Աշխարհաքաղաքական՝ մեզ համար ճակատագրական փոփոխութիւններ կարող են լինել
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար, վերլուծաբան Վարդան Յակոբեանն է։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
. Ի տարբերութիւն նախորդ խիստ քաղաքական շարժումների, Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ այս շարժումը փորձում է լրացնել մարդկանց գիտակցութեան մէջ ոչ քաղաքական նիշը բարոյական, կրօնական ձեւակերպումներով՝ յանուն արդարութեան, ճշմարտութեան, չստելու կարգախօսներով: Մարդկանց զգալի մասը դրա պահանջն ունէր։ Մարդկանց մօտ յոյս է արթնացել։ Իհարկէ, նախորդ շարժումները (ընդդիմադիր ուժերի կազմակերպած,-հեղ.) մեծ գործ արեցին, եւ շատերը տեսան, որ նրանց կանխատեսումներն իրականացան: Սա դառնում է շարժում, հերթական մի էտապ՝ մարդկանց գիտակցութիւնը պարզելու, եւ ժողովուրդն ինքը պէտք է ոտքի կանգնի՝ պայքարելու սեփական շահերի համար։
. Եթէ շարժումը լինում է իրօք ժողովրդական եւ շատ մեծ թւով մարդ է ընդգրկւում, այս դէպքում արտաքին ուժը չի կարող խոչընդոտել ժողովրդին իր խնդիրները բարձրացնելու եւ դրանց դէմ պայքարելու համար, բայց հարց է, թէ ով եւ ինչպէս կօգտագործի ժողովրդի ընդվզումը։ Այստեղ տեղի ունեցող գործընթացներն արտաքին աշխարհում հաշւի չառնել չեն կարող: Այդ ուժային կենտրոնները, տեսնելով շարժումը եւ դրա մեծ թափ հաւաքելու գործօնը, չեն կարող անտարբեր մնալ, կարող են անգամ նպաստել, եւ իրենց համար ձեռնտու լինի իշխանափոխութիւնը, ասենք, այն դէպքում, երբ տեսնեն, որ իրենց դրածոն չի բաւարարում իրենց պահանջներին: Արտաքին գործօն, էսպէս թէ էնպէս, լինելու է, առանց դրա հնարաւոր չէ։ Ենթադրութիւններ անել հիմա պէտք չէ։ Բայց որ կողքից վեկտորները գալիս եւ ամէն մէկը փորձում է օգտւել այս շարժումից՝ միանշանակ է: Վաղ, թէ ուշ, շարժումը յանգելու է քաղաքական լուծումների։ Յուսանք՝ յաջողութիւն կը լինի, բայց դա կը լինի այն դէպքում, երբ այդ տարբեր քաղաքական վեկտորները կը համադրւեն:
. Արեւմուտքին պէտք է միայն մէկ բան՝ կայունութիւն տարածաշրջանում, իրենց էներգետիկ խնդիրների լուծում, եւ այլն: Եթէ իրավիճակը փոխւի տարածաշրջանում, արեւմտեան ծրագրերին խանգարեն, գուցէ ինչ-որ փոփոխութիւն անեն, բայց նրանց առջեւ առայժմ նման խնդիր չկայ դրւած, իսկ Ռուսաստանի համար առայժմ Հայաստանն առաջնահերթութիւն չէ, թէեւ ուշի ուշով յետեւում են զարգացումներին։
. Այս իշխանութիւնների քաղաքական վարքագիծը մեծամասամբ պարտադրւում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Քաղաքական խառնաշփոթ վիճակ է, մի կողմից՝ Արեւմուտքը ներկայանում է թուրքական բրենդով… հասկանալի չէ, թէ ինչ է կատարւում։ Տպաւորութիւն է ստեղծւում, որ Փաշինեանը ոչ միայն Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ է խաղեր խաղում, այլ կայ նաեւ երրորդ կողմ։ Թուրքիան եւ Ադրբեջանը որպէս յաղթող կողմ՝ պարտադրում են այն, ինչ հիմա կատարւում է։
. Տպաւորութիւն է ստեղծւում, որ Պուտին-Փաշինեան հանդիպումից յետոյ ռուսական զօրքերը Հայաստանի որոշ հատւածներից դուրս բերելու մասին հրապարակւած տեղեկութիւնները եւ կայացրած որոշումները թելադրւած են հէնց Ադրբեջանի պահանջներով։
. Ինչո՞ւ Պուտինն այդպէս հեշտ համաձայնեց եւ Տաւուշի, Սիւնիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայւած ռուս սահմանապահ եւ զինւորական կէտերը հանեց այդ հատւածներից, այդ թւում՝ «Զւարթնոց» օդանաւակայանից, ինչո՞ւ դիմադրութիւն ցոյց չտւեց։
2020 թւականի պատերազմից առաջ Պուտինի դիրքորոշումն ուրիշ էր, իսկ հիմա, երբ այս իշխանութիւնները կատարեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները եւ տարածքներ յանձնեցին, պարտւեցին պատերազմում, Հայաստանում գոյութիւն ունեցող փոքր զօրախմբերը Պուտինի համար մարտավարական եւ ռազմավարական դեր չեն խաղում: Այդ փոքր զօրախմբերը Պուտինի համար ոչ մի բան չեն նշանակում: Պուտինը դեռ սպասում է, շատ լաւ տեսնում է, որ Թուրքիան ցանկացած գնով ուզում է սողոսկել թէ՛ Վրաստան, եւ թէ՛ Հայաստան։ Եւ Ռուսաստանը դեռեւս ուզում է իր դիրքը պահել Հարաւային Կովկասում։
. Թուրքիան շատ լաւ հասկանում է, որ Հայաստանն իր սահմանն ինքնուրոյն պահել չի կարող, որքան էլ այս իշխանութիւնները յայտարարեն ինքնիշխանութեան մասին։ Թուրքիան շատ լաւ գիտի, որ Հայաստանի սահմանը ռուս-թուրքական սահման է. բոլոր պայմանագրերով՝ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանը Խորհրդային սահման է:
. Սրանք (ՀՀ գործող իշխանութիւնները,-հեղ.) մի կողմից՝ Արեւմուտքին ցոյց են տալիս, թէ պահում են հակառուսականութեան իրենց դիրքերը, միւս կողմից՝ թուրքերը դրդում են հակառուսականութեան: Ամէն ինչ անում են, որ բացեն հարաւի միջանցքը՝ Զանգեզուրի, որը ձեռնտու է Թուրքիային: Դա Թուրքիայի ծրագիրն է:
. Ռազմավարական առումով Փաշինեանը փակում է Հիւսիս-Հարաւը Ռուսաստանի համար եւ իր քայլերով յանգեցնում է նրան, որ հետագայում յայտարարի, թէ Զանգեզուրի միջանցքի բացելը պարզապէս անհրաժեշտութիւն է:
. Թուրք եւ հայ պաշտօնեաների հետ հանդիպումների մասին շատ տեղեկութիւններ չեն լինում, բայց մի թուրք պաշտօնեայ գրել էր՝ «Ադրբեջանի ծրագրաւորած յաղթանակը 2020 թւականին», այսինքն՝ թուրք պաշտօնեայի այդ յայտարարութիւնից կարելի է ենթադրել, որ 44-օրեայ պատերազմում ամէն ինչ պայմանաւորւած է եղել՝ ե՛ւ պատերազմում պարտութիւնը, ե՛ւ Ռուսաստանի ու Իրանի հետ կապը խզելու հանգամանքը:
. Չի բացառւում, որ Թուրքիայի եւ Արեւմուտքի միջնորդութեամբ Ղազախստանը որոշակի հարթակ դառնայ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հարցում։ Բայց պէտք է հաշւի առնեն Ռուսաստանի եւ Եւրոպայի գործօնը։
. Մի բան յստակ է՝ այս իշխանութիւններն ուզում են կատարել Ադրբեջանի դրած բոլոր պահանջները։
. ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հէնց Արեւմուտքի համար: Հայաստանը պէտք է Արեւմուտքին՝ որպէս գործիք Ռուսաստանի դէմ։ Արեւմուտքը խնդիրներ ունի նաեւ Թուրքիայի հետ, հասկանում են, որ Թուրքիան ուզում է իր խաղը տանել տարածաշրջանում եւ դառնալ ազդեցիկ գործօն, Արեւմուտքի համար Թուրքիան էլ պէտք է լինի գործիք։
. Այդ գծուծ խաղի միջոցով Արեւմուտքն իրենց հակասութիւնները եւ հակադրութիւններն այլ երկրների հետ լուծում են գաճաճ պետութիւնների տարածքում՝ դրանց որպէս գործիք օգտագործելու միջոցով։
. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը նրանց խանգարում է, իսկ «Խաղաղութեան պայմանագիր» ստորագրելուց յետոյ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դառնում է անիմաստ։
. Պատահական չէր, որ 44-օրեայ պատերազմը սկսւեց 2020 թւականին, արտաքին քաղաքական վեկտորների համադրումից օգտւելով՝ Ադրբեջանը գտաւ յարմար ժամանակը, երբ իրավիճակը սրւած էր Ռուսաստանում եւ տարածաշրջանում։
. Ռուս խաղաղապահներին Հայաստանից հանելը դեռ ոչինչ չի նշանակում։ Վստահ եմ նաեւ, որ հէնց յարմար պահը եղաւ՝ ռուսներն անդրադառնալու են նաեւ Արցախի հարցին։ Ռուսները շահագրգռւած չեն նաեւ Իրանի ակտիւութեամբ։ Ռուսներն ասում են, որ Հարաւային Կովկասը մեր զինւորների արեան գնով նւաճւած տարածք է, ուրեմն այստեղ մեր խօսքն ասելու իրաւունք ունենք: Հէնց իրավիճակը փոխւի, արտաքին գործօնի շահագրգռւածութեամբ եւ ազդեցութեամբ՝ կարող է փոփոխութիւն լինել: Նոր աշխարհակարգ է ստեղծւում, եւ ոչ Փաշինեանը, ոչ էլ Ալիեւը չէ, որ որոշում են, թէ որն է լուծումը:
. Մեզ համար ճակատագրական փոփոխութիւններ կարող են լինել, դրա համար Հայաստանում պէտք է լինի այնպիսի ղեկավարութիւն, որը կը կարողանայ աշխարհաքաղաքական զարգացումներն ի շահ մեր երկրի օգտագործել։ Հիմա գործընթաց է գնում, եւ այդ պահին խելագար, հիմար շարժումներ անելով՝ վերջին չեն հասնի, խելացի մարդը պէտք է համբերի, մինչեւ գայ աշխարհակարգի ձեւաւորման վերջը, հակառակ դէպքում պետութիւնը կարող է վերանալ, ինչպէս կարող է լինել Ուկրաինայի դէպքում։
. Այսօր յաղթած երկիրը՝ Ադրբեջանը, ստորագրած երկրին ուլտիմատում է պարտադրում, սա քաղաքական պարտադրանք է, եւ հայկական կողմն ուղղակի վախենում է. իրեն ասում են՝ արագացրու, եւ իրենք էլ արագացնում են։
. Մեզ պէտք է քաղաքական այնպիսի լիդեր, որը կը կարողանայ պաշտպանել ու պահել պետութիւնը, սա ամենակարեւոր խնդիրն է։
. Իշխանութեան հարցը չի կարող ապաքաղաքական լինել։ Իհարկէ, Բագրատ Սրբազանի բարձրացրած հոգեւոր ու բարոյական հարցերը շատ կարեւոր են, բայց շարժումը, այսպէս թէ այնպէս, դառնալու է քաղաքական։ Շարժումը, ի վերջոյ, մտնելու է քաղաքական բախման մէջ։ «Իզմ» չունենալը եւ դրա մասին յայտարարելը՝ դեմագոգիա է եւ միամիտ մարդկանց աչքերին թոզ փչելու հնարք։
. Արեւմուտք-Ռուսաստան պայմանաւորւածութիւն վաղուց գոյութիւն ունի, Ուկրաինայի հարցում, օրինակ, կայ մրցակցութիւն՝ որոշակի կանոններով եւ առանց կարմիր գծերը խախտելու:
. Բոլորն էլ գիտակցում են, որ աշխարհակարգը պէտք է փոխւի։
. Աշխարհում կայ նաեւ գաղափարական հակամարտութիւն՝ գլոբալիստական լիբերալիզմի եւ ազգային գաղափարախօսութեան միջեւ: Վրաստանում այսօր պայքար է մղւում լիբերալ գլոբալիզմի դէմ:
. Այն, ինչ հիմա կատարւում է՝ սահմանազատում չէ՛: Դա պարտադրւում է Ադրբեջանի կողմից, եւ այս իշխանութիւնները ենթարկւում են: