ԱտրպատականՀամայնք

«Մայրերի օր»-ը նշւեց ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնատեղիում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի, ապրիլի 8-ի երեկոյեան ժամը 17:00-ին, Հայ Օգնութեան միութեան Թաւրիզի կենտրոնատեղիում բացումը կատարւեց «Մայրերի օր»-ւայ տօնախմբութեան, կազմակերպութեամբ վարչութեան:

Հանդիսութեանը նախագահում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, որ սրահ մուտք գործեց տիրամօր եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին: ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի Անահիտ Մարգարեանը բացման խօսքով բարի գալուստ մաղթեց բոլորին, եւ յատկապէս թաւրիզահայ մայրերին, վերառնելով նրանց մայրական առաքինութեան ցայտուն գաղափարները. «Մայրերը մեր ընտանեկան երջանկութեան կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակութեան առաջընթացի եւ ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են: Մայրն է, որ ճիշտ եւ առողջ մտածելակերպով կարողանում է ճիշտ դաստիարակել, եւ այդպէս է, որ մեր իրականութեան մէջ մայր անունը կը մնայ սրբազան եւ ամենաշնորհ, որով կը կոչենք նաեւ մեր հայրենիքը»,- ասաց նա:

Խօսք առաւ նաեւ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի՝ Արմինէ Վահրամեանը, յատկապէս շեշտելով հայ մայրերի բարձր նկարագիրը եւ նւիրումի ոգին. «Հայ կինը եւ հայ մայրը, մեր պատմութեան մէջ իր հետքն է թողել, եւ շարունակում է թողնել: Նա կարեւորագոյն էակն է, կարեւորագոյն սիւնն է իւրաքանչիւր ընտանիքի, որը փոքրիկ համայնք է հաշււում: Պատմութեան մէջ եւս, հայ մօր, հայ կնոջ դերը շատ ցայտուն է: Մայրերի սիրտը տրոփում է երեխաների իւրաքանչիւր քայլի հետ: Ընտանիքի հայելին, երեխան է դառնալու: Նրա կրթութեան, դաստիարակութեան, նրա ապրելակերպի ու ապրուստի համար մտածենք, որ ապագայում ուժեղ ազգ ունենանք»: Խօսք առնողների շարքում էր նաեւ Նայիրի Դիլանեանը: Նա մայրական դերակատարութեան խորապէս անդրադարձաւ, նոր սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում: Նայիրի Դիլանեանը յիշեց բոլոր այն մայրերին, որոնք անցեալին ծառայել են ՀՕՄ-ին, իբրեւ վարչականներ եւ հաւատարիմ անդամուհիներ: Նա սկսեց հիմնադիրներից, մինչեւ այն անձերին, որոնք նւիրումով շարունակում են իրենց նպաստը բերել միութեան աշխատանքի անսասանութեան:

Կարէն Սարգսեանը հրաւիրւելով հանդիսավարութեան, հերթաբար հրաւիրեց այն մայրերին եւ մեծ մայրերին, որոնք իրենց ասմունքով ու երգով ճոխացրին օրւայ ծրագիրը: Ասմունքով ու երգով ելոյթ ունեցան Կարինէ Վարդանեանը, Նորա Մամիկոնեանը, Շուշիկ Շահնազարեանը, Ռեբեկա Սարգսեանը, Քարմէն Աբրահամեանը եւ Երազիկ Աբրահամեանը:

Օրւայ վիճակախաղին բախտաւոր հանդիսացաւ Ջեմա Յարութիւնեանը, որը բոլոր ներկայ մայրերին գլխաշոր նւիրեց: Նա վիճակախաղի նւէրը ստացաւ, որը պատրաստել եւ միութեան էին ընծայել Նայիրի եւ Անի Դիլանեանները: Նւէրը յանձնելու հրաւիրւեց տիրամայրը, որը շնորհաւորեց օրւայ բախտաւորին:

Աւարտին օրհնութեան խօսք արտասանեց առաջնորդ Սրբազանը: Նա պատմական ակնարկ կատարեց Աստւածամօր նւիրւած «Մեծացուսցէ» շարականների խմբագրմանը եւ Աւետման տօնի Հայ եկեղեցում հաստատման գծով: Վերջապէս, Սրբազան հայրը իր յարգանքը մատուցեց, ներկայ բոլոր մայրերին, խոնարհութեան ու խոր յարգանքի մաղթանքներով մեծարելով նրանց:

Related Articles

Back to top button