Միջազգային

Բանակցային գործընթացում Պաղեստինի Դիմադրութեան շարժման առաւելութիւնները

Գերիների փոխանակման եղանակների թելադրում, սիոնիզմի անհետացող հեգեմոնը, եւ վերջին հերթում յայտնւած ամերիկացի պատանդները

«ԱԼԻՔ» – «Էզեդդին Ղասամ»-ը ժամեր առաջ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին է յանձնել իսրայէլցի պատանդների երկրորդ խմբին:

«Ղասամ»-ի պաշտօնական լրահոսը երէկ երեկոյեան յայտարարութիւն տարածեց, որի համաձայն հումանիտար հրադադարի համաձայնագրի շրջանակներում «Ալ-Ղասամ» գումարտակները Կարմիր Խաչին են յանձնել 13 պատանդների, ինչպէս նաեւ 7 օտարերկրեայ քաղաքացիների։

Al-Mayadeen-ը մէջբերելով եգիպտական լրատւամիջոցների հրապարակումները նշել է, որ համաձայնագրի շրջանակներում մինչեւ կէսգիշեր եւս 100 բեռնատար մարդասիրական օգնութիւն պիտի տեղափոխւած լինէր Գազայի հատւածի հիւսիս։

Al-Manar-ը եւս յայտնել է, որ չնայած հրադադարի համաձայնագրի, սիոնիստական ​​դիրքերից փարոս է արձակւել Լիբանանի սահմանային շրջաններում՝ Մալիքիա բազայի գլխավերեւում:

Բազմաթիւ այլ փաստեր կան, որոնք խօսում են կրակի դադարեցման ռեժիմի խախտման մասին, ինչը նպատակաուղղւած է իրավիճակը լարելուն: ԶԼՄ-ների հաւաստմամբ իսրայէլական կողմի նկրտումները պատճառ են դարձել, որպէսզի պատանդների փոխանակման երկրորդ փուլը մի քանի ժամով անորոշ վիճակի մատնւի:

Գերիների փոխանակման երկրորդ փուլն իրականացնելուց պաղեստինեան դիմադրութեան մերժումը պայմանաւորւած է հակառակորդին գերազանցող նրանց դիրքային առաւելութիւնով: Երէկ, երբ տեղի ունեցաւ փոխանակման առաջին փուլը, սիոնիստները, որպէսզի տպաւորութիւն ստեղծեն, թէ իրենք այնքան էլ վատ վիճակում չեն, անցան հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների՝ Գազայում պաղեստինցի քաղաքացիների վրայ կրակ բացելով, կամ խափանելով մարդասիրական օգնութիւնների փոխանցումը։

Սրան անմիջապէս հետեւեցին համացանցում յայտնւած այն տեսանիւթերը, որոնցում ցուցադրւած են իսրայէլական հրկիզւած նաւի պատկերները, ինչը հաւաստի աղբիւրների համաձայն՝ թիրախաւորւել է Եմէնի «Անսարօլլահ»-ի արձակած հրթիռների միջոցով: «Սա սիոնիստական նաւի լուսանկարն է, որը թիրախաւորւել է անտեսանելի նետով։ Սիոնիստները վերջապէս պէտք է հասկանան, որ ճակատամարտը շարունակւում է, աւելի քան 20 հազար անմեղ պաղեստինցի նահատակների վրէժը դահիճներին գեհէն է ուղարկելու մինչեւ վերջին զոհի արեան վերջին կաթիլի հատուցում…»,- գրել է ռազմական հարցերով փորձագէտ եւ գեներալ Սոլէյմանիի հետ ճակատ կտրած Քարիմ Ջաֆարին:

Նա յաւելել է. «Այս ռեժիմի կախեալ տնտեսութիւնը պէտք է ոչնչացւի։ Եթէ այն հարւածի տակ առնւի ոչ մի օկուպանտ չի մնայ գրաւեալ հողերում։ Սիոնիստ վաճառականները սեփականութեան իրաւունքը քողարկելով ու այլոց անունով երթեւեկելով չէ, որ կարող են վերահսկել իրենց ունեցւածքը: Նրանք այնքան ծանր են վճարելու, որ ոչ ոք այլեւս պատրաստ չի լինելու իրենց հետ գործ բռնել»:

Հումանիտար հրադադարի շրջանակում, երբ իսրայէլական կողմը շարունակում է մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախաւորել խաղաղ բնակչութեանը, Դիմադրութեան շարժման ճակատայինները եւս անպատասխան չեն թողնում սիոնիստների վայրագութիւնները եւ պատասխան կրակով լռեցնում են հակառակորդի յենակէտերը: Յայտնի է, որ օկուպացւած Պաղեստինի հարաւում գտնւող Ում-ալ-Ռասրաշ նաւահանգստի ուղղութեամբ շարունակւում են անօդաչու թռչող սարքերով հետախուզական թռիչքներն ու հրթիռակոծումը, մինչդեռ երէկ երեկոյեան նոյն այս հատւածում պատասխան կրակի հետւանքով առնւազն 6 հզօր պայթիւն է լսւել։ Այժմ լրատւամիջոցներում ու կիբերհարթակներում խօսւում է այն մասին, որ նաւահանգստում պայթիւնները շարունակւում են, իսկ ժամեր առաջ հրապարակւել են նաեւ պայթիւնի մասին պատմող մի քանի տեսանիւթ:

Մէկ այլ հաղորդման համաձայն Al-Mayadin-ը Էյլաթի երկնքում երկու պայթիւն է արձանագրել վկայակոչելով իսրայէլական կողմի քաղաքացի լրագրողների կողմից հրապարակւած տեսանիւթերը:

Քարիմ Ջաֆարին իր տելեգրամեան «Սիրան-խաբար» ալիքում գրել է, որ սիոնիստական ​​ռեժիմը կարծում է, որ «հաւասարը-հաւասարին» բանակցելու արդիւնքում կարող է կորցնել իր արժանապատւութիւնը կամ կեղծ վեհութիւնը, որը կորցրեց այս պատերազմում: «Ապատեղեկատւութիւն են նաեւ այն հրապարակումները, իբր Գալանտը կատարցիներին ուղերձ է յղել, որ աւելի մեծ հարւածներով է յարձակւելու Գազայի վրայ, եթէ պատանդների հարցը չլուծւի: Նոյնպէս սուտ է այն լուրը, որը վերահրապարակել են այդ ռեժիմի լրատւամիջոցները իբր փոխանակման միջնորդը ամերիկեան կառավարութիւնն է: Ինքը՝ Բայդէնը լաւ գիտի, որ տակդիրով ի վիճակի չէ դէմ առ դէմ դիմադրելու»,- գրել է նա:

«Այս ռեժիմն այս հարցում այլընտրանք չունի։ Ամերիկեան կողմը շուտով ճնշում կը գործադրի Նեթանիահուի վրայ՝ տող առ տող իրականացնելու համաձայնագիրը, քանի որ ամերիկացի պատանդները դեռ մնում են պաղեստինեան կողմի ձեռքերում, իսկ «դիմադրութիւնը» նրանց ազատումը յետաձգել է մինչեւ վերջին պահը, ինչը նաեւ իրավիճակը վերահսկելու նրանց ունակութեան մասին է խօսում»,- եզրակացրել է փորձագէտը:

Համացանցում դեռ շարունակւում են զարգացումների մասին հրապարակումները: Նշումների մասին վերնագրային տեսքով անդրադառնալու դէպքում կարելի է արձանագրել հետեւեալը. «Ջոն Բոլթոն. «Գազան հասել է մեծ յաղթանակի» / «Պաղեստինի դիմադրութեան շարժում. «Մենք առայժմ կը դադարեցնենք գերիների փոխանակումը» / Սիոնիստների նաւը անհետացաւ ջրի երեսից / Եմէնցիները թիրախաւորել են եւս մէկ այլ նաւ / Black Day of Eilat /…

Յ. Գ.-1- Առաջին լուսանկար / Միայն եմէնցին կարող է հարցական նշան թւիթ անել եւ հազար «լայք» ստանալ: «Անսարօլլահ»-ի պաշտօնեաների մտորումների տեսք ունեցող այս թւիթը յստակ մեսիջի տեսք ունէր ուղղւած սիոնին:

Յ. Գ.-2- 2-րդ լուսանկար / Պաղեստինցի երեխան, ով հետաքրքրւած սպասում է գերութեան մէջ գտնւող մօր վերադարձին:

Related Articles

Back to top button