ՄԱԿ-ը մեղադրել է Իսրայէլին օկուպացւած Արեւմտեան ափին «ապարտէիդի» համար

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ը չորեքշաբթի օրը յայտարարել է, որ տասնամեակներ շարունակ Իսրայէլի կողմից Յորդանան գետի արեւմտեան ափին պաղեստինցիների նկատմամբ իրականացւող խտրականութիւնն ու սեգրեգացիան խորանում են եւ կոչ է արել երկրին վերջ դնել «ապարտեիդի համակարգին»։ Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է AFP-ն:
ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենեակի նոր զեկոյցում նշւում է, որ օկուպացւած պաղեստինեան տարածքներում պաղեստինցիների նկատմամբ իրականացւող «համակարգւած խտրականութիւնը» վերջին տարիներին «կտրուկ ուժեղացել է»։
«Յորդանան գետի արեւմտեան ափին տեղի է ունենում պաղեստինցիների իրաւունքների համակարգւած ոտնահարում»,- ասւած է ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատար Ֆոլկեր Թիւրկի յայտարարութեան մէջ։ -«Լինի դա ջրի հասանելիութիւնը, դպրոց յաճախելը, հիւանդանոց գնալը, ընտանիքին կամ ընկերներին այցելելը, թէ ձիթապտղի բերքահաւաքը՝ պաղեստինցիների կեանքի իւրաքանչիւր ասպեկտ Արեւմտեան ափին վերահսկւում եւ սահմանափակւում է Իսրայէլի խտրական օրէնքներով, քաղաքականութեամբ եւ գործելակերպով։ Սա ռասայական խտրականութեան եւ սեգրեգացիայի առանձնայատուկ դաժան ձեւ է, որը յիշեցնում է այն ապարտէիդի համակարգը, որին մենք բախւել ենք նախկինում»։
ՄԱԿ-ի հետ կապւած մի շարք անկախ փորձագէտներ նախկինում օկուպացւած պաղեստինեան տարածքներում տիրող իրավիճակը բնութագրել էին որպէս «ապարտէիդ», սակայն սա առաջին դէպքն է, երբ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարն է օգտագործել այդ տերմինը։
Չորեքշաբթի օրը հրապարակւած զեկոյցում նշւում է, որ Իսրայէլի իշխանութիւնները «Յորդանան գետի արեւմտեան ափին բնակւող իսրայէլցի վերաբնակիչների եւ պաղեստինցիների հետ վարւում են երկու տարբեր օրէնսգրքերի ու քաղաքականութիւնների համաձայն, ինչն անհաւասար վերաբերմունքի է յանգեցնում մի շարք կարեւորագոյն հարցերում»։
«Պաղեստինցիները շարունակում են ենթարկւել հողերի լայնածաւալ բռնագրաւման եւ ռեսուրսների հասանելիութիւնից զրկման»,- ասւած է յայտարարութեան մէջ։
Սա յանգեցրել է «նրանց հողերից ու տներից զրկւելուն՝ համակարգւած խտրականութեան այլ ձեւերի հետ մէկտեղ, ներառեալ ռազմական դատարաններում քրէական հետապնդումը, որի ընթացքում պատշաճ իրաւական գործընթացի եւ արդար դատաքննութեան նրանց իրաւունքները համակարգւած կերպով խախտւում են»։
Չորեքշաբթի օրը Թիւրկը պահանջել է, որ Իսրայէլը «չեղարկի բոլոր այն օրէնքները, քաղաքականութիւնն ու գործելակերպը, որոնք յաւերժացնում են պաղեստինցիների համակարգւած խտրականութիւնը՝ ռասայական, կրօնական կամ էթնիկական ծագման հիման վրայ»։



