Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Պատմութեան ատրճանակը ՔՊ-ի ու նրա առաջնորդի քունքից հեռացնել այլեւս չի ստացւի»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը․

«Սիրելի հայրենակիցներ,

Նիկոլական ռեժիմի վերնախաւն ու նրա սպասարկուները մեղաւորներ նշանակելու հերթական մերկապարանոց մտքերն են շրջանառում. մեղաւոր ենք բոլորս, «ՄԻԱՍՆԱԿԱՆ» լինենք, մեր վէրքերը բուժենք ու գնանք առաջ:

Երանի վէրք լինէր, մեզ  պատուհասածը պատմութեան սեւ էջ է, անկախ  պետականութեան պայմաններում, 21-րդ դարում ցեղասպանւելու անխմբագրելի խարան։

Ուրացողի եւ ազգակործանի հետ ես միասնական լինել չեմ կարող։

Բայց, այդուհանդերձ, որպէս քաղաքական հնաբնակ՝ ես ինձ մեղաւոր  համարում եմ․ ինձ չյաջողւեց խմբագրել այն իրականութիւնը, որը նիկոլ ծնեց, չյաջողւեց կասեցնել մեր զոյգ պետականութիւնների կազմաքանդման ընթացքը, մեր հասարակութեանը դեգրադացնող նիկոլիզմը։

Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակութիւնը, փոշիացրիք ներազգային յաղթանակներն ու իղձերը, զրոյացրիք Հայաստանի միջազգային վարկը։  Ժողովրդավարութիւնը երկրում  բռնապետութիւն հաստատելու ֆասադ էր սոսկ։

Ապրում ենք Հայաստանի ապագան կասկածի տակ դնող անփառունակ  քաոսի մէջ, իսկ մեզ պարտադրւող  սցենարը դեռ շարունակւում է։

Ակնյայտ է,  դուք թէ՛  անկարող էք, թէ՛ յանձնառու, եւ ձեզ մնում է վերեւից իջեցրած տրաֆարետներով ու գունաւոր տեխնոլոգիաներով՝ զոհին մեղաւոր կարգել։

Ձեր սեփական պերճանքի ու թշւառութեան ցուցադրութիւնը,  իսկ աւելի կոնկրետ՝ Արցախի յանձնման ու կապիտուլիացիայի խոստումը աւետւել է հէնց այս ամբիոնից՝ յայտարարելով «բանակցային նշաձողի» իջեցման մասին։ Այն ամրագրւել է Պրագայում, երբ ձեր առաջնորդը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը։

Դուք Արցախի եւ հայ ժողովրդի անունից ճակատագրական որոշում էք կայացրել՝ միջազգային հանրութեան կողմից չստանալով 120000 արցախահայերի անվտանգութեան ոչ մի մեխանիզմ եւ երաշխիք։

Այս յայտարարութիւնից յետոյ է ադրբեջանական սանձարձակութիւնը նոր թափ ստացել՝ բլոկադա, կեանքի իրաւունքի մերժում, էթնիկ զտումներ, ի վերջոյ՝ ցեղասպանութիւն։

Դուք Ադրբեջանի շարունակւող ագրեսիան զսպելու եւ Արցախի ժողովրդի ցեղասպանութիւնը կանխելու, անվտանգութիւնն ապահովելու որեւէ գործուն միջոց չէք կիրառել։

Դուք էք բանակցողը, դուք էք իշխանութիւնը․․․ Սա ձեր անմիջական մեղքն է, յանցաւոր անգործութիւնը, միջազգային զրօ հեղինակութիւնը․․․

Այսքանից յետոյ բովանդակութեամբ սնանկ պէտք է լինել՝ Արցախի ցեղասպանութեան եւ հայրենազրկումի սեփական մեղսակցութիւնն ու քաղաքական պատասխանատւութիւնը  ուրիշի վրայ բարդելու համար։

Դժւար, թէ չպատկերացնէք  ողբերգութեան խորութիւնն ու պատասխանատւութեան անխուսափելիութիւնը։

Նիկոլի ձերքով զոհասեղանին դրւած Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։

Ատրճանակը որեւէ մէկի քունքին դնելու խորհրդից առաջ յիշէք, ձեր պարտւած պատերազմը, 5000 զոհերին, յիշէք, որ երեքհազարամեայ պատմութեան մէջ Արցախը երբեք հայաթափ չի եղել։

Իսկ պատմութեան ատրճանակը ՔՊ-ի եւ նրա առաջնորդի քունքից հեռացնել այլեւս չի լինի»։

«Yerkir.am»

Related Articles

Back to top button