Տաթեւիկ Հայրապետեան. «Անկախ ընտրութեան արդիւնքներից՝ սպառնալիքները մնում են. թեւաթափ լինելու ժամանակ չկայ»

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը գրում է.
«Այս ընտրութիւնները իրօք շատ կարեւոր նշանակութիւն ունէին Հայաստանի Հանրապետութեան՝ որպէս ազգային պետութեան պահպանման համար։
Ըստ իս՝ Նիկոլ Փաշինեանը դիմեց բազմաթիւ կեղծարարութիւնների, ճնշումների, կիրառեց վարչական անթաքոյց ռեսուրս, էլ չեմ խօսում աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցութեան մասին, ու արդիւնքում հասաւ նրան, որ չպարտւեց, թէեւ նա ինքը տեսաւ, որ ունի լուրջ խնդիրներ լեգիտիմութեան հետ կապւած։ Այս մարդը չունի մեծամասնութեան քւէն՝ առաւել եւս բարձր մասնակցութեան դէպքում։ Եթէ անգամ հանենք նրան ակնյայտ աջակցող ուժերի մօտ մի 500 ձայնը, ապա ստացւում է, որ նա փաստացի վախի ու սպառնալիքի մթնոլորտում չի կարողանում մեծամասնութեան քւէն տանել։ Նիկոլ Փաշինեանի ողջ քարոզարշաւում տեղ գտած ատելութեան, սպառնալիքի, զզւելի բառամթերքի, բարոյազուրկ ձեւակերպումների նպատակը մի կողմից իր ընտրազանգւածի (որը կայ՝ մօտ 20-25%) մոբիլիզացիան էր, միւս կողմից՝ քաղաքացիների մեծ մասի մօտ ընտրութեան եւ քաղաքականութեան հանդէպ զզւանքի զգացողութեան առաջացումը, ինչը նրանց հեռու կը պահէր գործընթացներից։
Այդուհանդերձ, ակտիւ հանրային կոնսոլիդացիան մասնակցութեան հարցի շուրջ խառնեց Փաշինեանի ծրագրերը, նա ընտրութիւնների օրւայ աւարտին հասկացել էր, որ իր ու ընդդիմութեան մանդատների թիւը կարող է շատ մօտ լինել, դրա համար արդէն վերջին ժամերին սկսւեց զինւորներ բերելու գործընթացը, բայց ոչ միայն։
Ինչեւէ, ես ուզում եմ ասել, որ ապրեն բոլոր այն մարդիկ, որոնք գնացել էին ընտրութեան, նրանք որքան էլ այսօր դեռ չի երեւում, բայց Փաշինեանին հեռացնելու ուղին են բացել, փոփոխութեան հնարաւորութիւնն են ցոյց տւել։ Փաշինեանն ինքը տեսաւ, որ իրեն չընդունողների թիւը, այսինքն՝ հաւաքական ընդդիմութեան ձայները, շատ աւելին են, ուստի ինքը ընտրողների մեծամասնութեան կողմից մերժւել է։ Այլ բան, որ առկայ համակարգը օգնում է մերժւածներին մնալ իշխանութեան, դա այլ զրոյցի թեմա է։
Հիմա ընդդիմութեան մասին։ Ես խորհրդարան անցած ընդդիմութեան ընտրողը չեմ, ես իրենց քւէ չեմ տւել, ես իրենց գաղափարական աջակիցը չեմ, ուստի անազնիւ է իմ կողմից կարծիք յայտնել՝ արժի մանդատ վերցնել, թէ ոչ։ Դա թող իրենց ընտրողները ասեն։ Ես ասելիք ունեմ այն ուժին, որին քւէ եմ տւել։ Փաստացի, Արման Թաթոյեանը, Հայկ Մարութեանը, որոշ չափով նաեւ՝ «Բոլորին դէմ եմ»-ը շատ համանման ուղերձներ էին յղում հանրութեանը, ես անձամբ եմ ճանաչում ընտանիքներ, որտեղ մէկը քւէն տւել է Թաթոյեանին, միւսը՝ Մարութեանին, երրորդը՝ ԲԴ-ին։
Յարգելիներս, դուք միասին ստացել էք՝ 75225 ձայն, սա փոքր թիւ չէ, եթէ դուք միասնական ճակատով հանդէս գայիք, հիմա կը լինէիք խորհրդարանում, եւ իմ ու իմ պէս բազմաթիւ ընտրողներ կունենային պատգամաւորներ, որոնք արտայայտում են իրենց ձայնը։ Օրինակ՝ «Բոլորին դէմ եմ»-ի ուղենշած նպատակները արտացոլւած էին Թաթոյեանի ծրագրում։ Հայկ Մարութեանի՝ Բաքու կամ Մոսկւա կեղծ դիլեմայի մերժումը եւս կար նաեւ Թաթոյեանի մօտ։ Այսինքն՝ դուք, լինելով իմ կողմից շատ յարգւած ու ընկալելի մարդիկ, չկարողացաք նստել նոյն սեղանի շուրջ ու գալ կոմպրոմիսի, մինչդեռ ձեր որդեգրած քաղաքականութիւնը, գաղափարները ունեն բազմաթիւ համախոհներ։
Իմ հանրային պահանջը հէնց այս ուժերից է, աւելի կոնկրետ՝ նրանց շարքում ամենաշատ ձայն հաւաքած Թաթոյեանից. փորձէք կոնսոլիդացիա ապահովել այն շրջանակների մօտ, որոնք կողմ են Արեւմուտքի հետ յարաբերութիւնների խորացմանը՝ ոչ ի հաշիւ ՌԴ-ի հետ կոնֆրոնտացիայի, որոնք կողմ են բանակի հզօրացմանը, որոնք դրսում տէրեր չեն փնտրում, այլ միայն աջակիցներ, որոնք չեն ուզում Ադրբեջանի թելադրանքով ապրել, որոնք անհանդուրժող են այն փաստի հետ, որ Բաքւի բանտում կարող է հայ մարդ լինել, եւ բազմաթիւ այլ հարցեր։ Այդ կոմպրոմիսի եւ զրոյցի տեղը կայ, քանի որ դա չի արւել ընտրութիւններից առաջ, պէտք է արւի ընտրութիւններից յետոյ, որովհետեւ արտախորհրդարանական ընդդիմութիւնը շատ կարեւոր դերակատարում է ունենալու առաջիկայ գործընթացների համար, իսկ առաջիկայում Ալիեւը մաքսիմալ շարունակելու է օգտագործել Փաշինեանին՝ հայոց պետութեան եւ հայ ժողովրդի դէմ։
Անկախ ընտրութեան արդիւնքներից՝ սպառնալիքները մնում են, թեւաթափ լինելու կամ յետքայլ անելու ժամանակ չկայ։ Արդէն երկու օր է, ինչ ադրբեջանական կողմը խօսում է, որ յաջորդիւ Փաշինեանը պէտք է անցնի Սահմանադրութեան հարցին։ Ուստի մեծ ձայներ հաւաքած, բայց այս պահին խորհրդարան չանցած ուժերը իրաւունք չունեն պասիւ լինելու։ Ձեզ ընտրած ու աջակցած մարդիկ բազմաթիւ են, եւ նրանք հէնց ձեզ են վստահել իրենց քւէն, ոչ թէ ուրիշներին։ Նրանց յուսախաբ չանէ՛ք։ Պայքարը դեռ առջեւում է, պետութիւնը ունի ձեր կարիքը։
Պէտք է սխալներից սովորել, ընդունել, շտկել ու արագ առաջ գնալ։ Ինչպէս սպարապետ Վազգէն Սարգսեանը կասէր՝ «Դուք գալիս անցնում էք, ձերը էս երկրի սիրտը պահելն է, սիրտը»։ Իսկ սիրտը պահւում է համատեղ սիրով ու միասնական ջանքով»։
Yerkir.am



