Ընդդիմադիր ուժերը պահանջում են քւէների վերահաշւարկ
Կասկածի տակ են ընտրութիւնների հրապարակւած արդիւնքները

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ընդդիմադիր քաղաքական ուժերը մէկ առ մէկ յայտարարում են, որ հրապարակւած արդիւնքները չեն արտացոլում ընտրողների իրական կամարտայայտութիւնը եւ պահանջում են քւէների վերահաշւարկ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը յայտարարել է, որ հրապարակւած թւերը չեն կարող ընկալւել առանց խորքային ուսումնասիրութեան եւ իրաւաքաղաքական գնահատականի։ Դաշինքի մամուլի խօսնակ, պատգամաւորի թեկնածու Մարիաննա Ղահրամանեանի համաձայն՝ ընտրական գործընթացն անցել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման եւ բազմաթիւ ընտրախախտումների պայմաններում։ Դաշինքի կենտրոնական շտաբը ներկայում զբաղւած է ընտրողների կամարտայայտութեան իրական պատկերի ճշգրտմամբ եւ վերջնական դիրքորոշումը կը ներկայացնի ուսումնասիրութիւնների աւարտից յետոյ։
Նման մտահոգութիւններ է բարձրացնում նաեւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, որը նախնական արդիւնքներով ստացել է 3.9 տոկոս ձայն եւ չի յաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Կուսակցութեան ներկայացուցիչ Արման Աբովեանի խօսքով՝ ձայների հաշւարկի ընթացքում արձանագրւել են տարօրինակ փոփոխութիւններ, իսկ արդէն մի քանի ընտրատեղամասերի վերահաշւարկից կուսակցութեանը վերադարձւել են նախկինում չհաշւարկւած տասնեակ ձայներ։ ԲՀԿ-ում պնդում են, որ արձանագրւած անճշտութիւնների ուղղման դէպքում հնարաւոր է յաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը։
Ընտրութիւնների արդիւնքները վիճարկելու մասին յայտարարել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Նրա գնահատմամբ՝ ընտրութիւններն անցել են իշխանական ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալութիւնների, վարչական ռեսուրսի լայն կիրառման եւ ընտրախախտումների պայմաններում։ Քոչարեանը նշել է, որ հետագայ քայլերը քննարկւում են ընդդիմադիր գործընկերների հետ։
Վերահաշւարկի եւ ընտրութիւնների արդիւնքների վիճարկման մասին է յայտարարել նաեւ «Միասնութեան թեւեր» կուսակցութեան առաջնորդ Արման Թաթոյեանը։ Նրա խօսքով՝ ընտրական գործընթացն ուղեկցւել է վարչական ռեսուրսի աննախադէպ չարաշահումներով, քաղաքացիների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ատելութեան խօսքի կրառման բազմաթիւ դէպքերով եւ անգամ արտաքին միջամտութիւններով։ Թաթոյեանը պնդում է, որ իշխանութիւնը չի ստացել այն աջակցութիւնը, որը վերագրում է իրեն պաշտօնական արդիւնքներով, իսկ «Միասնութեան թեւերի» օգտին տրւած ձայները կեղծւել են։ «Մենք նախաձեռնում ենք քւէարկութեան արդիւնքների վերահաշւարկի գործընթաց, քննարկում ենք ընտրութիւնների արդիւնքները վիճարկելու հարցը»,– նշել է նա։
Այսպիսով, խորհրդարանական ընտրութիւնների նախնական արդիւնքների հրապարակումից յետոյ ընդդիմադիր հիմնական ուժերը հրապարակաւ կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի արդարութիւնը, պահանջում քւէների վերահաշւարկ եւ չեն բացառում իրաւական ու քաղաքական պայքարի շարունակութիւնը։



