Հայ Դատ

Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յայտարարութիւնը

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը ողջունում եւ պաշտպանում է Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ) 2026 թ. նոյեմբերի 19-ի վճիռը, որով Դատարանն արձանագրել է, որ Միանմարը, Ռախայն նահանգի հիւսիսում, 2017 թ. «մաքրման գործողութիւնների» ընթացքում ցեղասպանութիւն է իրականացրել Ռոհինջա ժողովրդի դէմ: Սա առաջին վճիռն է, որով պետութիւնը պատասխանատու է ճանաչւում ցեղասպանութիւն յանցագործութիւնն իրականացնելու համար, եւ այդպիսով սկզբունքային նախադէպ է ստեղծում։ Այն պատմական հանգրւան է, որն արժանի է միջազգային հանրութեան լիակատար աջակցութեանը։

Ռոհինջա ժողովուրդը ենթարկւել է ծանր վայրագութիւնների՝ խտրականութիւնից եւ հետապնդումներից մինչեւ սպանութիւններ, աւերածութիւններ, թալան, բռնաբարութիւններ եւ բռնի տեղահանում՝ ցեղասպանական մտադրութեամբ։ Ուստի ԱՄԴ-ի վճիռը կարեւոր հանգրւան է անպատժելիութեան դէմ պայքարում եւ վերականգնում է միջազգային իրաւունքի, միջազգային մարդասիրական իրաւունքի եւ մարդու իրաւունքների նկատմամբ յանձնառութեան իմաստը, արժէքը եւ ծաւալը։ Բացի այն, որ Դատարանը Միանմարին պարտաւորեցրել է քրէական պատասխանատւութեան ենթարկել մեղաւորներին եւ երաշխաւորել, որ նման խախտումներ չեն կրկնւի, Դատարանը պահանջել է նաեւ նախկին վիճակի վերականգնում (ռեստիտուցիա), այդ թւում՝ տեղահանւած ռոհինջաների անվտանգ, կամաւոր եւ արժանապատիւ վերադարձն իրենց բնակութեան վայրեր եւ ընտանիքների վերամիաւորումը, ինչպէս նաեւ պատճառւած վնասի փոխհատուցում։ Այդպիսով Դատարանը հաստատել է, որ արդարութիւնը զոհերի համար ենթադրում է ոչ միայն մեղաւորների պատասխանատւութիւն, այլեւ վերադարձ եւ հատուցում։ Վճիռը նաեւ վճռականութեան դրսեւորում է այն ջանքերի դէմ, որոնք, պայմանաւորւած ուժային շահերով, ուղղւած են միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ ցեղասպանութեան, ռազմական յանցագործութիւնների եւ զանգւածային վայրագութեան այլ յանցագործութիւնների հարցերով զբաղւող բազմակողմ կառոյցների թուլացմանը։

Հայ ժողովուրդը 1915-1923 թթ. ենթարկւել է քսաներորդ դարի առաջին ցեղասպանութիւններից մէկին, երբ այդ յանցագործութիւնը դեռ սահմանւած չէր իրաւունքում։ Իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինը «ցեղասպանութիւն» եզրոյթը ստեղծելիս որպէս պատմական օրինակ վկայակոչեց հէնց հայերի բնաջնջումը։

Հայոց Ցեղասպանութիւնը, որն իրականացրեց Օսմանեան Թուրքիան, խլեց 1,5 միլիոն հայի կեանք, հարիւր հազարաւոր հայերի բռնի տեղահանեց ու սփռեց աշխարհով մէկ եւ հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքի մեծ մասից։

Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, թէեւ այն ոչ միայն Օսմանեան կայսրութեան շարունակող պետութիւնն է, որը ծրագրեց եւ իրականացրեց յանցագործութեան հիմնական փուլը, այլեւ ինքը՝ իր կազմաւորման տարիներին, շարունակեց այդ յանցագործութիւնը։ Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ՝ 1919-1920 թթ., Կոստանդնուպոլսի արտակարգ ռազմական ատեանները դատի ենթարկեցին Ցեղասպանութեան տարիներին Օսմանեան կայսրութեան իշխող կուսակցութեան՝ «Միութիւն եւ առաջադիմութիւն» կոմիտէի բարձրաստիճան ղեկավարներին՝ կայսրութեան հայ բնակչութեան զանգւածային տեղահանումն ու բնաջնջումը կազմակերպելու համար, սակայն նրանց դատավճիռները հիմնականում չեղարկւեցին Թուրքական ազգայնական շարժման վերելքի հետեւանքով, որը յանգեցրեց Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրմանը։

Չնայած բազմաթիւ ճանաչումներին, այդ թւում՝ օրէնքով ամրագրւածներին, որոնց սկզբում հասաւ Սփիւռքը՝ իր համաշխարհային համախմբմամբ, սկսած 1965 թ.՝ Ցեղասպանութեան 50-րդ տարելիցից, իսկ հետագայում դրանց հետամուտ եղաւ նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը, որեւէ միջազգային դատարան դեռեւս չի քննել այս հարցն իր պատշաճ իրաւական հարթութիւնում՝ պատմական ճշմարտութիւնը վերականգնելու, արդարութիւն հաստատելու եւ ցեղասպանութեան կանխարգելման միջազգային յանձնառութիւնն ամրապնդելու համար։ Թէեւ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» 1948 թ. կոնւենցիայի IX յօդւածով նախատեսւած իրաւազօրութեան ժամանակային սահմանափակումները եւ յետադարձ ուժ չունենալը պարբերաբար վկայակոչւում են՝ Կոնւենցիայից առաջ կատարւած վայրագութիւնները ԱՄԴ-ի քննութիւնից դուրս թողնելու համար, իրաւազօրութեան այդ արգելքը չի վերացնում պատմական եւ բարոյական պատասխանատւութիւնը, մանաւանդ որ դեռեւս 1915 թ. մայիսին Դաշնակից տէրութիւնները հայերի կոտորածները որակեցին որպէս «մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ յանցագործութիւններ» եւ զգուշացրին, որ դրանց պատասխանատուներն անձամբ պատասխան են տալու։ Այնտեղ, որտեղ պայմանագրային դատարանները բախւում են ժամանակային սահմանափակումների, իրական հատուցումը, միեւնոյն է, պահանջում է հետեւողական դիւանագիտական, դատական եւ նախկին վիճակի վերականգնմանն ուղղւած միջոցներ՝ կրկնութեան բացառման երաշխիքների եւ պատմական ճշմարտութեան լիարժէք բացայայտման հետ մեկտեղ։

Աւելին, Ադրբեջանը, որը համավարակի պայմաններում եւ Թուրքիայի բացայայտ մասնակցութեամբ սանձազերծել էր 44-օրեայ պատերազմը (2020 թ. սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) Լեռնային Ղարաբաղի՝ հայկական պատմական Արցախ երկրամասի լեռնային հատւածի դէմ, 2023 թ. սեպտեմբերի 19-ին ձեռնարկած վերջնական յարձակմամբ աւարտին հասցրեց այդ պատերազմի նպատակները։ Յարձակման հետեւանքով երկրամասի ողջ՝ 120000 հոգանոց հայ բնակչութիւնը բռնի տեղահանւեց իր բնիկ հայրենիքից, ինչը Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան (IAGS), Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը եւ մի շարք միջազգային իրաւագէտներ որակել են որպէս ցեղասպանական բնոյթի գործողութիւն։ Յատկանշական է, որ 2023 թ. սեպտեմբերի 22-ին՝ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժելու մասին» կոնւենցիայի 75-ամեակի կապակցութեամբ, ՄԱԿ-ի՝ ցեղասպանութեան կանխարգելման հարցերով այն ժամանակւայ յատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն զգուշացրեց ցեղասպանութեան վտանգ պարունակող վեց ընթացիկ իրավիճակների մասին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վիճակը բացայայտօրէն դասելով Միանմարի ռոհինջաների վիճակի կողքին։

Երկու անգամ ցեղասպանութեան զոհ դարձած լինելով՝ Հայաստանի եւ Սփիւռքի հայերը յատուկ շահագրգռւածութիւն ունեն ողջունելու միջազգային իրաւունքի նման վերահաստատումները։

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդն իր զօրակցութիւնն է յայտնում Ռոհինջա ժողովրդին եւ ողջունում Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռը, որն այդ ժողովրդին աւելի է մօտեցնում արդարութեանը։ Մենք ականատես ենք քսանմեկերորդ դարում ցեղասպանութեան դէմ պայքարի ամենանշանակալի զարգացմանը, որը խոցելի ժողովուրդներին ոգեշնչում է լայն համաշխարհային համագործակցութիւն կառուցել յանցագործների դէմ եւ պայքարել ճշմարտութեան համար՝ ընդդէմ ժխտման, յիշողութեան համար՝ ընդդէմ մոռացութեան, հատուցման համար՝ ընդդէմ անպատժելիութեան, եւ կեանքի համար՝ ընդդէմ մահւան։

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ

23.11.2026 թ.

Related Articles

Back to top button