
Ուրբաթ՝ յունիսի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ նոյն միութեան Սկաուտական միաւորի տարբեր հատւածների անդամների երդման կարգը, ներկայութեամբ՝ սկաուտների, ծնողների եւ մի շարք հրաւիրեալների։
Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անդամ եւ երեկոյի հաղորդավար Վանիա Պետրոսեանը, որից յետոյ ցուցադրւեց միաւորի անցնող երկամեայ շրջանի գործունէութեան զեկոյցը՝ տեսանիւթի վերածւած։
Այնուհետեւ Գերագոյն մարմնի նախագահ, խմբապետ Արթին Վարդանեանի միջոցով կատարւեց Գայլիկ-արծւիկ, Արի-արենուշ եւ Երէց հատւածների երդման կարգերը, որից յետոյ օրւայ քաւորների միջոցով երդւեալներին յանձնւեցին համապատասխան թաշկինակներ. քաւորներն էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը, «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան անդամներ՝ նախագահ Սարօ Պօղոսեանը, նախկին սկաուտներ՝ Լորետա Դաւթեանն ու Զարեհ Ղարախանեանը եւ միաւորի հետ կապ Մանիա Ղուկասեանը, խմբապետներ՝ Հրաչ Տէր-Յովհաննիսեանն ու Ժորժիկ Մատթէոսեանը, ինչպէս նաեւ միաւորի Գերագոյն մարմնի անդամներ՝ Արթին Վարդանեանը, Մանիֆա Խուդաբախշեանն ու Նարեգա Սիմոնեանը։

Երդման կարգից յետոյ Սկաուտական միաւորի անդամ լինելու իր յուշերով ներկաների հետ կիսւեց պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը։ Նա բարձր նշանակութիւն տալով սկաուտների դաստիարակչական աշխատանքներին՝ յատուկ նշեց, որ այդ դաստիարակութիւնը յաճախ պէտք է գալիս կեանքի ընթացքում։ Պատգամաւորը երդւեալներին կոչ արեց որպէս սկաուտներ օգտակար հանդիսանան իրենց ընտանիքին, շրջապատին ու համայնքին եւ յատկապէս պայքարեն ապազգայնութեան դէմ։ Յաջորդիւ Սարօ Պօղոսեանի, Մանիա Ղուկասեանի, Արթին Վարդանեանի, Մանիֆա Խուդաբախշեանի եւ Նարեգա Սիմոնեանի միջոցով իրենց սերտ համագործակցութեան համար շնորհակալագրեր ստացան միաւորի Ծնողական խորհրդի անդամներն ու մի շարք անհատներ, իսկ գնահատագրեր յանձնւեցին բոլոր Գայլիկ-արծւիկներին եւ Արի-արենուշ հատւածի մի շարք անդամներին, շնորհւեցին աստիճաններ եւ անդամների փոխանցումներ տեղի ունեցան երեք հատւածների միջեւ։
Թղթակից (Նոր Ջուղա)















