ԹեհրանՀամայնք

«ԱԼԻՔ»՝ մի լուսեղէն ուղի. 25,000-րդ համարի լուսաւոր խորհուրդը

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր

 

«ԱԼԻՔ»-ը թափառում է ժամանակի վրայով։ Չի հանգչում։ Չի լռում։ Լոյս է բերում՝ բառերի, գաղափարների, ազգային հարազատութեան լոյս։

Երբ «ԱԼԻՔ» օրաթերթը լոյս տեսաւ 1931 թւականին Թեհրանում՝ մի համեստ խմորատառ տպագիրով, գուցէ քիչ էին նրանք, ովքեր կը կարողանային կանխատեսել, որ այս թերթը մի օր կը հասնի իր 25,000-րդ համարին։ Սակայն նա եկաւ, մնաց, կանգուն մնաց։ Եւ այսօր՝ սեպտեմբերեան առաւօտներից մէկում, նրա էջերը պատմում են յամառութեան, մշակութային պատասխանատւութեան, ինքնութեան պաշտպանման պատմութիւն։

 

Լուսանցքում ծնւած լոյսը

«ԱԼԻՔ»-ը ծնւեց այն ժամանակ, երբ հայ համայնքն Իրանում փորձ էր անում վերագտնել իր հաւաքական ձայնը՝ պատմական վիժումներից յետոյ։ Նա դարձաւ ոչ միայն լրատւական աղբիւր, այլեւ՝ հայ գրական խօսքի ամբիոն, մտաւոր յարթակ, յուսալի կապ աշխարհի հետ։

25,000 համարը խօսում է չվերջացող առաքելութեան մասին։ Սա ոչ միայն թերթի համար է՝ սա հաշւետւութիւն է ամբողջ սերունդների նւիրման, ընթերցման, համագործակցութեան, խմբագրական հաստատակամութեան մասին։

 

Լռութեան ու ճնշման մէջ հնչած ձայնը

Իր ուղու մէջ՝ «ԱԼԻՔ»-ը միայն թերթ չի եղել։ Նա եղել է ձայն՝ այն ժամանակ, երբ ձայները լռել էին։ Մատեան՝ երբ պատմութիւնը ջնջւում էր։ Շունչ՝ երբ լեզուն վտանգւած էր։ Նա ուղեկից է եղել Իրանի հայ համայնքի իւրաքանչիւր սերնդի՝ դպրոցից մինչեւ միութիւններ, թաղերից մինչեւ ուսանողներ։ Նա արձագանքել է ազգի ցաւին, յաղթանակին, կորստին եւ յոյսին։

 

Թիւը՝ որպէս խորհրդանիշ

Թիւ 25,000-ը՝ լոկ վիճակագրութիւն չէ։ Այդ թիւը խորհրդանշում է ժամանակի յաղթահարում, յիշողութեան յաւերժացում, մշակոյթի պահպանում։ Այն խորհրդանշում է այն փաստը, որ հայը Իրանում գոյ է, արարող է, մտածող է, գրող է։ Եւ դեռ կարիք ունի խօսելու, լսւելու ու շարունակելու իր պատմութիւնը։

 

Նոր փուլ՝ հին առաքելութեամբ

Այս շրջափուլը նաեւ հրաւէր է։ Հրաւէր՝ նորարարութեանը, թւայնացմանը, երիտասարդացմանը, բովանդակութեան բացարձակ արդիականացմանը։ Թւային «ԱԼԻՔ»-ի ծաւալումը՝ նոր սերնդի լեզւով, նոր ձայներով, նոր թեմաներով, կլինի շարունակութիւն՝ առանց դաւաճանելու հիմքին։

Թերթը պիտի խօսի այսօրինակ հարցերից՝ արդարութիւնից մինչեւ արհեստական բանականութիւն, ժողովրդավարութիւնից մինչեւ մշակութային ժառանգութիւն։ Նա պիտի ապրի նաեւ սոցցանցերում, կայքերում, փոդքաստներում՝ առանց կորցնելու իր պատիւն ու ոճը։

Այսօր՝ 25.000-րդ համարի էջերին հպարտութեամբ կարելի է կարդալ հետեւեալը.

«ԱԼԻՔ»-ը եղել է՝ որովհետեւ ունեցել է ընթերցող։ Ու կը լինի՝ քանի դեռ կայ մի հայ, ով ուզում է մտածել իր լեզւով, երազել իր արժէքներով ու կիսւել իր մտքով։

Թող այս յոբելեանը չլինի միայն յիշողութիւն, այլ՝ խորամուխ ազդակ՝ շարունակելու գրելու, պայքարելու, ապրեցնելու։

Թող «ԱԼԻՔ» շարունակի լինել մեր ոգու փարոսը՝ մեր բառերի մէջ խարիսխ դրած յաւերժութիւն։

Related Articles

Back to top button