Արտեօմ Տօնոյեան. «Ադրբեջանը էսկալացիա է պատրաստում, նպատակը Հայաստանի տարածքով միջանցքն է»
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը վերջերս գիրք է հրատարակել, որտեղ անդրադարձ է կատարւում նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններին։ Ուշագրաւ է, որ 2020 թ.-ի պատերազմի ամենածանր օրերին Իրանի նոր ԱԳ նախարար Աբբաս Արաղչին եկել էր Հայաստան եւ վարչապետ Փաշինեանին առաջարկել հրադադարի տարբերակ, որը 2 շաբաթ յետոյ պէտք է առաջարկէր Ռուսաստանը։ Սակայն, ըստ իրանական կողմի, ի տարբերութիւն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայաստանը մերժել էր այդ տարբերակը։ Թեմայի վերաբերեալ Alpha News-ը զրուցել է արեւելագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ։
«Թէ ինչու է Հայաստանը մերժել Իրանին, պէտք է նշեմ, որ դա ճիշտ կը լինէր քննարկել այն համատեքստում, թէ ինչու էր ընդհանրապէս կնքւել հրադադար, կամ ինչու է Հայաստանը գնացել հրադադարի նման պայմաններով, կամ եթէ պէտք է լինէր հրադադար, ինչու գնացինք պատերազմի ճանապարհով։ Կարծում եմ՝ մեծ հաշւով բովանդակութիւնը շատ տարբեր չէր լինի այն առաջարկութիւններից, որոնք արել էր Ռուսաստանը։ Ես որպէս ելակէտ ընտրում եմ այն հանգամանքը, որ դա եղել է առաջարկների փաթեթ, որն ընդունել են Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա արդէն իսկ յուշում է, թէ մօտաւորապէս ինչ փաթեթ էր դա։ Դա ենթադրում էր վերադարձ, տեղի բնակչութիւնը պէտք է մնար իր տեղում, պէտք է ապահովւէր անվտանգութիւնը։ Բայց երբ մերժւեց Արաղչիի առաջարկների փաթեթը, հոգեւոր առաջնորդը ներկայացրեց իր հայեցակարգը թեմայի վերաբերեալ, ու յիշում եմ՝ նշւած էր, որ արցախցիները պէտք է շարունակեն ապրել ԼՂ-ում»,- նշել է Տօնոյեան։
Արեւելագէտի խօսքով՝ իրանցի փորձագէտները դեռ տարիներ առաջ կանխատեսում էին, որ յաջորդ պատերազմը լինելու է դէպի Նախիջեւան ցամաքային ճանապարհի համար։
«Տարիներ առաջ, երբ չկար պատերազմ, իրանցի մեր գործընկերների հետ խօսում էինք, եւ նրանք նշեցին, որ յաջորդ պատերազմը լինելու է դէպի Նախիջեւան ցամաքային կապն ապահովելու համար։ Նախիջեւանի խնդիրը կայ նաեւ այսօր, եւ ինչքան էլ Իրանն առաջարկում է սեփական տարածքով դէպի Նախիջեւան ելք, ըստ իս, Ադրբեջանի համար դա լուծում չէ։ Եւ Ադրբեջանը հայ գործիչների հետ քննարկումների ժամանակ այս հարցը մանիպուլացնում է՝ նշելով, որ եթէ չէք ուզում, տեսէք Իրանը կայ, այնտեղով կարող ենք ճանապարհ բացել, բայց դա նրանց ձեռնտու չէ, քանի որ տասնապատիկ երկարելու է իրենց ուղին։ Այսինքն՝ այն, ինչ առաջարկում է Իրանը, Ադրբեջանն ունի դա, եւ Իրանի առաջարկը նորութիւն չէ Ադրբեջանի համար, եւ ինչքան էլ Բաքուն յայտարարի, թէ ունեն լուծում, մի բան կասեմ՝ այդ ամէնը մանիպուլիացիա է Հայաստանի հետ քննարկումների համար, քանի որ իրենց հէնց Հայաստանն է պէտք։ Եւ չնայած նրան, որ Հայաստանը համաձայն է միջանցք տրամադրելուն՝ պայմանով, որ նաեւ այն պէտք է վերահսկի, Ադրբեջանը դէմ է դրան եւ այլ կարգավիճակով ճանապարհ է ուզում»,- եզրափակել է Տօնոյեանը։