«Գործում ենք յանուն բնութեան». COP17-ը կանցկացւի Երեւանում

Հոկտեմբերի 19-30-ին Հայաստանը կը հիւրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանութեան մասին շրջանակային կոնւենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)՝ նշանակալի իրադարձութիւն, որը կը միաւորի համաշխարհային առաջնորդների, փորձագէտների եւ շահագրգիռ կազմակերպութիւնների կենսաբանական բազմազանութեան գաղափարների առաջխաղացման նպատակով։
«Գործում ենք յանուն բնութեան» կարգախօսի ներքոյ COP17-ը նպատակ ունի Հայաստանը դարձնել կենսաբանական բազմազանութեան պահպանման միջազգային ջանքերի կենտրոն՝ միաժամանակ խթանելով շրջակայ միջավայրի պաշտպանութեանն ուղղւած կոնկրետ քայլերը։
Միջոցառման նախապատրաստման շրջանակում Ռիմա Խաչատրեանի անւան մասնագիտական վերապատրաստման եւ կատարելագործման ինստիտուտը (ECTI) նախաձեռնել է կրթական դասընթացների շարք՝ ուղղւած հայ երիտասարդութեան, յատկապէս գիւղական բնակավայրերի երիտասարդների, բնապահպանական իրազեկւածութեան բարձրացմանը։
Ուսանողների, մասնաւոր հատւածի ներկայացուցիչների եւ ստարտափների հիմնադիրների համար նախատեսւած դասընթացները կազմւած են Լոնդոնի համալսարանական կոլէջի (UCL) Bartlett School of Environment, Energy and Resources դպրոցի մեթոդաբանութեան (know-how) հիման վրայ եւ դասաւանդւում են UCL-ում վերապատրաստւած դասախօսների կողմից։
Թրէյնինգների շարքը կեզրափակւի եզրափակիչ սեմինարով, որը կանցկացւի COP17-ի նախաշեմին։ Սեմինարի ընթացքում UCL-ի ներկայացուցիչները հանդէս կը գան որպէս հիմնական բանախօսներ՝ մասնակիցներին ընձեռելով միջազգային կենսաբազմազանութեան փորձագէտների հետ անմիջական շփման եւ ձեռք բերւած գիտելիքները գործողութիւնների վերածելու բացառիկ հնարաւորութիւն։
COP17-ը Հայաստանում շրջադարձային հանգրւան է ոչ միայն կենսաբանական բազմազանութեան վերաբերեալ գլոբալ քննարկումների, այլեւ մեր երկրի համար կայուն զարգացման ոլորտում ապագայ առաջնորդների ակտիւ մասնակցութեան տեսանկիւնից։
Tert.am



