք ասել: Եթէ համաձայնագիրն իսկապէս ստորագրւի, Փաշինեանը գիծ է քաշելու ԼՂ-ի համար դարաւոր պայքարի տակ: Այդ տարածքները, յիշեցնենք, որ պատմականօրէն պատկանում են Հայաստանին, դրանք վայրեր են, որտեղ գտնւում են վաղ քրիստոնէական սրբավայրեր։

Եւ դրանք ոչ միայն կանցնեն Ադրբեջանին, այլ մասամբ կը յայտնւեն Թուրքիայի ազդեցութեան տակ, Էրդողանը բազմիցս է յայտարարել, որ Ղարաբաղն իր շահերի գօտու մասն է կազմում։ Բացի դա, հակամարտութիւնում նա բացայայտօրէն է օգնել ադրբեջանցիներին, ինչը ոչ մէկի համար գաղտնիք չէ։ Այսինքն, պատմականօրէն քրիստոնէական հողերը, որոնց վրայ գտնւում են չորրորդ եւ հետագայ դարերի սրբավայրեր, կանցնեն մահմեդականների վերահսկողութեան տակ։ Հայերն իրենց պատմութեան ընթացքում արիւնով են վճարել այդ հողերի համար։ Ինչպէ՞ս նրանք կընկալեն այդ ամէնը։ Եւ դատելով Երեւանում շարունակւող ցոյցերից, որոնց մասնակցում են նաեւ հոգեւորականները, հայերն իրօք այնքան էլ ուրախ չեն։ Աւելին, հաշտութեան պայմանագրի եւ, համապատասխանաբար, Սահմանադրութիւնը փոխելու մասին յայտարարութեանը հետեւել են Փաշինեանի ոչ պակաս ամպագոռգոռ խօսքերն առ այն, որ կայ յստակ մտադրութիւն՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչ հէնց հիմա, այլ վաղ թէ ուշ: Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն լքում է իր պատմական տարածքները, այլ նաեւ խզում է, աւելի ճիշտ հնարաւորինս կրճատում է իր կապերը Ռուսաստանի հետ անվտանգութեան ոլորտում։ Իր պատմութեան ընթացքում, յիշեցնենք, Հայաստանն ուս ուսի է քայլել Ռուսաստանի հետ։ Փաշինեանը, կարծես թէ, դիմելով ԱՄՆ-ին, ընտրութիւն է կատարել: Դէ, իսկ եթէ հայ ժողովուրդը դրա դէմ ոչինչ չանի, վախենամ, որ այդ հինաւուրց գեղեցիկ երկիրը կրկնի մէկ այլ նախկին Խորհրդային Հանրապետութեան ճակատագիրը։ Անկեղծօրէն, դա ցանկալի չէ:

«Փաստ»

Related Articles

Back to top button