ԹեհրանՀամայնք

Յասմիկ Ղարաբէգեանի (Ասրեան) մահւան 40-օրեակի առիթով

Մեր դպրոցներում տարիներ ծառայած յարգելի աւագ ուսուցչուհի հանգուցեալ Յասմիկ Ղարաբէգեան-Ասրեանը ծնւել է 1944 թւականին Թեհրանում:

Նախնական կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Դանա»-ի դպրոցում, ապա միջնակարգ կրթութիւնը ստացել է «Նուրբախշ» դպրոցում փորձառական ճիւղում:

1963 թւականից պաշտօնավարել է «Թունեան» դպրոցում եւ շուրջ 17 տարի անընդմէջ աշխատել է այդ դպրոցում:

Այնուհետեւ 1981 թւականից հրաւիրւել է «Իրան Փիրուզ» դպրոց տնօրէնի հանգամանքով: Ապա 1985-ին «Արարատ» դպրոցում է աշխատել մինչեւ հանգստի կոչւելը, շուրջ 7 տարի:

Տկն. Յասմիկը տարիներ անդամակցել է ուսուցիչների միութեանը, իր գործօն մասնակցութիւնը բերելով միութեանս աշխատանքներին, լինելով երկու շրջան իբրեւ վարչական անդամ:

Յասմիկ Ղարաբէգեանը (Ասրեան) շուրջ երեք 10-ամեայ գործունէութեամբ եղել է նւիրեալ ու աշխատանքի նկատմամբ պատասխանատու ուսուցչի օրինակը՝ դաստիարակելով սերունդները, որոնք գնահատել են ոչ միայն նրա մանկավարժական պատրաստւածութիւնը, այլեւ մարդկային ազնւութիւնը, հաւասարակշռւած կեցւածքը եւ աշխատասիրութիւնը:

Նրա մասնագիտական սկզբունքը միշտ եղել է սէրը, նւիրումն ու բարիացակամութիւնը, որոնք էլ հաստատել են իրեն որպէս ուսուցիչ, որը ոչ միայն դաս է մատուցել, այլ նաեւ կերտել է արժէքներ, եւ աշխարհահայեացք:

Իր ամբողջ կեանքի ընթացքում նա ծառայել է կրթադաստիարակչական սրբազան գործին՝ իբրեւ ջահակիր, վառելով գիտութեան եւ բարոյականութեան լոյսը սերունդների հոգիներում:

Նրա կերպարը, համբերատար եւ նւիրեալ լինելն է: Նրա թողած աւանդը պատկանում է ոչ միայն անցեալին, այլ նաեւ ներկային ու ապագային:

Նրա յիշատակը յաւերժ մնալու է թեհրանահայ համայնքի յուշերում՝ իբրեւ ոգեղէն ժառանգութիւն:

Եւ ահա նոյեմբերի 12-ին սիրելի Յասմիկ Ղարաբէգեանը կնքեց իր մահկանացուն խոր վիշտ պատճառելով հարազատներին եւ միութենականներին:

Յարգանք քո յիշատակին, հանգչես լոյսերի մէջ:

ԻՐԱՆԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ

Related Articles

Back to top button