Հ.Յ. Դաշնակցութեան համար հայոց անկախ պետականութիւնը եղել եւ մնում է անսակարկելի արժէք
ՀՅԴ Բիւրոյի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրւայ առթիւ
Սիրելի’ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 33-րդ տարեդարձը կարեւոր առիթ է արժեւորելու անկախ պետականութեան կայացումը, ինչպէս եւ անդրադառնալու մեր պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին:
Անկախ պետականութիւնը իւրաքանչիւր ազգի ինքնակազմակերպման բարձրագոյն ձեւն է եւ բաղձալի երազանքը: Այս նւաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետեւողական եւ համառ պայքար:
Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական ընտրութեան առջեւ կանգնեց 1991 թ. եւ արցախեան գոյամարտի բովում կեանքի կոչեց ազատ ու անկախ ապրելու դարաւոր իղձը: Անցած երեք տասնամեակների ընթացքում, չնայած առկայ խնդիրներին եւ բացթողումներին, մեծ առաջընթաց արձանագրւեց հայոց նոր պետականութիւնների կայացման ասպարէզում, ձեւաւորւեց ուժեղ եւ յուսալի բանակ, զարգանում էր երկրի տնտեսութիւնը, Հայաստանն արտաքին աշխարհին ներկայանում էր որպէս յարգանքի արժանի պետութիւն: 30 տարուց աւելի Արցախի անկախ Հանրապետութիւնը գործեց ու արարեց հայ ժողովրդի անընկճելի ոգու, տաղանդի, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շնորհիւ: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մշտապէս եւ իր ողջ կարողականութեամբ եղաւ հայոց երկու Հանրապետութիւնների զարգացման գործընթացի մասնակիցը:
Հայաստանի Հանրապետութեան այսօրւայ իշխանութեան ազգավնաս գործունէութիւնը յանգեցրեց Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների միջոցով Արցախի հայաթափմանը: Այսօր արդէն անմիջական սպառնալիքի ներքոյ են յայտնւել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը:
Աշխարհաքաղաքական ներկայ պայմաններում հայ ժողովրդից պահանջւում է բացառիկ համախմբում եւ ոգու արիութիւն պաշտպանելու եւ պահպանելու համար Հայաստանի Հանրապետութեան անկախությունն ու ինքնիշխանութիւնը, վերականգնելու՝ մեր ազգային արժանապատւութիւնն ու ազգային արժէքների դերը:
Այս մարտահրաւէրների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանութեան ձեւաւորում, որի առաջնահերթ անելիքները պէտք է լինեն Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգային յուսալի համակարգերի ձեւաւորումը, պատմական բնօրրան՝ արցախահայութեան վերադարձի խնդրի հետապնդումը: Իշխանութիւն, որը հայ ժողովրդի համար կապահովի իրական խաղաղութիւն եւ բարգաւաճում:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար հայոց անկախ պետականութեան գոյութիւնը եղել եւ մնում է անսակարկելի արժէք:
Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհաւորելով անկախութեան տօնի առիթով մենք խոնարհւում ենք Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան համար նահատակւածների անմար հիշատակի առջեւ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ինչպէս երէկ, նոյնպէս եւ այսօր ու վաղը ոչ մի ջանք չի խնայելու հայ ժողովրդի ազգային երազանքների իրականացման համար:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՕ
21.09.2024 թ.