
Ուրբաթ՝ յունիսի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական դպրոցի 2025-2026 ուսումնական տարեշրջանի վեցերորդ դասարանի աւարտական հանդէսը, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ շրջանաւարտների հարազատների:
Սկզբում ելոյթով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի եւ վեցերորդ դասարանի հայերէն առարկաների ուսուցչուհի Սկարլետ Հայրապետեանը, ով շնորհաւորելով շրջանաւարտներին եւ յաջողութիւն ցանկանալով նրանց ասաց. «Իւրաքանչիւր ուսումնական տարեշրջան ունենում է իր սկիզբն ու աւարտը, ունենում է նաեւ իր դիւրին եւ դժւարին հանգրւանները, սակայն 2025-2026 ուսումնական տարեշրջանի դժւարին պահերը կարծես թէ գերազանցեցին բոլոր տարիների դժւարութիւնները՝ փետրւարի վերջին սկիզբ առած պատերազմի պատճառով: Իհարկէ ստեղծւած պայմանները չկարողացան մեզ խանգարել՝ ընթացիկ աշխատանքներն իրագործելու համար, քանի որ դպրոց-ծնող-ազգային մարմիններ համագործակցութիւնն իր գագաթնակէտին հասաւ՝ յանուն մատաղ սերնդի կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան»:
Այնուհետեւ բեմը տրամադրւեց շրջանաւարտներին, ովքեր հանդէս եկան խօսքերով ու երգերի կատարմամբ՝ նւիրւած մայրենի լեզւին եւ հայոց դպրոցին: Խմբի երգուսոյցն էր ոսուցչուհի Արսինէ Մարգարեանը: Ընթացքում հնչեց նաեւ «Արմէն» դպրոցի երդման կարգը, որով շրջանաւարտները խոստացան անաղարտ պահել Մայրենի լեզուն եւ այն փոխանցել յետագայ սերունդներին, իսկ էկրանի վրայ ցուցադրւեց «Արմէն»-ում նրանց վեց տարիների անցած ուղու լուսանկարներից ու ֆիլմերից պատրաստւած տեսանիւթը:
Շարունակութեան մէջ վեցերորդ դասարանցիներն իրենց վկայագրերն ստացան՝ առաջնորդական տեղապահ Հայր Սուրբից, Գեղարդ Մանսուրեանից, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչներ՝ Նոէլ Մինասեանից, Մեղեդի Խուդաբախշեանից եւ Սաթօ Աւետումեանից, դպրոցի տեսչուհիներ՝ Արսինէ Դաւթեանից եւ Սքարլետ Հայրապետեանից եւ պատկան ուսուցչուհիներ Ռահիմի Ֆարից եւ Աղայիից:
Ընթացքում շնորհաւորանքի արտայայտութիւններով ու խօսքերով ելոյթ ունեցան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանն ու Կրթական խորհրդի ատենապետ Սաթօ Աւետումեանը, իսկ երեկոյի եզրափակիչ պատգամն ուղղեց Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը:
Պրն. Մանսուրեանը շնորհակալական խօսք ուղղեց դպրոցի անձնակազմին եւ Կրթական ու Թեմական խորհուրդներին՝ առ այն, որ պատերազմի ժամանակաշրջանում ջանք չխնայեցին ուսուցման աշխատանքը դիւրին կազմակերպելու համար: Նա նաեւ դպրոցի պատասխանատուներին կոչ արեց՝ չտրւելով որոշ հոսանքների պրոպագանդներին, մատաղ սերնդի մէջ արմատաւորել Արցախի հայկական լինելու փաստը, անկախ ներկայ կացութիւնից:
Տկն. Աւետումեանը բարձր գնահատելով տեսչութեան եւ դպրոցի անձնակազմի ջանադիր աշխատանքը ամբողջ ուսումնական տարեշրջանի՝ ի մասնաւորի պատերազմի շրջանում, գնահատեց նաեւ աշակերտների եւ ծնողների հետեւողականութիւնը, ինչի արդիւնքում արձանագրւեցին գերազանց գնահատականներ: Նա իր խօսքի աւարտին յաջողութիւններով առ լեցուն ապագայ մաղթեց շրջանաւարտներին:
Հայր Սուրբը գնահատելով աշակերտական ելոյթները՝ նրանց յորդորեց, որ հայերէնը գերազանցապէս սերտելու կողքին, իրենց ամբողջ կեանքում լինել աշակերտ, քանի որ աշխարհը լեցուն է նորութիւններով, իսկ շարունակ նորացւող աշխարհին համընթաց չքայլողը, ոչ միայն կը դառնայ յետամնաց, այլ նաեւ հետզհետէ կը կորցնի իր այժմեան գիտութիւնը:
Նա իր խօսքի աւարտին շնորհակալական խօսք ուղղեց դպրոցական աշխատանքների իրականացման գործում դերակատար ազգային մարմիններին եւ դպրոցի պատասխանատուներին:
Հանդիսութիւնն աւարտւեց շրջանաւարտների միջոցով աւարտական գլխարկների վեր նետումով եւ հիւրասիրութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)











