Անդրանիկ Թեւանեան. «Հայաստանը սեղանի վրայ է, Փաշինեանը՝ սեղանի տակ»
«ԱԼԻՔ» – Նախօրէին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի, նրա եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների, եւ Հարաւային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական բարդ խաղի պայմանների ֆոնին, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանեանն անդրադարձել է այն նպաստ պայմաններին, որում յայտնւել է Հայաստանը՝ ՀՀ գործող իշխանութիւնների վարած ձախաւեր քաղաքականութեան արդիւնքում:
«2018-ի իշխանափոխութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանն ու իր թիմակիցներն ամենաշատն էին օգտագործում ինքնիշխանութիւն, սուբիեկտայնութիւն բառերը։
Արցախի հարցի հետ կապւած Փաշինեանը, վարչապետի աթոռին յայտնւելու յաջորդ օրւանից, վարեց կատաստրոֆիկ քաղաքականութիւն՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում յայտարարելով, որ չի բանակցելու, քանզի չի ներկայացնում արցախցիներին։ Դա նւէր էր Ալիեւին:
Փաշինեանն արտաքուստ հզօր յայտարարութիւն էր անում, թէ, իբր, ամէն ինչ անելու է, որ Արցախը յայտնւի բանակցային սեղանի շուրջ՝ Հայաստանի փոխարէն։ Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու յայտարարութիւնը ներկայացւում էր որպէս յեղափոխական գերնւաճում, այսինքն՝ ձեւը առաջ էր բերւում բովանդակութիւնից ու բանակցութիւններն, ըստ էութեան, մտցւում էին փակուղի։ Բայց այդ ամէնը ներկայացւում էր որպէս յաղթանակ։ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»-ի ու «Յաղթելու ենք»-ի պէս։
Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու գաղափարը լաւ բան էր, բայց դա Արցախը պէտք է լինէր ոչ թէ Հայաստանի փոխարէն, այլ Հայաստանի կողքը։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թէ պէտք է Արցախին զիջեր իր տեղը բանակցութիւններում, այլ ձգտէր տեղ բացել Արցախի համար։ Եւ ամենակարեւորը՝ գլխաւորն այն է, թէ ինչ է բանակցւում, այլ ոչ թէ ով եւ ինչպէս է բանակցում։
Մի խօսքով, Փաշինեանն իր քայլերով փակուղի մտցրեց Արցախի հարցով բանակցութիւնները, Հայաստանին միջազգային մեկուսացման մէջ դրեց, զրկեց մեզ դաշնակիցներից, նպաստեց պատերազմին, բերեց պարտութիւն ու հիմա այդ ամէնը շարունակւում է։
Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու խոստում տւած Փաշինեանը յանձնեց Արցախն ու Հայաստանին դրեց բանակցային սեղանի վրայ, իսկ ինքը մտել է բանակցային սեղանի տակ ու կատարում է բացառապէս դրսից ստացած հրահանգները՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը եւ Արեւմուտքի հակառուսական, հակաիրանական ծրագրերը։
Հիմա Հայաստանի վրայ բանակցում են բոլորը։ Մենք վերածւել ենք օբիեկտի։ Ինչքան էլ էմոցիոնալ գնահատականներ հնչեն Պուտին-Ալիեւ հանդիպման, նրանց բանակցութիւնների կապակցութեամբ, այդ էմոցիաները ռացիոնալ ու պրագմատիկ դաշտում զրօ արժէք ունեն։ Նեղանալ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից միւսներից, թէ ինչու են իրենց շահերն առաջ մղում, անմեղսունակութիւն է։ Դա լաւագոյն դէպքում։
Մեր տարածաշրջանում ամէն մէկն իր շահն է առաջ տանում։ Հրե՛ն, Վրաստանի իշխանութիւններն իրական կռիւ են տալիս այդ երկրի ինքնիշխանութեան համար, չեն ուզում ԱՄՆ-ի ձեռքում դառնալ թնդանոթի միս, չեն ուզում Ռուսաստանի դէմ օգտագործւել։ Իսկ ահա Փաշինեանը համաձայնել է Հայաստանը դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին՝ յանուն սեփական մասնաւոր շահերի։
Ալիեւը բոլորի համար դարձել է յուսալի, վստահելի ու փոխշահաւէտ գործընկեր, եւ այդ ամէնը ոչ թէ իր տաղանդի, այլ Փաշինեանի քայլերի շնորհիւ։
Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած սպասում են, թէ երբ է հայ-ռուսական յարաբերութիւնների վատացումն անցնելու անդառնալիութեան կէտը, որպէսզի Արցախի պէս հայաթափեն մեր երկիրը, իսկ Փաշինեանն ու թուրքական 5-րդ շարասեան «արեւմտամէտ» ներկայացուցիչներն ամէն ինչ անում են, որ այդ կէտին մենք օր առաջ հասնենք։
Աշխարհը զարմացած հետեւում է հայ ժողովրդի վարքագծին։ Քանի դեռ այս իշխանութիւնն է Հայաստանում, մեզ չեն յարգելու, մեզ օգտագործելու են, մեզ վերացնելու են՝ միջազգային հանրութիւն կոչւածի հիացական, քաջալերող հայեացքի ներքոյ։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», որը, իբր, չյանձնելու համար Նիկոլ Փաշինեանը «ինքնիշխանիստական» քայլեր է ձեռնարկում, ապա իրականութիւնն այն է, որ այդ միջանցք կոչւածը նրանից պահանջում են Արեւմուտքում, որպէսզի Հայաստանը ոչ թէ «Խաղաղութեան խաչմերուկ» դառնայ, այլ՝ խափանւի «Հիւսիս-հարաւը», ինչն էլ իր հերթին Հայաստանը կը վերածի տարածաշրջանային կոյրաղիքի, որից ամէն մի դրսի խաղացող կը փորձի իր փայը վերցնել ու դէն նետել։ Դէ իսկ Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են իրենց աստեղային ժամին, որպէսզի դառնան Հայաստանի ոչնչացման թիւ մէկ շահառուն։ Նիկոլ Փաշինեանը սպասարկում է հէնց այդ ծրագիրը, որի մոդեռատորն ԱՄՆ է։ Վերջինիս նպատակը ոչ թէ Հայաստանին վերացնելն է, այլ Ռուսաստանի ու Իրանի դէմ Հայաստանն օգտագործելը։ Այդ ամէնի արդիւնքում Հայաստանը կը վերանայ, բայց դէ Արեւմուտքը չի կարող հայերից աւելի հայ լինել։ Իրենց մօտ JUST BUSINESS վիճակ է՝ ցինիկ եւ պրագմատիկ։
Հայաստանի մասին հայերս պէտք է մտածենք, ոչ թէ Պուտինը, Մակրոնը կամ Շարլ Միշէլը, որի գործուն մասնակցութեամբ եւ մշտաժպիտ հայեացքի ներքոյ հայաթափւեց Արցախը»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: