ԱՄՆ-ն վերսկսել է զէնքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն որոշակի դադարից յետոյ վերսկսել է զէնքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումը Ուկրաինային։ Ինչպէս հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ դա հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ կառավարութեան նիստում։
«Մենք Ուկրաինա ենք ուղարկում որոշ պաշտպանական զէնքեր։ Եւ ես հաստատել եմ դա»,- ասել է Թրամփը՝ չմանրամասնելով այդ մատակարարումների անվանակարգը։
Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտարարել է, որ Թրամփի՝ Ուկրաինային զէնքի մատակարարումները վերսկսելու որոշումը չի նպաստի «խաղաղ կարգաւորման» փորձերին։
Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա զէնքի մատակարարումների մասին «շատ հակասական տեղեկութիւններ» են գալիս, եւ ժամանակ կը պահանջւի պարզելու համար, թէ ինչ զէնքեր են ուղարկւելու։
«Պէտք է խոստովանեք, որ մատակարարումների աւարտի եւ դադարեցման վերաբերեալ վերջնական տեղեկատւութիւն չկար։ Շատ հակասական յայտարարութիւններ եղան։ Ակնյայտ է, որ մատակարարումները շարունակւում են, դա հասկանալի է։ Ակնյայտ է, որ եւրոպացիները նոյնպէս ակտիւօրէն ներգրաււած են Ուկրաինային զէնք մատակարարելու գործում։ Իհարկէ, այս գործողութիւնները, ամենայն հաւանականութեամբ, չեն համապատասխանում խաղաղ կարգաւորմանը նպաստելու փորձերին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։