Արմէն Ռուստամեանը չի բացառում, որ Ադրբեջանը գնայ Հայաստանի դէմ լայնամասշտաբ յարձակման
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուստամեանը նման դիրքորոշում յայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում:
«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ լայնամասշտաբ յարձակման գնա, որ միանգամից իր խնդիրը լուծի: Լոկալ բախումների ընթացքում Ադրբեջանը միշտ հասել է ինչ-որ լոկալ արդիւնքների, բայց այս անգամ, կարծում եմ, որ իրենց խնդիրն աւելի գլոբալ է»,-ասաց Ռուստամեանը:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օրերին սահմանագօտու մի շարք ուղղութիւններում տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից փոփոխական ինտենսիւութեամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղութեամբ: Հայաստանի Ներքին գործերի նախարարութիւնը յայտնել էր, որ ապրիլի 5-ի լոյս 6-ի գիշերը սահմանագօտու հիւսիսարեւելեան հատւածում տեղակայւած ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի անկանոն եւ ոչ նպատակային կրակի հետեւանքով վնասւել են քաղաքացիական ենթակառուցւածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատւածում Սիւնիքի մարզի Տեղ գիւղի հատւածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակւած անկանոն եւ ոչ նպատակային կրակի հետեւանքով վնասւել է նոյն գիւղի տներից մէկի պատուհանը:
Ապրիլի 8-ին եւս Ադրբեջանի զինւած ուժերը կրակել են Սիւնիքի մարզի Արաւուս եւ Խոզնավար բնակավայրերի ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ։ Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար կեղծ տեղեկութիւններ է տարածում հայկական զինւած ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ կրակ բացելու վերաբերեալ: