1- 2018-ի Հայաստանեան «թաւշեայ յեղափոխութիւն»-ը սկզբից եւեթ արեւմտամէտութեան վաւերականութիւն գտաւ ժամանակին ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդի պետ, ընդգծւած իսրայէլամէտ եւ իր դիւանագիտական կարիերայում յայտնի՝ որպէս խիստ հակա-Իրան Ջոն Բոլտոնի Երեւան այցով։
Թէ ի՜նչ հեռանկարներ ուրւագծեցին այսպէս ասած՝ բոլտոնեան անվտանգային չափագրումները ՀՀ-ի ապագայի հաշւին, պարզ դարձաւ յաջորդող 5-6 տարիներում։ Ժամանակաշրջան, որն էլ ըստ ամենայնի Հայաստանի ու հայութեան համար աննախադէպ վտանգներով ուղեկցւեց ու այսօր եւս շարունակում է լրջագոյնս սպառնալ երկրի հողային ամբողջականութեանն ու հայոց Պետականութեան պահպանմանը…։
2- Դիւանագիտական ու ռազմաքաղաքական բազմաթիւ հնարքների գործադրմամբ՝ ՀՀ-ի անվտանգութեանը սպառնացող առգոյ միտումների կենսագործումը մինչ օրս կարելի է եղել կանխել՝ Հայաստանի հարաւային դարպաս ու շնչերակ՝ Իրանի շնորհիւ։ Աւելի շուտ՝ նրա հանրայայտ ու բազմիցս բարձրաձայնած «ԿԱՐՄԻՐ ԳԻԾ»-ի շնորհիւ, որն ինքնին պարունակում է ողջ կովկասեան տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական էական եւ միեւնոյն ժամանակ անփոփոխ դրոյթներ։
3- Այս համատեքստում ՀՀ-ի եւ Իրանի շահերի համընկնումը բխում է երկուստեք եւ խոշոր հաշւով քաղաքական համատեղ առաջնահերթութիւններից, որոնք այլապէս պատմականօրէն խիստ հակադրութեան մէջ են եղել Պանթուրանականութեան հետ։ Այս վերջինը, սակայն, յատկապէս արցախեան պատերազմից ու հայաթափումից յետոյ, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից արդէն իսկ կենսագործելի ծրագիր է համարւում…։
4- Սոյն ծրագրի այսպէս ասած «Զանգեզուրեան» սցենարը թէեւ ժամանակաւորապէս բացառւեց նոյն Իրանի անզիջում կեցւածքի շնորհիւ, բայցեւայնպէս շրջանառութեան մէջ է դրւել այսպէս ասած՝ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի սցենարը, որն ցաւօք՝ առաջադրւել է նոյնինքն Հայաստանի վարչապետի պաշտօնն զբաղեցնող ն. փաշինեանի կողմից։
5- ն.փ.-ն, ինչ խօսք՝ անճարակութիւնից ելած՝ կառչած է մնում նոյն արեւմտամէտութեան կոնցեպտին ու այդ ճամբին անընդհատ տուրք է տալիս արեւմուտքի (ՆԱՏՕ-Եւրոմիութիւն) տարածաշրջանային խրտւիլակներ՝ էրդողանին ու ալիեւին։
6- Տւեալ դէպքում եւ զուգահեռաբար թուրք-ադրբեջանական դաշինքի ռազմա-քաղաքական մշտական աջակից՝ սիոնիստական Իսրայէլը, մէկ կողմից արցախեան պատերազմում անմիջական մասնակցութեամբ ու արդիական զէնքերի մատակարարմամբ հակահայ դիրք է որդեգրում, իսկ միւս կողմից Ադրբեջանում սնւող ու ձեւաւորւող պանթուրքիստներին՝ Իրանի դէմ սադրանքներում քաղաքական ու քարոզչական աջակցութիւն ցուցաբերելով, հակա-Իրան իր մշտական քաղաքականութիւնն է գործադրում…։
7- Այս իրողութիւններից ելնելով էլ՝ Հայաստանի իշխանաւորները անհրաժեշտաբար պէտք է, որ առաւել քան երբեւէ գիտակցեն ու համապատասխան քայլերի դիմեն՝ Իրանի հետ համատեղ շահերի առաջմղման համար։ Շահեր, որոնք նաեւ ու մանաւանդ ակունք են առել երկու բարեկամ ու հինաւուրց ժողովուրդների քաղաքակրթական- մշակութային բազմապիսի առնչութիւններից։
8- Գալով ՀՀ-ի միւս՝ հիւսիսային անմիջական հարեւաններ՝ Վրաստանին ու երկարամեայ դաշնակից համարւող Ռուսաստանին, հարկ է յուշել, որ առաջինն տասնամեակներ շարունակ տարածաշրջանային տնտեսա-քաղաքական որեւիցէ գործարքի դէպքում մշտապէս ինտեգրւել է թուրք-ադրբեջանական ծրագրերին ու մինչեւ իսկ արցախեան պատերազմում հայավնաս դիրք որդեգրել…։ Իսկ երկրորդը՝ Ռուսաստանը, անկախ դաշնակցային իւրայատուկ կոշտ ու գաղութարար պահւածքից, վերջին ժամանակաշրջաններում, ելնելով նաեւ գլոբալ՝ ուկրաինական թնջուկի մէջ ընկղմւած լինելուց, որդեգրել է առաւելեւս թուրքամէտ-ադրբեջանամէտ կեցւածքներ, տուրք տալով նաեւ վերջիններից առեւտրա-տնտեսական կախւածութեանը…։
9- Թէ որքա՜ն է մարդկային ազնւութիւնն համատեղելի շահակցական ու ինչ-որ տեղ բարոյազուրկ քաղաքականութեան հետ, ապացուցւում է երկրների եւ ժողովուրդների երկկողմ ու բազմակողմ յարաբերութիւններում։ Հայաստանի նկատմամբ, սակայն, Իրանի Իսլամական Հանրապետութեան որդեգրած տասնամեակների քաղաքականութիւնը (անկախ նրանից, որ երկրի համակարգային դրւածքը կրօնապետական է), բխել է Ազգային երկկողմ շահերի պաշտպանումից ու կրել է գերազանցապէս ազնիւ, բարոյական եւ ոչ լարախաղաց բնոյթ։ Դրա վառ ապացոյցերն են նոյնինքն Իրանի հոգեւոր առաջնորդի Հայաստան-Իրան հազարամեայ սահմանների անխախտելիութեան մասին բարձրաձայնումն ու երկու երկրների համար հաւասարապէս ռազմավարական եզակի նշանակութիւն ունեցող Սիւնիքում իրանական հիւպատոսարանի կառուցում-հիմնումը։
10- Ահաւասիկ, վերոգրեալ փաստերը հաշւի առնելով՝ երիցս պարզորոշ է դառնում, որ ներկայիս աշխարհագրա-քաղաքական, ռազմական-զինւորական ու դիւանագիտական բարդագոյն պայմանների, ասել է թէ՝ վտանգների առկայութեան դէպքում, դրանք դիմագրաւելու յուսալի գրաւականը նախ՝ ՀՀ-ում ազգային ուրոյն, համարձակ եւ ոչ-պարտւողական քաղաքականութիւն որդեգրող իշխանութեան ձեւաւորումն է եւ ապա՝ ի դէմս Իրանի՝ իրական, ազնիւ ու վստահելի հարեւանի առկայութիւնը…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու