ԹեհրանՀամայնքՄշակութային

«ՇԱԼԱԿԱԾ ՏԱՆ» ԿՈՏՐՒՈՂ ԼՌՈՒԹԻՒՆԸ

Բիայնա Մահմուդեանի նոր ներկայացման հետքերով

ՀԱՏԻՍ- «Արարատ»-ի «Կոմիտս»-ում բեմադրութեանը պատրաստւող «Տունս շալակած» ներկայացման չորրորդ պատը նոյն՝ ընտանիք դարձած ընտանիքների պատմութեան կրողների շարքից է:

Բոլոր մարդիկ՝ երիտասարդ թէ տարեց, ունեն մի բնածին ունակութիւն, որն արւտեստի տեսաբաններն անւանում են երեւակայութեան եւ պատկերացման ուժ։ Ուժ՝ մտածելու այնպիսի բաների մասին, որոնք երբեք չենք լսել կամ կարդացել, եւ վերջապէս՝ հասկանալու այնպիսի հասկացութիւններ, որոնք երբեք չենք ունեցել մեր մտքում։

Այստեղ արժէ յիշել, որ պատկերային գործընթացի երեք ճանաչելի տեսակներ կան՝ պատկերների միջոցով մտածելու եւ արտացոլելու կամ պատկերացւած մտածողութիւն, պատկերների մէջ մտածելը դրամատիկական պրակտիկայով եւ, վերջապէս,  պատկերների միջով մտածելը։

Բիայնա Մահմուդեանի հերթական ներկայացմանն է պատրաստւում «Կոմիտաս»-ի բեմը: Նախաձեռնութիւնը Հ. Մ. «Սիփան» միութեան «Մկրտիչ Թաշճեան» թատերախմբինն է, որը փորձում է իրականացնել անւանի ռեժիսորը «Սիփան»-ի հետ իր համագործակցութեան հերթական թատրոնով:

«Տունս շալակած»-ի պիէսի մշակումը Բիայնա Մահմուդեանի աշխատանքն է, որը Շարիս Մելքոմ Աբգարի «Վերջին փրկւածը» վէպի հիման վրայ է իրականացւել:

Դերերում հանդէս են գալիս Անի Զաքարեանը, Էրւին Գալստեանը, Շարիս Մելքոմ Աբգարը, Զօրիկ Շահբազեանը, Լիա Մկրտչեանը եւ Մոնթէ Զոհրաբեանը:

Դերասանական խմբի կողքին բեմ են դուրս գալու «Արարատ» պարախմբից՝ (այբենական կարգով) Անուշիկ Աբդալեանը, Լանա Աւանէսին, Վեդի Նազարին, Մինէ Հաթամեանը, Մեղեսիկ Հախվերդեանը, Ալմարա Շամիրեանը, Գայիանէ Շահնազարեանը, Լինէթ Սարգսեանը, Էլին Վարդանեանը,  Ռոնի Վարդանեանը, եւ Շարա Վարդանեանը:

Միւս բաժիններում՝ խորէոգրաֆը՝ Վեդի Բ. Նազարի, Ալմարա Շամիրեանի եւ Լինէթ Սարգսեանի:

Զգեստաւորումը՝ Անուշ Յովհաննիսեան: Բեմայարդարումը՝ Թադէ Թորոսեանի, Անուշ Յովհաննիսեանի:

Լուսաւորումը՝ Աբէթ Նազարեանի: Ձայնի եւ Երաժշտութեան պատասխանատու՝ Վահագն Շահվերդեան:

Ներկայացումը բեմ դուրս կը գայ մայիսի 8 եւ 9-ին, ինչպէս նաեւ մայիսի 15 եւ 16-ին:

Ներկայացման պաստառը

Թատրոնի պաստառը, որպէս ներկայացումից անջատ արւեստի ձեւ, ձեռք է բերել դրամատիկական կառուցւածք եւ մեծ ճանապարհ է անցել պատմողականութեան եւ հանդիսատեսի վրայ ազդեցութիւն գործելու գործում:

Եթէ ​​ընդունենք, որ դրաման երկու կերպարների միջեւ ակտիւ վարքագիծ է, եւ որ դրամատիկ իրադարձութիւնը ակտիւ վարքագծի մի մասն է, կը տեսնենք, որ դրամատիկական ստեղծագործութիւնների այսօրւայ պաստառները նոյնիսկ գերազանցել են տեքստը՝ իրադարձութիւններ ստեղծելով։

Մէկ կադրում եւ սահմանափակ տարածքում դիզայները պէտք է ստեղծագործութեան մէջ ներառի պիէսի բոլոր տարրերը՝ տեքստային, բեմական եւ ռեժիսորական խորհրդանիշները՝ թէ՛ տեսանելի, թէ՛ թաքնւած, միաժամանակ ունենալով իր ուրոյն ոճը՝ որպէս գեղագիտականօրէն անկախ ստեղծագործութիւն։ Չնայած գծւած պաստառում ենթագիտակցաբար դիտողի մօտ ստեղծւում է հումորային երանգ, սակայն անմիջապէս վերածւում է հեգնանքախառն ճակատագրով պատմութեանը, ինչը կարող է գալ Ցեղասպանութիւնը յիշեցնող իւրաքանչիւր էլեմանից:

Պաստառը պատրաստել է Ռեբեքա Մահմուդեանը, իսկ պաստառի գծապատկերի հեղինակը՝ Շարիս Մելքոմ Աբգարն է:

 

Պարային կատարումները թատրոնում

Պարային կատարումներով ներկայացումների մասին Ալբերտ Բեգջանեանը նշում է, որ մոնտաժային տեխնիկան, որը կազմում է պարային թատրոնի կառուցւածքի հիմքը, առանձին տարրերի միջեւ կապերի ստեղծումն է՝ առանց դրանց հակասութիւնները վերացնելու։

Իրավիճակի իմաստային լարը ձգւում է մինչեւ Բրեխտային կէտադրութիւն: Այս կերպ, աշխատանքում ստեղծւում են կոլաժային ընդհատումներ, որոնք առաջացնում են գեղագիտական ​​​​որակի տեսք: Մոնտաժը, որն օգտագործում է իւրաքանչիւր ստեղծագործութեան գեղարւեստական ​​տարրերի անկախ էութիւնը, բաց է պահում ընկալման յատկանիշը, ինչն այս հնարքի կիրառման հիմնական պայմաններից մէկն է, ստեղծագործութեան անաւարտ բնոյթն ու ներկայացման բազմակողմանիութիւնով դիտողին տալիս է գործը հասկանալու բազմազան հնարաւորութիւններ:

Թատրոնի եւ պարի համակցւած արւեստի ստեղծագործութիւնն սերտօրէն կապւած է գեղագիտական ​​եւ տեսական մեկնաբանութեան որոշակի ուղղութեան հետ։ Այն տարբեր ոլորտներում իմացութեամբ օժտւած գործիքակազմերի սիմֆոնիա է, որը երաժշտութիւն կը դառնայ միայն գիտակից դիրիժորի առկայութեամբ: Իսկ «Տունս Շալակած»-ը Բիայնայի երկրոդ գործն է նոյն ֆիլարմունիայի ձեւաչափով, եթէ առաջինը համարելու լինենք նրա «Հին Աստւածները» բեմականացումը:

Արւեստում  իդէալականն ու օբիեկտիւութիւնը պէտք է հասնեն միասնութեան տալով հարմոնիայի հասնելու հնարաւորութիւն դերակատարներին։ Այս առումով պէտք է նշել, որ ռիթմային ունակութեամբ փայլող «Արարատ» պարախմբի սաները տեղն ու տեղը ներարկում են տեսարաններին մէկ՝ սարսափ ու սարսուռ, մէկ՝ ցնցումներով ուղեկցւող դիալեկտիկ իրավիճակ, ինչից լաւագոյնս օգտւել գիտի Բիայնա Մահմուդեանը, երազանքներն ու միայն մտքում պատկեր դարձող տեսարանների իր պատմողականութեամբ:

Անտուան Արտօն այս կապակցութեամբ նշել է. «Նա, ով մոռացել է նշանների կախարդական եւ հմայիչ ուժը, կարող է ծանօթանալ դրանց հետ թատրոնի միջոցով:  Ես առաջարկում եմ թատրոնի մի ձեւ, որտեղ հզօր, ֆիզիկական պատկերները հիպնոսացնում են հանդիսատեսին, որը խճճւած է գերմարդկային ուժերի փոթորկի մէջ։ Թատրոն, որն օգտագործում է հոգեբանութիւնը՝ մեզ ցոյց տալու համար տարօրինակ աշխարհը։ Թատրոն, որը, ինչպէս դերւիշների պարը, մեզ մօտ ստեղծում է էքստազի վիճակ եւ, թիրախաւորելով որոշակի մարդկային օրգանիզմներ, մեզ վրայ ազդեցութիւն է թողնում ինչպէս որոշ ժողովուրդների հոգեթերապեւտիկ երաժշտութիւնը, որը մենք մեծ հետաքրքրութեամբ լսում ենք, բայց չենք կարողանում ստեղծել ինքներս մեր մէջ»։

Related Articles

Back to top button