
Երեխաների խաղը, որտեղից էլ որ կտրես, անաւարտ է մնում։ Մեր բոլորիս ներսում նստած այդ երեխան միշտ ստիպում է ողբալ կրճատւած կեանքի խաղերի համար։ Որտեղից էլ որ կտրես այս խաղը, այն մնում է կիսատ՝ ապրելու ու յիշւելու համար։ Ընկերների կորուստն ու կրած վիշտն էլ նոյնպէս անաւարտ երաժշտութեան պէս են. մտնում են գլխիդ մէջ, այնտեղից՝ սիրտդ, ու մենակ պահերին դառնում ականջումդ հնչող երգ։ Համլետն այսօր այդ երգերից մի քանիսը միաժամանակ է կրում իր սրտում. նախ՝ բոլորիս ցնցած Յովիկի մահւան երգը, յետոյ տարիներ անց՝ աւագ եղբօր Յովսէփի կորուստը, այժմ էլ անհաւատալիօրէն Նժդեհինը։ Այդ երգերը ժամանակի հետ չեն մարում. ընդհակառակը՝ հարազատ եղբօր մահով կարծես նորից ու նորից թարմացւում են։
Եւ այսպէս, քառասուն օր առաջ սիրելի Նժդեհը, հետեւելով աւագ եղբայրներին, նոր երգի վերածւեց Համլետի առանց այդ էլ ծանրացած սրտում։ Շատերս առիթը չունեցանք մօտիկից ճանաչելու այն օրերի փոքրիկ Նժդեհին։ Բայց առիթից առիթ, իսկ այդ առիթները քիչ չէին, Համլետենց բակում պատանիներով ու ընկերներով հաւաքւում էինք՝ Ապրիլի 24-ի, Մայիս 28-ի, Փետրւար 18-ի, Յուլիսի 27-ի, Խանասորի արշաւանքի յիշատակի օրերին… գրում էինք, հետն էլ «Յեղափոխական» երգում ու պատի թերթ պատրաստում։ Այդ պահերին, երբ ժամի ու ժամանակի մասին մոռացել ես, Յովիկն իր մոտոցիկլետով մտնում էր բակ՝ «ԱԼԻՔ» օրաթերթի խուրջինները դատարկած ու պարապ կախւած կողքերից։ Յովիկը թեհրանահայերի համար օրւայ աշխատանքին վերջակէտ դնող բանբերի դերում էր, «ԱԼԻՔ»-ի աշխատանքային օրւայ վերջակէտը: Իսկ ընկերների համար՝ «ուրուջը». մարդ, որ ոչ մի ազգանւէր գործի «ոչ» ասողը չէր։ Բոլորը գիտէին՝ եթէ մենակ ես, առնւազն երկուսով էք, մէկա Յովիկը կայ։ Երբ Յովիկը անսպասելի հեռացաւ կեանքից, ընկերներն առաջին հերթին յիշեցին բակի խորքում ընկած այն սենեակի մասին, որտեղ նաւթով վառարանն էր մխում, որտեղ աշխատանքների ժամանակ հաւաքւում էինք պրն. Յովսէփի դրած թէյի շուրջ ու մինչեւ ոսկոր թափանցած ցուրտի մասին մոռանում, ու տուն վերադառնալուց առաջ վերջին անգամ տաքանում…
Եւ այդ ամէնը մինչեւ այսօր, երգի պէս շարունակում է հնչել քանի-քանի գիշեր միասին լուսացրած ընկերների ականջներում։
Այդ մթնոլորտում մեծացած Նժդեհին չէր կարող ազգայինից բացի այլ բան յուզել։ Նա Արցախեան առաջինի յաղթանակով մեծացող սերնդից էր։ Կոտրւել չգիտէր։ Ինչպէս մենք բոլորս «այն» օրերին։ Դա պարգեւ էր բաժին ընկած մեզ՝ Արցախեանի հերոսների շնչով ու արիւնով խառնւած։
Յովիկի մահից յետոյ, «ԱԼԻՔ»-ի այդ «վերջակէտը դնողի» դերն իր վրայ առաւ Համլետը։ Քչախօս՝ ինչպէս եղբայրները, համեստ՝ ինչպէս եղբայրները, գործունեայ՝ ինչպէս… Նոյն վստահութիւնն էր ներշնչում նա, ինչ եղբայրները։ Եւ այսօր, երբ երեսունից աւելի տարի է անցել այդ բակի պատմութիւններից, Նժդեհը եւս բռնեց աւագ եղբայրների ճանապարհն ու դարձաւ հերթական երգը՝ Համլետի ականջում։ Հողը թեթեւ լինի վրադ երիտասարդ, սիրելի Նժդեհ… խօսքեր չկան։
Ու Համլետին՝ ծով համբերութիւն։
Աւագ եղբօր կորստին գուցէ ժամանակի հետ, ինչ-որ կերպ յարմարւես, բայց կրտսերի մահը մխիթարող խօսքեր չունի:
Նժդեհն անաւարտ երգ դարձաւ, անվերջ հնչող երաժշտութիւն, որ լռութեան մէջ ես նւնւալու…
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ



