«Դրօշակ»-ի առաջնորդող. Միասնութիւն՝ յանուն միասնական շահի եւ հեռանկարի
Սփիւռքի զարգացման հնարաւորութիւններն ու հեռանկարները քննութեան առարկայ դարձնելուց առաջ հարկ է արձանագրել, որ բազմաթիւ իրողութիւններ ազդել են եւ մշտապէս ազդում են Սփիւռքի վրայ։ Սփիւռքը յարափոփոխ երեւոյթ է՝ ենթակայ հայկական համայնքների ներկայացրած երկրների ներքին գործընթացների քաղաքական, սոցիալ-տնտեսական, գաղափարական եւ այլ ազդեցութիւններին։ Մտովի կարելի է անդրադառնալ, թէ աշխարհագրական-ժողովրդագրական ինչպիսի պատկեր է ներկայացրել հայկական արտերկիրը 50 տարի առաջ, մէկ դար առաջ, մինչ ցեղասպանական շրջանում եւ աւելի վաղ ժամանակներում։ Արցախի ազատագրութեան ու Հայաստանի անկախացման իրողութիւնները, ինչպէս եւ դրանց հետեւած գործընթացներն արմատական ազդեցութիւն ունեցան Սփիւռքի ընդհանուր մթնոլորտի վրայ, ինչը ընթացք է առել եւ շարունակւում է իր զարգացման չորրորդ տասնամեակում։ Համարձակւում ենք ասել, որ երեւի իր համար էլ աննկատելի սփիւռքահայի գիտակցութեան մէջ ապրող հոգեւոր-վերացական «Արեւմտահայաստան-հայրենիքի» կողքին սկսեցին միս ու արիւն ստանալ եւ առաջինին «նեղել» միանգամայն շօշափելի ու նիւթական, նորանկախ Հայաստանն ու Արցախը։
Սփիւռքահայն այսօր իր մէջ կերպաւորել է կենդանի հայրենիքները եւ «ապրում է» այդ հայրենիքներում՝ շարունակելով ապրել մեծ աշխարհի մեծ թոհուբոհի մէջ, որտեղ իր իրական կեանքն է։ Մեր արտերկրի լրատւամիջոցների հերթական համարների առաջին էջերում տեղ են գրաւում հայրենիքից հասած լուրերը եւ այս երեւոյթը, բնական լինելով, այնքան յախուռն է, որ այդ մամուլը հայաստանեան իր գործակիցներից ընդօրինակում է անգամ այն սխալ արտայայտութիւնները, որոնք ռուսերէնի ուղղակի կրկնօրինակումն են (խօսքը գնում է այն մասին, բանը նրանում է, բանը կայանում է նրանում, Երեւանը դա այն քաղաքն է եւ այլն)։
Ոչ առանց մտահոգութեան արեւմտահայերէնի համար պէտք է արձանագրել արեւելահայերէն լուրջ ազդեցութիւնն արեւմտահայերէնի վրայ՝ թէ՛ բանաւոր եւ թէ՛ գրաւոր խօսքում։ Միւս կողմից պէտք է արձանագրել, որ հայրենիքի հետ թէկուզ հոգեպէս ավելի ու ավելի շաղկապվելը ուղիղ համեմատութեամբ լրջագույն հայապահպանական գործօն է Սփիւռքում։ Այս ասելով՝ ցանկանում ենք նաեւ ընդգծել այն մեծ վտանգը, որ ներկայացնում են վերջին շրջանում Սփիւռքում հնչող «սփիւռքակենտրոնութեան» վերադառնալու կոչերը։ Սփիւռքն չի կարող իր օրակարգերը վերանայելով 40 տարի յետ վերադառնալ, իսկ ինքնամեկուսացումը ամենամեծ սպառնալիքը կը դառնայ ինքնանպատակութեան ճգնաժամի մէջ յայտնւելու համար։
Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցող ողբերգական իրողութիւնների համար չենք կարող թշնամիներից նեղանալ կամ խռովել, իսկ հայրենի ապազգային իշխանութիւններին, ինչպէս եւ նրանց նախորդներին մեղադրելու իրաւունքը պատճառ չէ հայրենիքից, հայրենի պետականութիւնից եւ հայրենաբնակ ժողովրդից հեռանալու եւ սեփական պատեանի մէջ պարփակւելու համար։ Հայրենիքը մայր է կոչւում նրա համար, որ այն բոլորինն է, իսկ նա, ով կը փորձի թէկուզ հաւաքականօրէն սեփականել այդ հայրենիքը, կա՛մ տգէտ է, կա՛մ դաւաճան, կա՛մ, աւելի շուտ, երկուսը միասին։
Ի դէմս յաջորդական իշխանութիւնների՝ հայրենի պետականութեան հիմնական խնդիրներից մէկը պէտք է լինի զբաղւելը Սփիւռքի բազում հոգսերով՝ նպատակ որդեգրելով մի կողմից՝ Սփիւռքի հայապահպանութիւնն ու առաջընթացը եւ միւս կողմից՝ հայրենիք-Սփիւռք միասնականութեան եւ միասնական օրակարգերի գոյացումը։ Հակառակը դաւաճանութիւն է ազգի ներկայի ու ապագայի հանդէպ։ Սփիւռքի ինքնութեան պահպանումը, զարգացումը ինքն իր մէջ եւ հայրենիքի հետ համախմբումը, Սփիւռքի, ինչպէս եւ հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման եւ ազգային-պետական խնդիրների հետապնդման ռազմավարութեան որդեգրումը եւ բազում այլ խնդիրներ՝ իրենց բաղադրիչներով, հանրային տարբեր շերտերի թիրախաւորմամբ հանդերձ, հայրենի պետականութեան հիմնական ռազմավարական խնդիրների շարքում պէտք է լինեն։
Ցաւօք, երկաթեայ վարագոյրների խորտակումից յետոյ եւ հայութեան երկու հատւածների մերձեցման պահին երկու կողմերն էլ ոչ միայն անպատրաստ էին, այլեւ վատ էին ճանաչում միմեանց ներուժն ու ներքին պատկերը եւ այդ թերի պատկերացումներով էլ յարաբերութիւններ կառուցեցին միմեանց հետ։ Պէտք է արձանագրել, որ Հայաստանի առաջին եւ չորրորդ ապազգային ու հակասփիւռք իշխանութիւնների փոխարէն երկրորդ եւ երրորդ ղեկավարութիւնները, չնայած ունեցած նախապաշարումներին, հակւած էին հայրենիքի ու Սփիւռքի կապերի ամրապնդմանը, սակայն աղոտ պատկերացում ունենալով թէ՛ Սփիւռքի եւ թէ՛ հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների եւ նպատակների ռազմավարական հեռանկարի վերաբերեալ՝ չկարողացան համապատասխան հանգրւանային ու հեռագնայ ծրագրեր կազմել, ինչի պատճառով էլ նրանց ձեռնարկած բազմաթիւ միջոցառումները, ընդհանուր ռազմավարական նպատակների միտւած չլինելով, յաճախ թողնում էին շոուների տպաւորութիւն։
Ելնելով առկայ խնդիրներից եւ նպատակներից՝ Հայաստանի Հանրապետութեան համար Սփիւռքի նախարարութեան գոյութիւնը կարեւորագոյն անհրաժեշտութիւն է հէնց ռազմավարական հեռանկարի առումով, որն ինքնին հիմնական կենդանի կամրջի դեր պէտք է խաղայ հայութեան երկու հատւածների միջեւ։ Պետութեան դերի գրեթէ բացարձակեցման այս մօտեցումը չի նշանակում եւ չի նսեմացնում այն համապատասխան դերակատարումները, որոնք պէտք է ունենան եկեղեցին, կուսակցութիւնները, գիտական, մշակութային, բիզնես շրջանակները եւ հասարակական, ազգային կառոյցները։ Միայն թէ, որպէսզի անհրաժեշտ գործը Սոդոմ-Գոմորի պատմութեան չվերածւի, իհարկէ, նախեւառաջ անհրաժեշտ է յստակեցնել միասնական ռազմավարական նպատակներն ու մարտավարական անելիքների հարցը։ Միւս կողմից եթէ գործակցութեան, ընդհանուր ճանապարհի ուղենշման նպատակի ներքոյ Հայաստանը փորձի ուղղորդել եւ թելադրել Սփիւռքին աւելի մեծ վնաս կը հասցնի քան եթէ առհասարակ ոչինչ չանի։ Այդպիսի փորձերի վկան եղել ենք, բարեբախտաբար դրանք ձախողւել են ճամբի կէսից։
Ազգային ոչ պետական-պաշտօնական հաստատութիւնների դերակատարութիւնը առանձնայատուկ կերպով կարեւորւում է ներկայում, երբ օրւայ իշխանութիւնները շատ հեռու են, եթէ չասենք, թշնամի են համազգային մտածողութեանն ու համազգային տեսլականներին։ Ի՞նչ պէտք է անել՝ նկատի ունենալով առաջնայինն ու երկրորդականը, կարեւորելով թւացեալ ոչ գլխաւորը, որով պայմանաւորւած եւ որին շաղկապւած է Սփիւռքի կեանքի լայն համայնապատկերը։ Ձեռնարկելով այս քննարկումը՝ մենք ցանկացել ենք լսել կարծիքներ ու առաջարկներ՝ յուսալով, որ այս կարեւոր քննարկումը կունենայ շարունակութիւն եւ գուցէ նւազագոյն չափով օգտակար կը դառնայ առաջադրւած խնդիրների վերհանման եւ լուծման գործում։