Մայր Աթոռ. «Նմանօրինակ դատապարտելի գործողութիւններով ակնյայտ չարամիտ դիտաւորութիւն է հետապնդւում խափանելու Եկեղեցու բնականոն գործունէութիւնը»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ՀՀ գործող իշխանութիւնների հերթական անօրինական բռնաճնշումների կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.
«Սոյն թւականի հոկտեմբերի 15-ի լուսադէմին իրաւապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Յովհաննավանքի սպասաւոր Տ. Արամ քհնյ. Ասատրեանի հրապարակած ստայոդ տեղեկութիւնների եւ «Իրազեկ քաղաքացիների միաւորում» ՀԿ նախագահ Դանիէլ Իոաննիսեանի հաղորդման հիման վրայ խուզարկութիւններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշեանի եւ Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։
Այս պահին յայտնի տեղեկութիւններով բերման են ենթարկւել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ. Տ. Փառէն քհնյ. Առաքելեանը, Արժ. Տ. Հայկ քհնյ. Քոչարեանը, Արժ. Տ. Մկրտիչ քհնյ. Երանեանը, Արժ. Տ. Մանուկ քհնյ. Զէյնալեանը, Արժ. Տ. Ղեւոնդ քհնյ. Գափոյեանը, Արժ. Տ. Հայկ քհնյ. Սահակեանը, Արժ. Տ. Սարգիս քհնյ. Սարգսեանը, Արժ. Տ. Գարեգին քհնյ. Արսէնեանը, Արժ. Տ. Նարեկ քհնյ. Սարգսեանը, Արժ. Տ. Օշին քհնյ. Հայրապետեանը, Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաղալեանը, Արժ. Տ. Համբարձում քհնյ. Դանիէլեանը, Արագածոտնի թեմի հաշւապահը, գանձապահը եւ գործավարը։
Օրէնքի կոպտագոյն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահւել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշեանի, Արժ. Տ. Սարգիս քհնյ. Սարգսեանի, Արժ. Տ. Նարեկ քհնյ. Սարգսեանի, Արժ. Տ. Օշին քհնյ. Հայրապետեանի, Արժ. Տ. Համբարձում քհնյ. Դանիէլեանի, Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաղալեանի պահման վայրը, եւ նրանք զրկւած են եղել իրաւական աջակցութիւն ստանալու որեւէ հնարաւորութիւնից։
Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացւած ապօրինի քրէական հետապնդման գործողութիւնները հերթական դրսեւորումն են իշխանութիւնների հրահրած հակաեկեղեցական համակարգւած արշաւի։ Նմանօրինակ դատապարտելի գործողութիւններով ակնյայտ չարամիտ դիտաւորութիւն է հետապնդւում խափանելու Եկեղեցու բնականոն գործունէութիւնը, հարւածելու Եկեղեցու հեղինակութեանը եւ վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգեւորականների, հաւատացեալների ու հանրութեան լայն շրջանակներում։
Հակաօրինական այս գործողութիւնների պատճառով խոչընդոտւել է թեմի գործունէութիւնն ու ծիսա-արարողական կեանքը, խաթարւել հոգեւոր հովիւների ծառայութիւնը։
Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանութիւնները կոպտօրէն ոտնահարում է կրօնական ազատութեան իրաւունքը, վիրաւորում հաւատացեալների կրօնական զգացումները, շարունակում տարածել ատելութիւն՝ խորացնելով հանրային պառակտումը։
Մեր հոգեւորականներին եւ հաւատացեալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրւել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանութեան դիրքերում։ Խարդաւանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարաւոր չէ ընկճել հոգեւոր սպասաւորներին եւ հաւատաւոր ժողովրդին։
Աղօթում ենք հայրենի մեր երկրի խաղաղութեան եւ մեր ժողովրդի անվտանգ կեանքի համար»։



