Հայաստան - ԱրցախՄիջազգային

Արմէն Աշոտեան. «Գէոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը յաղթելն է, իսկ մերը՝ ընդամէնը ֆիզիկապէս վերապրելը»

Ծաւալւած գէոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը յաղթելն է, իսկ մերը՝ ընդամէնը ֆիզիկապէս վերապրելը։ Այս մասին «Նուբարաշէն» ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:

«Հայաստան-ԵՄ. գէոպոլիտիկ բումից եւ իմիտացիոն ֆասադից այն կողմ.

Հայաստան-ԵՄ յարաբերութիւններն իրենց տեսանելի հատւածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի յետեւում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետութեամբ կառուցւած կոնստրուկցիայի դիմացկունութիւնը:

Նման գէոպոլիտիկ տենդի պատճառները շատ պարզ են. Հայաստանի գործող վարչակազմի եւ ԵՄ ընթացիկ աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ռուսաստանի դէմ պայքարում ԵՄ-ին անհրաժեշտ են նոր միաւորներ, իսկ մեր երկրի ներկայիս ադմինիստրացիան պատրաստ է մոբիլիզացւել հակառուսական գէոպոլիտիկ բանակ:

Այս դոմինանտի գերակայութիւնը բերում է մի իրավիճակի, երբ եւրոպական քաղաքական ինստիտուտները պատրաստ են աչք փակել Հայաստանի ներսում Փաշինեանի աւտորիտար կառավարման բազում եւ ցայտուն դրսեւորումների, կոռուպցիայի աննախադէպ աճի, ժողովրդավարական յետընթացի վրայ: Հերթով հնչում են գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն հայաստանեան իրականութեան հետ, աւելին, վկայում են այն մասին, որ ԵՄ-ն հեշտութեամբ պատրաստ է զոհաբերել սեփական արժէքները յանուն այս պահին իրենց շահերին համահունչ գործող Փաշինեանի իշխանութեան ամրապնդման:

«Խաբի՛ր ինձ» սկզբունքի կիրառումը վերջերս դասական կերպով դրսեւորւեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի իմպլեմենտացիային նւիրւած հերթական զեկոյցում, որում տեղ գտած գնահատականները Հայաստանում փոփոխութիւնների մասին որեւէ աղերս չունեն ոչ միայն Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի կատարման հետ, այլեւ հայկական իրականութեան հետ խորը դիսոնանսի մէջ են:

Այդ զեկոյցում ծածկադմփոց է արւած, օրինակ, դատական իշխանութեան բարեփոխումների ձախողումը, որի կոռումպացւածութեան եւ քաղաքականացւածութեան մասին գնահատականներ էին հնչել անգամ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Շրջանցւած էր կոռուպցիայի դէմ պայքարի տապալման թեման, ինչն արձանագրւած է նոյն Transparency International-ի զեկոյցում: Որեւէ անդրադարձ չկայ երկրում քաղաքական իրաւունքների ոտնահարումների վերաբերեալ եւ այլն:

Այս այլընտրանքային իրականութեան կերտմանը զուգընթաց՝ նոյն եւրոպացիք շատ ազնիւ գրել էին, որ վիզաների ազատականացման երկխօսութեան մեկնարկը պահանջում է քաղաքական որոշում, եւ այստեղ հարց է առաջանում. եթէ Հայաստանը իրօք այդպիսի լաւ բարեփոխումներ է անում եւ այդքան «պրոեւրոպական» է, ինչո՞ւ ԵՄ-ն այդ քաղաքական որոշումը չի կայացնում, ներառեալ՝ ԵՄ անդամ պետութիւնների մակարդակով:

Նոյն անմխիթար վիճակն է նաեւ տարածաշրջանային գնահատականներում, որ տեղ են գտել այդ զեկոյցում: Չկայ գէթ մէկ թթու կամ կծու խօսք Ադրբեջանի շարունակւող ագրեսիայի, ուժի գործադրման սպառնալիքների մասին: Իսկ Արցախի հայաթափումը բնութագրւած է EXODUS՝ ելք, տերմինով, որի մասին մի քիչ ուզում եմ մանրամասնել:

Մաքուր եւ աներկբայ էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացրեց Արցախում, EXODUS բառով փոխարինելը եւրոպական ռեւերանս է Ադրբեջանի նկատմամբ, որովհետեւ դա չի ենթադրի իրաւական կամ քաղաքական պատժիչ քայլեր Ալիեւի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանին սատարող ԵՄ-ն իրականում խուսափում է սատարել մեզ ամենակարեւոր եւ կենսական հարցերում: Աւելին, EXODUS եզրոյթը կրկնում է Աստւածաշնչեան այն դրւագը, երբ հրեաները լքեցին Եգիպտոսը, եւ սա խորը թիւրիմացութիւն է առաջացնում: Հրեաների ելքը Եգիպտոսից դրական երեւոյթ էր նրանց կեանքում, որովհետեւ նրանք պատանդ էին Եգիպտոսում, իրենց հայրենիքում չէին եւ վերադարձան իրենց իրական հողերը: Հրեաները պայքարում էին, որ լքեն Եգիպտոսը, EXODUS-ի իրաւունք ունենան: Այնինչ Արցախի հայերը գտնւում էին իրենց հայրենիքում եւ պայքարում էին ոչ թէ այն լքելու, այլ այնտեղ ապրելու հնարաւորութեան համար: Հրեաների EXODUS-ը փաստացի հայրենադարձութիւն էր, իսկ հայերի՝ Արցախից ստիպւած հեռանալը՝ հայրենազրկում:

Այսինքն՝ անգամ արժէքային, իմաստային, բովանդակային առումով Արցախի հայաթափումը EXODUS կոչելը չի բխում ո՛չ իրականութիւնից, ո՛չ էլ հայկական շահից: Էլ չասեմ, որ նոյն Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրով ամրագրւած են Արցախեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքները, այդ թւում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, որի ոտնահարումը այժմ հանդուրժւում է եւ փաստացի խրախուսւում է ԵՄ-ի կողմից:

Այո՛, ցաւօք, աշխարհը գտնւում է գէոպոլիտիկ պատերազմի մէջ, եւ կողմերից իւրաքանչիւրն ուզում է ուժեղանալ՝ ներգրաւելով նոր ռեսուրսներ: Սակայն Հայաստանի իրական բարեկամները Եւրոպայում չեն կարող չհասկանալ, որ գիգանտների այդ ճակատամարտում Հայաստանի արկածախնդիր ներգրաւումը յղի է լրջագոյն էքզիստենցիալ խնդիրներով հայ ժողովրդի համար՝ հաշւի առնելով Հարաւային Կովկասի իւրայատկութիւնները:

Հայաստանի իրական բարեկամները Եւրոպայում չեն կարող չնկատել նաեւ, որ Հայաստանի գործող ռեժիմն իրականում չի իրացնում երկրի բարեփոխումների, դեմոկրատիզացիայի, մոդեռնիզացիայի օրակարգերը, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը իրականում այս փուլում շատ մօտ է տապալմանը: Վերջիվերջոյ, Աֆղանստանի մոջահեդներն էլ էին հակառուսական, սակայն ոչ մէկի մտքով չէր անցնի նրան «պրօեւրոպեան» կոչելը:

Հայաստանն այսօրւայ վիճակում գէոպոլիտիկ իմաստով նման է հաշմւածի կամ ուշադրութեան կարիք ունեցող եւ խոցելի երեխայի, որոնց ոչ մի դէպքում չի կարելի ներգրաւել պատերազմների մէջ, անգամ՝ գէոպոլիտիկ: Սա ցանկացած պատերազմի գրւած եւ չգրւած օրէնք է:

Հայաստան-ԵՄ իրական գործընկերութիւնն ունի իր ճշգրիտ եւ առաջնահերթ օրակարգը՝ զերծ գէոպոլիտիկ տենդի դրսեւորումներից: Այդ օրակարգը պէտք է ներառի, օրինակ, Ադրբեջանի դէմ պատժամիջոցների կիրառման քննարկումներ, վիզայի ազատականացում, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի խորքային, ոչ թէ իմիտացիոն իմպլեմենտացիա, եւրոպական թիրախային ծրագրերի իրականացում տարբեր ոլորտներում:

Այս շարքը կարելի է շարունակել՝ յիշելով, որ ցանկացած բումի հետեւանքով առաջացող փուչիկները մի օր պայթում են՝ վնասելով բոլոր կողմերին: Ծաւալւած գէոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը յաղթելն է, իսկ մերը՝ ընդամէնը ֆիզիկապէս վերապրելը…»,- գրել է Աշոտեանը:

News.am

Related Articles

Back to top button