ԹեհրանՀամայնք

Ս. Խաչվերաց տօնի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը հինգ տաղաւար տօներից վերջինն է, որը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-ից-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։

Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, իսկ նոյն օրը՝ յետմիջօրէին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սուրբ Խաչ մատուռի շրջափակում, տեղի ունեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ: Օրւայ պատարագիչն էր Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանսը։ Արարողութեանը ներկայ էին Քահանայից դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց Վերացման Ս. Խաչի անդաստան թափորը եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը:

Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց:

Եկեղեցական աւանդութեամբ, Երուսաղէմի առաջին եպիսկոպոս Յակոբոս Տեառնաեղբայրը, Պատրոնիկէ թագուհու ջանքերով գտնում է խաչափայտը, եւ վեր է բարձրացնում ի տես հաւատացեալների ու երգում է «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանենք» շարականը։

Սակայն Յակոբոս Տեառնաեղբայրը նահատակւում եւ խաչափայտը աղբանոց է նետւում։ 333 թաւականին, այս անգամ Մեծն Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինէ թագուհին է, որ գտնում է խաչը եւ զետեղում կայսրի կողմից կառուցւած Ս. Յարութեան տաճարը։

Եօթերորդ դարի առաջին կէսին, 614 թւականին պարսկա-բիւզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրաւում են Երուսաղէմը եւ գերեվարում Քրիստոսի խաչափայտը։ Բիւզանդացիների Հերակլ կայսրը երկար ժամանակ աղօթելուց եւ երկնային տեսիլք ունենալուց յետոյ, երկարատեւ պատերազմներից յետոյ, յաջողում է ազատագրել Խաչափայտը։ Այդ գործում մեծ նպաստ են բերում նաեւ Հայկական զինւորական ուժերը՝ Մժեժ Գնունի զօրավարի գլխաւորութեամբ։

Ազատագրւած խաչափայտը, մեծամեծ հանդիսութիւններով եւ կրօնական արարողութիւններով, Հայաստանի վրայով տարւում է Կոստանդապոլիս եւ ապա վերադարձւում Երուսաղէմ։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեանների

 

Related Articles

Back to top button